Աջ կամ ձախ շեղումների մասին

Մենք` քրիստոնյաներս, պետք է հասկանանք, որ մեր պայքարը ոչ թե մարդու, կազմակերպության, կամ էլ որևէ ազգի, այլ` չար ոգիների ու սատանայի դեմ է: Եվ քանի որ մեր պայքարը մարդու դեմ չէ, ուստի մենք մտադիր չենք պայքարել որևէ մեկի դեմ:

II Օրինաց 28:14-ում ասվում է. «օտար աստվածների ետևէ երթալու համար աջ կամ ձախ չշեղվես»: Եթե քննենք այս երկու` աջ կամ ձախ շեղումները, կտեսնենք, որ երկու շեղումների հիմքում էլ միևնույն բանն է ընկած: Աջ կամ ձախ շեղումները արտաքինից կարող են տարբեր թվալ, բայց երկուսն էլ ունեն նույն էությունը: 

Աստված հրեա ժողովրդին ասում է, որ օտար աստվածների ետևից գնալու ու նրանց երկրպագելու համար աջ կամ ձախ չշեղվեն, բայց այդ ժողովուրդը շեղվում էր ուղիղ ճանապարհից` հակառակվելով Սուրբ Հոգուն: 

Այսօր թե՛ մուսուլմանական երկրները, որոնք ունեն մարդուն սահմանափակող խիստ օրենքներ, և թե՛ արևմուտքի երկրները, որտեղ խոսվում է «մարդու իրավունքների և ազատության» մասին, շեղված են Աստծո ճանապարհներից: Նրանք երկուսն էլ մերժում են Աստծո Շնորհքը: Առաջին դեպքում շեղվողները գաղատացիների նման խրվել են «կարելիների և չի կարելիների»` օրենքների մեջ, իսկ երկրորդ դեպքում, ինչպես Հուդայի թուղթն է ասում` շնորհքը դառնում է անառակության ծածկոց: Հասկանալի է, որ այս երկու շեղումների հիմքում նույն բանն է ընկած, այն է` մերժել երկնքից տրված Աստծո Շնորհքը: Կարևոր չէ, թե որ կողմ է շեղվում մարդը` աջ, թե ձախ. կարևորն այն է, որ երկու դեպքում էլ շեղվում է Աստծո ճանապարհներից: 

II Տիմոթեոս 1:9-10 խոսքն ընդգծում է հետևյալ միտքը, որ շնորհքը մեզ տրվեց Քրիստոս Հիսուսով հավիտենական ժամանակներից առաջ: Այստեղից հասկանում ենք, որ Աստծո ծրագիրը սկզբում էլ` հավիտենական ժամանակներից առաջ, եղել է Իր Շնորհքը: Սա էր Աստծո ծրագիրը: Բայց որտեղի՞ց և ինչո՞ւ եկավ Օրենքը, ի՞նչ կատարվեց: Պատճառը սա էր. ծրագրի մեջ վթար տեղի ունեցավ, և վթարի հեղինակն Ադամն էր: Ադամը մեղք գործեց ու կորցրեց իր  հոգևոր տեսողությունը: Ադամն ստեղծված էր Աստծո պատկերով, նշանակում է` նա Աստծո Շնորհքն ունենալու հնարավորություն ուներ, բայց չընդունեց այն: Եվ թեև Ադամը չընդունեց Աստծո Շնորհքը, բայց երկրորդ Ադամի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մենք նորից հնարավորություն ունեցանք ընդունելու այն: Մարդու մեջ ի սկզբանե հավիտենական կյանք ունենալու փափագ կա, և այդ փափագը չվերացավ Ադամի անկումով: 

Ադամի անկումով կուրացան մարդու հոգևոր աչքերը. մարդը նայում է մահին` ասում է կյանք, նայում է կյանքին`ասում է մահ: Մարդն արդեն չի տեսնում, որ իր հոգում ընտրություն է կատարել` մերժել է Աստծո Շնորհքը: Ինչպե՞ս անել, որ մարդը հոգևորապես տեսնի: Դրա համար Աստված, սիրելով մարդուն, հոգևոր տեսողությունը վերականգնելու համար տվեց Օրենքը (Սաղմոս 19:7-8)

Օրենքը մարդու կուրացած տեսողությունը կվերականգնի, այսինքն` վթարի ենթարկված հոգին կնորոգի: Օրենքով մարդը ճանաչում է իր մեղքը և հասկանում, որ ինքը խանգարում է Աստծո ծրագրին: Աստված ուզում է Իր Շնորհքը տալ մարդուն, բայց մարդը մերժում է` ասելով, որ այդ Շնորհքն իրեն պետք չէ, որ ինքն արդեն «կյանք» ունի: Մարդը հավատացել է սատանային և այդ «կյանքը» տեսնում է «աստվածների պես լինելու» մեջ, այսինքն` այն ամենի մեջ, ինչի մեջ կփառավորվի իր «Ես»-ը: Բայց դա իրականում մահ է ու ոչ թե կյանք, և քանի որ մարդը «կույր» է, դրա համար էլ չի տեսնում այդ տարբերությունը: 

Սուրբ Գիրքն ասում է, որ մարդն իր ընտրության մեջ մոլորված է: Բայց թե՛ մեղավորը, թե՛ արդարը ուզում են հավիտենական կյանք ունենալ, իսկ թե որն է այդ կյանքը` մարդը չի տեսնում, որովհետև վնասվել է նրա հոգևոր տեսողությունը: Օրենքը բուժում է մարդուն, իսկ եթե մարդը մերժում է Օրենքը, նա դրանով ասում է, որ իր համար ավելի լավ է կուրության մեջ մնալը: Այդպիսով մարդն ընտրում է մահը և իր ֆիզիկական կյանքը նվիրում է իր փառքին` ապրելով անիրավության մեջ, իսկ հետո հասկանում է, որ այդ ամենը ոչինչ էր: 

Մարդն Աստծուց նշաններ ու հրաշքներ է ուզում: Աստված Աբրահամին զավակ խոստացավ, բայց Աբրահամն ու Սառան ծիծաղեցին Աստծո խոստումի վրա: Աստված ասում է, որ կտա իրական, երկնքից իջած կյանք: Անկախ այն բանից, թե որտեղ ես գտնվում` քեզ արհամարհողների, թե սիրողների միջավայրում` միևնույն է, այդ կյանքի շնորհիվ քո հոգու աշխարհում դու կվայելես երկնքից իջած Շնորհքը և Քրիստոսով ուրախ կլինես, այդ կյանքը կապ չի ունենա ո՛չ քո արտաքինի, ո՛չ քո ունեցվածքի չափի, ո՛չ էլ պաշտոնի հետ: Բայց մարդը ծիծաղում է այս խոստման վրա, որովհետև հոգևոր կույր է:

Ի՞նչ է նշանակում մերժել Աստծո Օրենքը: 

Աշխարհում գոյություն ունեցող բոլոր ուսմունքները կարելի է բաժանել 2 մասի. մի մասը ներկայացնում է Քրիստոսի խորհուրդը, մյուսը` անօրինության խորհուրդը: 

Քրիստոսի խորհուրդը բացում է այն հրաշքը, որ մարդն իր հոգու աշխարհում կարող է ընդունել Աստծո Շնորհքը և հաղորդ լինել աստվածային բնությանը: 

Անօրինության խորհուրդն ասում է` մերժիր Աստծո Շնորհքը, կլինես աստվածների պես, և ամեն ինչ լավ կլինի: Աստված իր ծրագիրը շարունակելու համար տվել է Օրենքը, որպեսզի մարդը ճանաչի մեղքը: Մեղքը մերժում է Աստծո ծրագիրը, այսինքն` մերժում է Աստծո Շնորհքը: «Սուրբ Հոգին երբ որ գա աշխարհ, աշխարհը պիտի հանդիմանի մեղքի համար, մեղքի, որ ինձ չհավատացին»: Մարդկանց համար դժվար չէ հավատալ, որ 2000 տարի առաջ Բեթլեհեմում մի մանուկ ծնվեց, անունը Հիսուս դրեցին և 33 տարեկանում խաչեցին: Սրան շատ հեշտ է հավատալ: Բայց դժվար է հավատալ Հիսուսի խոսքերին. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»: Մարդը չի հավատում սրան, ավելին, նա ծիծաղում է այդ խոսքերի վրա: Նա ասում է, որ իր կյանքը Հիսուսը չէ, իր կյանքը իր փառքն է, իր անիրավությունը: Մեղքը հենց սա է` Հիսուսին որպես կյանք չհավատալը: Ղուկաս 9:46–ում ասվում է. «Խորհուրդ մըն ալ մտավ անոնց մեջ, թե արդյոք իրենց մեջ ո՞վ է մեծ»: Իսկ Ղուկաս 9:54-55 ասվում է. «Տե՛ր, կուզե՞ս, որ ըսենք ու երկնքեն կրակ իջնէ ու սատկեցնէ զանոնք…»: Հիսուսն ասաց. «Չեք գիտեր, թե ինչ հոգիի տեր եք դուք…»: Նրանք վթարի ենթարկված հոգու տեր էին: Հավիտենական ժամա- նակներից առաջ ծրագրածը` խափանել մահը և կյանքը մեր մեջ դնել, հայտնվեց Հիսուս Քրիստոսով: Աշակերտները չունեին Քրիստոսի Հոգին, նրանց սրտի խորհուրդը չէր փոխվել: Մենք գիտենք, որ վթարի ենթարկված մեր հոգին երկնային հիվանդանոցում բուժվել է Քրիստոսի արյամբ: Եթե մարդն Օրենքի միջոցով չհասկանա իր մեղքը, չի էլ կարող հասկանալ, որ ինքը մեղավորների գլուխն է (օրինակ` մաքսավորի և փարիսեցու աղոթքը): Փարիսեցին տեսնում էր իր արարքները, բայց նրա հոգին կույր էր ու չէր տեսնում իր ներսի բուն մեղքը, որ մերժել էր երկնքից իջած կյանքը: Այդ պատճառով նրա ուրախությունը իր արարքներն էին` շաբաթը երկու անգամ ծոմ պահելը, տասանորդ տալը և այլն: «Ինչպե՞ս կարող եք ինձ հավատալ, եթե միմյանցից փառք եք փնտրում»: Քրիստոսը որպես լույս պիտի ծագի մեր հոգիներում և Իր Շնորհքով աստվածային բնությունը ներդնի մեր մեջ: Բայց մարդիկ ուզում են այս ճշմարտությունը ծածկել և հրաշքները, նշանները, ծեսերն ու արարողություններն ընդունել որպես Շնորհք: 

Եթե մեկն իր ներսում չի ընդունում Աստծո կյանքը` կույր է: Նիկոդեմոսի հոգևոր տեսողությունը վնասված էր: Նա ասում էր, որ եթե մեկը հրաշքներ ու նշաններ է անում, ուրեմն Աստծուց է եկած: Բայց չէ՞ որ Հիսուսից բացի մեկ ուրիշն էլ կարող էր նշաններ ու հրաշքներ անել: Վերջին օրերում հակառակորդը կանի այդ հրաշքներն ու նշանները: Նիկոդեմոսը չէր կարողանում Հիսուսի մեջ տեսնել երկնքից իջած կյանքը, որն ընդունակ է իրեն խաչողների համար աղոթել, իր գլուխը փշե պսակ դնողներին` սիրել: Աստված ուզում է, որ մեր հոգևոր աչքերը բացվեն, որպեսզի մենք Աստծուն տեսնենք ոչ թե հրաշքներ կամ նշաններ անելու մեջ, այլ` Նրա աստվածային սիրո մեջ, որը կարող էր իրեն խաչողների համար ասել. «Հա՛յր, ների՛ր նրանց»: 

Աստված ուզում է փրկել մարդկանց, բայց ոչ ստիպողաբար: Փրկության համար մարդու ներսում պետք է դարձ կատարվի Սուրբ Հոգու միջոցով: 

Երբ Հիտլերը իշխանության գլուխ եկավ, Գերմանիայի եկեղեցիների 99%-ը հայտարարություն ստորագրեցին, ըստ որի «Հիտլերի` իշխանության գլուխ գալով Գերմանիայի ժողովուրդը երկրորդ Պենտեկոստեն ապրեց»: Դա նշանակում էր, որ ժողովուրդը, չհասկանալով այդ իշխանությունը, այն համարում էր «Սուրբ Հոգու գործ», բայց Հիտլերը ֆաշիստ էր և նա ուզում էր սպանել ոչ միայն աստվածային կյանքը, մարդկանց, այլև մարդկային խիղճը: Պատկերացրե՛ք, թե մարդիկ ինչքան կարող են մոլորվել: Մենք Սուրբ Հոգու գործն այնքան լավ պետք է ճանաչենք, որ ոչ մի խեղկատակություն չհամարենք Սուրբ Հոգու գործ: 

Աշխարհիկ կանայք իրենց զարդարում են դրսից: Սուրբ Գիրքն ասում է, որ կնոջ զարդը ամուսնուն հնազանդվելն է: Սա Աստծո առաջարկած զարդն է, բայց այդ Օրենքը դու հավանու՞մ ես, թե՞ չես հավանում: Եթե չես հավանում Աստծո Օրենքը, ուրեմն քո տեսողությունը չի վերականգնվել, իսկ եթե Տիրոջ Օրենքը քեզ համար հաճելի է, ուրեմն դու բժշկության ընթացքի մեջ ես: Եթե մարդը մերժում է Աստծուն, պետք է ապրի ու արբենա իր փառքով: 

Օրենքը դրվել է մեղքը ճանաչելու համար, բայց Օրենքով չէ փրկությունը: Գիրքն ասում է. «Եթե Մովսեսին հավատացիք, ինձ էլ կհավատաք»: Օրենքը մերժողի հետ անիմաստ է խոսել փրկության մասին: Հիսուսը եկավ ու այդ Օրենքը ավելի խստացրեց, որպեսզի վերջնականապես բուժի քո վերքերը, որպեսզի հասկանաս, որ եթե քո մեջ կյանքի փոփոխություն չկատարվի` դու չես կարող Տիրոջ Օրենքը պահել: Աստծո Օրենքն ընդունողը իր հոգու աշխարհում հավանություն է տալիս այդ Օրենքին: Մարդն իր մարդկային ուժերով չի կարող Օրենքը պահել: «Օրենքը մեր դաստիարակը եղավ` մեզ Քրիստոսի Շնորհքին տանելու համար»: Ինչպե՞ս է Օրենքը Քրիստոսի Շնորհքին տանում. քրիստոնյան պատերազմի է դուրս գալիս իր բնության դեմ` ցանկանալով պահել Աստծո Օրենքը: Այդ պատերազմի մեջ պարտություն է կրում այնքան ժամանակ, մինչև որ հուսահատվում է մարդկային ուժերով Օրենքը պահելուց: Այդ պահից նրա տեսողությունը բացվում է, նա տեսնում է Աստծո սերը և Նրա տված ձրի պարգևը` հավիտենական կյանքը:

Հրայր Ամիրբեկյան / քարոզիչ
Հուլիս, 2009 թ., N 3 ( 3 )