Ա Պ Խ Տ Ա Ծ Ձ Ո Ւ Կ ` Ա Ն Վ Ճ Ա Ր

Սա պատահել է Գերմանիայում, երբ զանգվածային գործազրկություն էր տիրում։ Բեռլինի փողոցներում փչում էր հարավային ցուրտ քամին։ Անուշադրության մատնված փողոցի կեղտոտ անկյունում կանգնած
էր հին ձմեռային վերարկուով մի տղամարդ։ Փողոցի մյուս կողմում մի փոքրիկ տղա էր վազում՝ զամբյուղով լիքը ապխտած ձուկ տանելով։

 Նա բարձր բղավեց.
– Ձո՜ւկ, ձո՜ւկ, երեք հատը` երեսուն փենի։ Աղի ձուկ, համեղ և էժան, երեք հատը ընդամենը երեսուն փենի։
Բարձր բղավելով նա՝ վազեց փողոցի երկայնքով, ապա, հետ շրջվելով, մոտեցավ փողոցի անկյունում կանգնած տղամարդուն: Վերջինս մտածեց, որ այդ պատանին դեմ չի լինի զրուցել իր հետ։
– Ի՞նչ կասեք այս ձկների մասին, սիրալի՛ր պարոն։ Տղան մեկնեց նրան երեք ձուկ։ Նա խնդրեց, որ տղամարդը հոտ քաշի նրանցից։ Բայց վերջինս մերժեց պատանու առաջարկը։
– Եվ էժան է, ճի՞շտ է,- շարունակեց տղան։ Տղամարդն ասաց, որ ապխտած ձուկը և՛ էժան է, և՛ համով։
– Բայց ինչո՞ւ ես չեմ կարողանում ազատվել նրանցից։ Մեկուկես ժամ է, ինչ քաղաքով մեկ վազում եմ, և ոչ
ոք դեռ չի գնել։
– Դա ինձ չի զարմացնում,- ասաց տղամարդը,

– այսմարդիկ ընկել են դժվարության մեջ. նրանք ո՛չ փող ունեն, ո՛չ՝ գործ։
– Ուրեմն ես սխալվել եմ,- բարձրաձայն մտածեց տղան։
– Ինչքա՞ն ես դու գնահատում այս ամբողջ զամբյուղը,- հանկարծ հարցրեց տղամարդը։
Տղան արագ հայացք նետեց նրա վրա, հետո ուշադիր զննեց զամբյուղի պարունակությունը և, հաշվարկելով, հարցրեց.
– Ուզում եք իմանալ՝ ինչքա՞ն կաշխատեմ։
– Ասենք թե…
– Զամբյուղի համար իննը մարկ եմ ուզում։
– Գերազանց է,- ասաց տղամարդը,- ահա քեզ իննը մարկ, բայց ձուկը կարող ես թողնել քեզ։
– Բայց ի՞նչ անեմ սրանք։
– Կանգնիր անկյունում և բարձր բղավիր. «Ապխտած ձուկ, անվճար»։ Տուր բոլորին, մինչև վերջանա։
Այս լսելով՝ տղան նայեց դրամներին. դրանք իսկական էին, և նա գոհունակությամբ փողը դրեց գրպանն ու
նայեց տղամարդուն։
– Ի՞նչ պատահեց,- ասաց վերջինս։ – Ձկների հետ ինչոր բան այն չէ՞։
– Ո՛չ, ձկների հետ ամեն ինչ լավ է,- փնթփնթաց դժգոհ պատանին։
– Դու իմ հանձնարարությունը կատարելու ցանկություն չունե՞ս։ Ուրեմն, վերադարձրո՛ւ իմ գումարը,- պա-
հանջեց տղամարդը։
– Ո՛չ, ո՛չ,- արագ ասաց տղան և վազեց փողոց՝ գոռալով ամբողջ ուժով, – անվճար ձուկ, անվճար ձուկ։
Տղամարդը կանգնել էր իր տեղում և հետևում էր տղային, թե ինչպես է նա փորձում ազատվել ձկներից։ Առաջին տան պատուհանից երևաց նիհար, տանջված մի կին։
– է՜յ, ժողովուրդ,- բարձրաձայն գոռաց փոքրիկ վաճառողը,- ձուկն անվճար է, հարմար առիթ է, մի՛ ամաչեք, վերցրե՛ք։ Կինը կասկածանքով շարժեց գլուխը և կորավ վարագույրի ետևում։
– Ա՜յ, անխելք,- ասաց տղան,- գոնե բոլորը նրա նման չլինեն։
Փոքրիկ մի երեխա դուրս եկավ փողոց ու զարմացած նայեց վաճառականին։
– Արի այստեղ, փոքրի՛կ, ձուկ վերցրու քեզ և մայրիկիդ համար և ասա նրան, որ դա ոչինչ չարժե. այսօր
անվճար է։ Բայց երեխան վախեցած փախավ տուն։ Այդպես երկար ժամանակ վաճառականը ընտիր ձկներով լի զամբյուղը ձեռքին քայլում էր փողոցով, բղավում ամբողջ կոկորդով մեկ, որ ապխտած ձուկն անվճար է։ Բայց ոչ ոք ձուկ չվերցրեց։ Մարդիկ թերահավատությամբ երես էին թեքում վաճառականից։
– Շատ լավ,- հանգիստ ասաց տղամարդը, երբ տղան նրան վերադարձրեց լիքը զամբյուղը։
– Լա՞վ,- զարմացավ տղան։- Պետք է խոստովանեմ, որ երբ դուք վճարեցիք այս ձկան համար, որը ձեզ բոլորովին պետք չէ, ես մտածեցի, որ դուք խենթացել եք։ Այժմ ես հասկացա, որ այս մարդիկ ձեզ նման են։ Ի՞նչ անեմ ես այս ձկների հետ, որոնք ո՛չ ձեզ են պետք, ո՛չ էլ նրանց։
– Հիմա մենք միասին կփորձենք,- պատասխանեց տղամարդը։
Նրանք երկուսով գնացին փողոցներով` հերթով կանչելով. «Ձուկն անվճար է, ո՞վ է ուզում ընթրիքի համար»։ Հենց որ մարդիկ լսեցին տղամարդու սիրալիր ձայնը, միանգամից շրջապատեցին զամբյուղը։ Մեկ ակնթարթում զամբյուղը դատարկվեց։ Քաղցած ամբոխի մեջ երջանիկ դեմքեր երևացին։ Իր իսկ դանդաղկոտության վրա բարկացած՝ մի այլայլված կին հարձակվեց նրանց վրա. «Ինչո՞ւ ինձ ոչ մի հատ չհասավ, ի՞նչ է, ես ուրիշներից վա՞տն եմ։ Մի՞թե իմ երեխաները սոված չեն»։ Տղամարդը չհասցրեց պատասխանել, երբ տղան միջամտեց.
– Տեսե՛ք, պարո՛ն, դա այն նույն կինն է, որին ես առաջինն առաջարկեցի ձուկը, բայց այն նրան պետք չէր։
– Ո՛չ, դա այդպես չէ,- արագ ասաց կինը,

– ես ուղղակի չհավատացի, որ դու ձուկը անվճար ես տալիս։
– Հենց դրա համար էլ դուք ոչինչ չստացաք,- ընդհատեց տղան և, տղամարդուն ջերմորեն հրաժեշտ տալով,
շարունակեց իր ճանապարհը։

«Փրկությունն ու հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսն առաջարկում է ձրի։ Երանելի է նա, ով կհավատա»։ Ամեն։

Նյութը՝ Բարի Լուր Ամսաթերթ/Հունվար, 2010թ