«Ահա կույսը կհղանա և որդի կծնի և նրա անունն Էմմանուել կկանչեն, որ թարգմանվում է` Աստված մեզ հետ»: Եսայի 7:14, Մատթ.1:23

«Ահա կույսը կհղանա և որդի կծնի և նրա անունն  Էմմանուել կկանչեն, որ
թարգմանվում է` Աստված մեզ հետ»:
Եսայի 7:14, Մատթ.1:23

Այս մարգարեական խոսքը Եսայի մարգարեի միջոցով եղել է Քրիստոսի ծննդից մոտ 700 տարի
առաջ: Այն կազմված է երկու մասից`
1) «Ահա կույսը կհղանա և որդի կծնի»
Սա իրականացումն էր Եդեմի այգում մարդու մեղսագործությունից հետո սատանային ուղղված Աստծո Խոսքի, որի
համաձայն` կնոջ սերունդը նրա «գլուխը ջախջախելու է» (Ծննդ. 3:15):
Ադամի սերնդից եղողը, որն իր մեջ ուներ մեղքի բնությունը, չէր կարող հաղթել մեղքին ու սատանային: Մեղքը վերցնելու և մեղավորին արդարացնելու համար Աստծո ծրագիրը կատարող անձը միմիայն պետք է աշխարհ գար ոչ թե մարդկային սերմից, այլ Աստծո անմիջական ներգործությամբ, անբիծ և անարատ` առանց մեղքի: Աստված իր ծրագրի իրականացման համար ընտրեց կույս Մարիամին (Մատթ.1:18-25): Մարիամը Սուրբ Հոգուց հղիացավ և ծնեց Հիսուսին:
Հռովմ.8:3 խոսքում գրված է. «Որովհետև այն, որ անկա-
րելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված
իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով և մեղքի
համար` մեղքը դատապարտեց այդ մարմնում»: Ուշադրություն դարձնենք, այստեղ չի ասվում «մեղքի մարմնով», որը Ադամից է ժառանգված, այլ` «մեղքի մարմնի նմանությամբ»:
2) «Նրա անունն Էմմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ»
Մատթ. 1:18-21 խոսքերից հետո ասվում է. «Եվ այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռքով ասվածը, որն ասում է…» (Մատթ. 1:22): Նախ և առաջ Էմմանուել անունը խոսում է Հիսուս Քրիստոսի աստվածության մասին` «Աստված մարմնով հայտնվեց» (I Տիմ.3:16), «…Նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը» (I Հովհ.5:20), և երկրորդ` այդ անունը խոսում է մեր փրկության մասին: Այդ անունը բացում է Աստծո միածին Որդու` Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու խորը իմաստը. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածին Որդուն ուղարկեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Հրեշտակը Հովսեփին ասաց, որ Մարիամը «որդի կծնի և նրա անունը Հիսուս դնես. որովհետև նա իր ժողովրդին կփրկե իրենց մեղքերից» (Մատթ. 1:21): Հիսուս Քրիստոսը «իր անձը փրկանք տվեց մեզ համար (Մարկ. 10:45, Ա Տիմ. 2:6), «Աստծո շնորհքով մեր ամենի
համար մահ ճաշակեց» (Եբր. 2:9), մեր փրկության համար ամեն բան կատարեց (Հովհ. 19:30): Քրիստոսի արյամբ ջնջված են մեր մեղքերը, մենք արդարացած ենք և Աստծո հետ ունենք հաղորդակցություն (Ա Հովհ. 1:3): Էմմանուել անունը ասում է, որ մենք Հիսուս Քրիստոսով մտնում ենք Աստծո ներկայության մեջ, ունենք հավիտենական կյանք:
«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Այս օրերին քրիստոնյաները հիշում են և տոնում Քրիստոսի ծնունդը: Այս տոնը մեզ համար անձնաքննություն է. բա՞ց են արդյոք մեր սրտերը Շնորհքի առջև, Քրիստոսը բնակվո՞ւմ է մեր սրտերում, սիրո՞ւմ ենք Նրա հայտնությունը (Բ Տիմ.4:8):
Թող Աստված օրհնի, որ 2010 թվականը բոլորիս համար լինի նոր տարի, նոր օրհնությունների տարի, հոգևոր արթնության տարի:

Սամվել Զաքարյան եպիսկոպոս