ԻՄ ՀԱՅՐՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԳԱԼՈՒ Է ՄԵՐ ՀԵՏԵՎԻՑ

Հայրն ամեն օր որդու ձեռքը բռնած՝ նրան տանում էր դպրոց:
– Հայրի՛կ, դու ինձ ամեն օր բերում ես դպրոց, սակայն երբեք չես գալիս դպրոցից տուն տանելու, խոստացի՛ր, որ այսօր գալու ես իմ հետևից…
Հայրը, մեկ վայրկյան մտածելով, պատասխանում է.
– Խոսք եմ տալիս, տղա՛ս, այսօր ես եմ գալու քո հետևից, այսօր ես եմ քեզ տանելու տուն:
Այդ օրը 1988 թվականի դեկտեմբերի 7-ն էր: Երկրաշարժ:
Հայրը, որ այդ պահին գտնվում էր դրսում, կարողացավ խույս տալ աղետից, բայց նրան տանջում էր այն, ինչ տեսնում էր շուրջբոլորը… մահացած մարդիկ, փլատակների վերածված շենքեր ու հազարավոր մարդկանց լացակումած աղաղակներ…
Բայց նրան տանջում էր նաև այն միտքը, որ տղան դպրոցում է, և ինքն էլ խոսք է տվել գնալ նրա հետևից:
Սարսափած այս ամենից՝ հայրը վազում է դեպի դպրոց. պետք է ամեն գնով փրկեր իր զավակին…
Հասնելով դպրոցի մոտ՝ տեսնում է հիմնովին քանդված, գետնին հավասարեցված քարակույտեր. դա դպրոցն էր: 

images (1)

 Արցունքներն սկսում են ավելի ու ավելի արագ հոսել աչքերից. «Ես պետք է գտնեմ տղայիս, ես նրան խոսք եմ տվել». կրկնում էր նա ու փնտրում մոտավոր այն վայրը, որը կարող էր իր տղայի դասարանը լինել: Նա բարձրանում էր այդ ավերակների վրա ու սկսում այս ու այն կողմ հրել քարաբեկորներն ու քանդված պա֊տերը:
– Այդտեղ բոլորը մահացած են, ավելի լավ է եկե՛ք այստեղ, դեռ կենդանի մարդիկ կան, եկե՛ք նրանց փրկենք,- գոչում էին կողքի շինության վրա աշխատող փրկարարները:
– Ո՛չ, իմ տղան այստեղ է, նա կենդանի է…
Հայրը շարունակում էր փնտրել որդուն: Անցել էր մոտ 6 ժամ: Հոր մատները ցրտից և փլատակներ տեղաշարժելուց ամբողջությամբ արյունլվա էին եղել, բայց նա չէր հանձնվում, նա ուներ նպատակ՝ պետք է որդուն փրկեր: Անցավ 12 ժամ, 24, 36…
Նա շարունակում էր փնտրել, երբ հանկարծ նկատեց մի փոքրիկ անցք:
– Արմա՜ն, Արմա՜ն,- գոչում էր նա ամբողջ ուժով:
Ու հանկարծ այդ մութ ու փոքր անց֊քից լսելի դարձավ որդու աղաղակը.
– Հայրի՜կ, դու եկար…
– Արմա՛ն, դու ողջ ես, ինպե՞ս ես, տղա՛ս:
– Լավ եմ, հայրի՛կ, ես սոված եմ…
Դա դեպի նկուղ տանող անցք էր: Հայրը, փորձելով ավելի ու ավելի մեծացնել այն, մեկնում է ձեռքը.
– Արի՛, տղա՛ս, մենք տուն ենք գնում:
– Ո՛չ հայրիկ, սպասի՛ր, իմ ընկեր֊ներն էլ են այստեղ… Մենք սոված ենք… Այս ողջ ընթացքում ես նրանց հանգստացնում էի ու ասում. «Մի՛ անհանգստացեք, իմ հայրը գալու է իմ հետևից»:
Այսպիսին է նաև մեր Երկնային Հայրը, Նա անպայման գալու է մեր հետևից, պարզապես հավատացե՛ք ու երբեք մի՛ կորցրեք ձեր հույսն ու սրբությունը: