Սուրբ Ծննդյան նվերը

Հովիվ Գրիգորին շատ անգամ է քարոզել բանտում, որտեղ կան շատ վտանգավոր կրկնահանցագործներ: Այսպես են անվանում նրանց, ովքեր ծանր հանցագործությունների համար նախատեսված պատիժը կրելուց հետո չեն զղջում և կրկին հանցանքներ են գործում: Որոշ ժամանակ անց հովիվը նկատեց, թե ինչպես են դահլիճում հավաքված բանտարկյալներն սկսում ավելի ուշադիր լսել Աստծո Խոսքը:
Հավաքույթներից մեկի ժամանակ եղբայր Գրիգորին նկատց վերջին շարքում նստած բթացած դեմքով ու մարած հայացքով մի խոժոռ ու մռայլ, բարձրահասակ մարդու: Նա անտարբեր նայում էր հովիվ Գրիգորիին` երբեմն հեգնանքով քմծիծաղելով: Թվում էր, թե ոչ մի անկեղծ խոսք չի կարող թափանցել նրա թերահավատ սիրտը: Այդ ժամանակ Գրիգորի եղբայրն, ավարտելով քարոզը, բեմից իջավ դահլիճ, մոտեցավ նրան ու հարցրեց.
– Դուք ուզո՞ւմ եք, որ ձեզ համար աղոթեմ:
– Ես դրա կարիքը չունեմ,- հեգնանքով ժպտաց նա:
Մյուս բանտարկյալները ծիծաղով հավանություն տվեցին նրա ասածին: Հովիվը հասկացավ, որ այս բանտարկյալը մեծ հեղինակություն ունի և իր վատ արարքով խանգարում է մյուսներին, չի թողնում, որ ընդունեն Աստծու Խոսքը: 

– Դուք խախտեցիք կանոնները,- քարոզչին ճանապարհելիս ասաց բանտապետը,- դահլիճ իջնելը և բանտարկյալներին մոտենալն արգելվում է. դա շատ վտանգավոր է, որովհետև նրանցից ամեն բան կարելի է սպասել:
– Իսկ ի՞նչ է այդ բանտարկյալի անուն-ազգանունը,- հարցրեց քարոզիչը:
– Պյոտր Օրլով,- պատասխանեց բանտապետը,- նա վերին աստիճանի սրիկա է և բան֊տարկյալների մոտ համարվում է «գեներալ»: Նա բանտարկյալներին տրամադրում է վարչության ու բոլոր դաստիարակչական միջոցառումների դեմ:
Հենց այդ ժամանակ զրուցակիցներին մոտեցավ հին վերարկուով մի նիհարիկ աղջիկ, որը ձեռքում թխվածքաբլիթների մեծ տուփ ուներ:
– Ներեցե՛ք, դո՞ւք եք բանտապետը,- հարցրեց նա սպային:
– Այո՛,- զարմացած պատասխանեց փոխգնդապետը և հարցրեց,- իսկ դու ի՞նչ ես ու֊զում:
– Երկու շաբաթ առաջ մայրս մահացավ: Մահանալուց առաջ նա ինձ ասաց ողջ ճշմարտությունն այն մասին, որ հայրս` Պյոտր Օրլովը, բանտարկված է այստեղ: Ես մտածեցի` գուցե նա կցանկանա տեսնել իր փոքրիկ դստերը…
Աղջկա խոշոր, մոխրագույն աչքերը լցվեցին արցունքով, և նա խնդրեց.
– Թո՛ւյլ տվեք տեսնել իմ հայրիկին, ուզում եմ այս թխվածքաբլիթները տալ նրան. սրանք մորս թաղումից հետո են մնացել, և ուզում եմ, որ սա լինի նվեր, չէ՞ որ վաղը Սուրբ Ծննդյան տոնն է:
– Դա անհնար է,- ասաց բանտապետը,- Պյոտր Օրլովն իր վատ վարքի պատճառով զրկված է տեսակցության հնարավորությունից:
Արցունքներն սկսեցին հորդել աղջկա աչքերից: Սեղմելով շրթունքները, որ չհեկեկա` նա սկսեց խնդրել բանտապետին.
– Եթե ես լինեի ձեր աղջիկը, իսկ դուք նստած լինեիք բանտում, և ձեր աղջկա մայրը մահանար, նրան թաղեին հարևանները, այդ փոքր աղջկան տանեին մանկատուն ու ոչ ոք նրան չսիրեր, ի՞նչ եք կարծում, այդ աղջիկը չէ՞ր ուզի տեսնել իր հորը, որին երբեք չի տեսել, և տալ նրան Սուրբ Ծննդյան նվերը:
– Պարո՛ն փոխգնդապետ,- բանտապետին դիմեց հո֊վիվ Գրիգորին, ում աչքերում նույնպես արցունքներ կային,- թույլ տվեք այս տեսակցությունը, խնդրում եմ: Դա շատ է պետք բոլորին, հատկապես Պյոտր Օրլովին: Թող Աստված ձեզ օրհնի:
Հովվի խոսքերում այնքան համոզվծություն կար, որ բանտապետը համաձայնեց:
– Ես իմ ամբողջ ծառայության ընթացքում առաջին անգամ փոխեցի որոշումս, բայց մենք պետք է ուղեկցենք այս աղջնակին:
– Անպայման,- համաձայնեց հովիվը և, բռնելով աղջկա ձեռքը, մոտեցավ տեսացու֊թյան սենյակին:
Երբ Օրլովին բերեցին, նա զարմացած նայեց աղջկան, բանտապետին ու հովվին:
– Սա քո դո՞ւստրն է,- հարցրեց բանտապետը:
– Այո՜, հայրի՛կ, ես քո դուստրն եմ, և ես քեզ համար Սուրբ Ծննդյան նվեր եմ բերել:
Աղջիկը մեկնեց նվերը.
– Այս նվերը նաև մայրիկի կողմից է, որովհետև այս թխվածքը մնացել է նրա թաղումից:
Օրլովի դեմքը ծածկվեց կարմիր բծերով, իսկ դեմքի մեծ սպին գունաթափվեց:
– Ի՞նչ էր քո մայրիկի անունը,- խռպոտ ձայնով հարցրեց նա աղջկան` շատ զգույշ վերցնելով փաթեթը:
– Լյուսյա,- պատասխանեց աղջիկը,- դու ինչո՞ւ մեր նամակներին չէիր պատասխանում:
– Իսկ ազգանո՞ւնը,- նորից հարցրեց Օրլովը:
– Պուստիրնիկովա, ինչպես և իմը:
– Քանի՞ տարեկան ես:
– Շուտով` վեց:
– Իսկ ո՞ր գյուղում ես ապրում:
– Ես հիմա մանկատանն եմ:
– Փախե՞լ ես:
– Ես թաքնվեցի ավտոբուսի վերջին նստարանի ետևում:
– Իսկ քո անունն ի՞նչ է:
– Լյուդմիլա:
– Քեզ ո՞ր գյուղից են մանկատուն տարել:
– Օլխովիկից: Մայրս խնդրել է փոխանցել, որ ինքը քեզ շատ է սիրել և սպասել: Մենք քեզ համար աղոթում էինք: Օլխովկայում աղոթքատուն է բացվել: Մայրիկին հավատացյալները թաղեցին: Նրանք ուզում էին ինձ էլ վերցնել ու պահել, բայց գյուղխորհուրդը որոշեց ինձ ուղարկել մանկատուն: Հավատացյալներն ինձ չեն մոռացել և այցելում են:
Օրլովը արցունքները թաքցնելու համար շրջվեց ու հարցրեց.
– Ինչի՞ց մահացավ մայրդ:
– Նա մնացել էր առանց աշխատանքի: Հանրակացարանում շատ ցուրտ էր, այդ պատճառով հիվանդացավ: Նա մտածում էր, թե դու կգաս: Մայրիկն ինձ ասում էր, որ դու գնացել ես արտասահման` գումար վաստակելու:
Օրլովն ավելի խոնարհվեց: Լյուդոչկան, հովիվը և բանտապետը տեսան, թե ինչպես արցունքները թափվեցին գետնին:
– Վաղը Սուրբ Ծնունդ է,- շարունակեց աղջիկը,- գիտե՞ս, հայրի՛կ, որ այդ օրը ծնվել է Հիսուս Քրիստոսը: Նա փրկելու է մեղավորներին:
Օրլովը ոչ մի խոսք չէր կարողանում արտաբերել և արդեն այդտեղ բոլորի ներկայությամբ լաց էր լինում:
– Հայրի՛կ,- աղջիկը մոտեցավ հորը և շատ քնքշորեն գրկեց նրա գլուխը,- մայրիկը խնդրել է, որ սա տամ քեզ:
Լյուդոչկան գրպանից հանեց թաշկինակը, բացեց այն և պարզեց հորը.
– Սա մայրիկի մազերի փունջն է, նա էլ ինձ նման շիկահեր էր: Մայրիկն ինքն է կտրել այդ փունջը: Վերցրո՛ւ, հիշատակ է:
Բանտապետը նրանց ասաց.
– Դուք այստեղ երկուսով զրուցեք, իսկ մենք գնանք կարգադրելու, որ ձեր տեսակցությունը երկարացնեն և երկու բաժին տոնական ընթրիք բերեն:
– Այո՛, այսօր երկնքում նույնպես տոն է,- ուրախ ասաց հովիվը:
– Շնորհակալ եմ ձեզնից,- իր երախտագիտությունը հայտնեց Պյոտրը,- ես կփոխվեմ, հիմա ես հավատում եմ, որ Աստված իրոք գոյություն ունի: Առաջ ես ոչ ոքի չէի հավատում, մտածում էի, թե Լյուսկան խաբում է ինձ: Հիմա ես գիտեմ, թե ում համար պետք է ապրեմ: Դուք թույլ կտա՞ք տեսակցել աղջկաս հետ:
– Դա կախված է ձեր վարքից,- պատասխանեց բանտապետը:
– Վարքս գերազանց կլինի:
– Դու դեռ երկու տարի ունես:
– Ես վաղաժամ ներում կվաստակեմ,- պատասխանեց Օրլովը:
– Թո՛ղ Աստված ձեզ օգնական լինի,- ասաց հովիվը և Լյուդոչկային դրամ տվեց.- սա քեզ Սուրբ Ծննդյան նվեր և ճանապարհածախս: Եթե ուզում ես, քեզ դարպասների մոտ կսպասեմ, և մենք միասին ավտոկայան կգնանք:
– Մի՛ անհանգստացեք, մեր հերթապահ ավտոմեքենան ձեզ և աղջկան կտանի: Դուք վաղը կգա՞ք Սուրբ Ծննդյան տոնի առթիվ քարոզելու,- հարցրեց բանտապետը:
-Եթե թույլ տաք, մենք ավետարանչական խմբով կգանք,- պատասխանեց հովիվը:
– Անպայման:
– Կարելի՞ է, որ ես գիշերը ձեր լավ բանտում անցկացնեմ,- պայծառ դեմքով հարցրեց աղջիկը:
– Ավելի լավ է` գնանք մեր տուն,- առաջարկեց հովիվը,- իսկ վաղը նորից կգանք այստեղ: Միայն թե մենք պետք է զանգենք մանկատուն, որպեսզի չանհանգստանան:
– Շնորհակալ եմ ձեզնից,- իր երախտագիտությունը հայտնեց Օրլովը:
– Շնորհակալ եղեք Աստծուց, որ ձեզ այսպիսի դուստր է պարգևել,- պատասխանեց բանտապետը:
Հաջորդ օրը հովիվ Գրիգորին բանտարկյալներին բաժանեց հավատացյալների ուղարկած նվերները` գրպանի Աստվածաշունչ, թաշկինակներ, գուլպաներ և թխվածք: Բեմի մոտ, առաջին շարքումմ դստեր հետ նստած էր Պյոտր Օրլովը: Դահլիճում առանձնահատուկ լռություն էր տիրում: Երբ հովիվը զղջման աղոթքի հրավիրեց նրանց, ում սրտի դուռն Աստված թակել է, առաջինը բեմ բարձրացավ և ծունկի եկավ Պյոտր Օրլովը, իսկ նրա դուստրը դահլիճից երջանիկ ժպտում էր հորը:

“Слово Христианина”, 2005г. н. 4