Ամենալավ նվերը Տիրոջ համար

Ահա և եկավ ձմեռը՝ շուրջբոլորն ամեն ինչ ծածկելով փափուկ ձյունով: Թափվող ձյանը նայելով հրճվում են թե՛ մեծերը, թե՛ երեխաները: Բոլորը հիացմունքով նայում են լույսի տակ օրորվող ու փայլփլող փաթիլներին: «Շուտով Սուրբ Ծնունդ է»,- լսվում է ամենուրեք: Այդ օրվան պատրաստվում են բոլոր տներում: Յուրաքանչյուրն շտապում է գնել տոնական սեղանին անհրաժեշտ ամեն ինչ և, իհարկե, հարազատների համար նվերներ: Եվ ահա, այդ ցանկալի օրվան մնացել է երկու օր: Փոքրիկ Հակոբն այդ օրերին տատիկի մոտ էր, որովհետև նրա ծնողները մի քանի օրով ուրիշ քաղաք էին գնացել: Հակոբիկի տատիկը նույնպես պատրաստվում էր տոնին. կարկանդակ էր թխել, սագ էր տապակել: Հետևելով խոհանոցում պտտվող տատիկին Հակոբիկը հարցրեց.

– Տատի՛կ, ինչո՞ւ են բոլորը պատրաստվում այդ օրվան: Ինչո՞ւ են միմյանց համար նվերներ գնում:

– Սուրբ Ծնունդը մեծ տոն է: Երկու հազար տարի առաջ այդ օրը Բեթլեհեմ քաղաքում ծնվեց Աստծու Որդին` Հիսուս Քրիստոսը, ողջ աշխարհի Փրկիչը:

– Այո՛, տատիկ, ես դա գիտեմ: Դու ինձ պատմել ես: Եթե դա Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է, ուրեմն ես պետք է Նրան ինչ-որ բան նվիրեմ: Բայց ի՞նչ կարող եմ ես նվիրել Նրան:

Տատիկը ժպտալով ասաց.

– Դե մտածի՛ր, նվեր փնտրիր Տիրոջ համար: Դու դեռ ժամանակ ունես:
Հակոբը գնաց փնտրելու: Դիտելով խանութների տոնական զարդարված ցուցափեղկերը՝ նա ձգտում էր գտնել այն, ինչ կցանկանար նվիրել Տիրոջը: Նա եղավ մոտակա բոլոր խանութներում: «Բայց ի՞նչ նվիրեմ Տիրոջը». նրա ուշադրությունը գրավեցին մի քանի գեղեցիկ հուշանվերներ, և նա որոշեց գնալ տուն՝ տատիկի հետ խորհրդակցելու:

– Տատի՛կ, օգնի՛ր ինձ նվեր ընտրել Հիսուսի համար: Հուշի՛ր, թե որն ավելի լավ կլինի,- և նա սկսեց պատմել, թե ինչ հուշանվերներ է տեսել: Նա խանդավառությամբ նկարագրում էր, թե որքան գեղեցիկ ու փայլուն էին դրանք:
Ի զարմանս տղայի, տատիկը հավանություն չտվեց իր առաջարկած տարբերակներից և ոչ մեկին:

– Չէ՛, Հակոբ, այդ նվերները հարմար չեն: Էլի փնտրիր, լա՛վ մտածիր:

Սուրբ Ծննդի նախորդ երկու օրերը Հակոբն անցկացրեց փնտրտուքների մեջ: Նա շատ էր մտահոգվում, որ չի հասցնի նշանակված օրվա համար նվեր պատրաստել:
Սուրբ Ծննդի առավոտյան Հակոբն իր սենյակում, սեղանի վրա տեսավ այն նվերները, որոնք իր համար պատրաստել էին ծնողներն ու տատիկը: Նա արագ դուրս ցատկեց անկողնուց և հետաքրքրությամբ սկսեց բացել գեղեցիկ փաթեթավորված նվերները: Դրանց մեջ նա գտավ այն, ինչի մասին երկար ժամանակ երազում էր.շատ գեղեցիկ կարմիր շոգեքարշ իր երկաթուղով, սահնակ և մի քանի տուփ իր սիրած քաղցրավենիքներից:
Ուսումնասիրելով նվերները` նա որոշ ժամանակ մոռացավ իր ապարդյուն փնտրտուքների մասին: Բայց հանկարծ նորից հիշեց. «Ախր այսօր Սուրբ Ծնունդ է: Տեր Հիսուսը ծնվել է Բեթլեհեմում: Ես այսքան նվերներ եմ ստացել…. իսկ ե՞ս… ես ի՞նչ նվիրեմ իմ Տիրոջը: Այդպես էլ մի հարմար բան չմտածեցի»:
Եվ Հակոբիկն այնքան տխրեց, որ նույնիսկ ցանկացավ լաց լինել: Այդ պահին նա միջանցքից եկող ձայներ լսեց: Դուռը բաց արեց ու նայեց. միջանցքում կանգնած էին ծնողներն ու տատիկը և զրուցում էին իրեն բոլորովին անծանոթ մի տղայի հետ:
Հակոբն ավելի մոտեցավ ու հետաքրքրվեց, թե ով է իրենց հյուրը:

Այս տղան փողոցից մեզ մոտ է եկել, որ շնորհավորի մեր Սուրբ Ծնունդը: Տղայի մայրիկը հիվանդ է և չի կարող նրան նվերներով ուրախացնել,- ցածրաձայն բացատրեց տատիկը, որպեսզի չվիրավորի հյուրին:
Հանկարծ Հակոբիկն ուրախությունից փայլեց: Մոռանալով իր քիչ առաջվա մտահոգությունների մասին՝ նա բռնեց տղայի ձեռքից ու տարավ իր սենյակ: Տատիկը հետևեց նրանց: Սենյակ մտնելով՝ Հակոբիկը զգուշորեն վերցրեց կարմիր շոգեքարշը և մեկնեց տղային.

– Վերցրո՛ւ, ես ուզում եմ շնորհավորել քո Սուրբ Ծնունդը: Ահա՛, վերցրու նաև մրգերով ու քաղցրավենիքով այս փաթեթը` մայրիկիդ ու քեզ համար:
Տղան այնքան շփոթվեց, որ ոչ մի բառ չկարողացավ արտաբերել: Նա կյանքում դեռ ոչ մի անգամ այդպիսի թանկարժեք նվեր և այդքան քաղցրավենիք չէր ստացել: Նրա աչքերում արցունքներ փայլեցին: Հակոբիկը ձևացրեց, իբր թե չի տեսնում այդ անսպասելի արցունքները, որպեսզի տղան չամաչի: Նա շրջվեց դռան մոտ կանգնած տատիկի կողմը.

– Տատի՛կ, կարելի՞ է մեր հյուրին հրավիրել տոնական սեղանի մոտ:

Աղոթքից և հյուրասիրությունից հետո տղաները երկար ժամանակ խաղացին բակում, սահեցին նոր սահնակով: Ժամանակն արագ թռավ, և Ստեփանը (այդպես էր Հակոբիկի նոր ընկերոջ անունը) պետք է արդեն տուն գնար: Հակոբիկը մինչև փողոցի անկյունը ճանապարհեց նրան: «Անպայման էլի կայցելես մեզ», – հրաժեշտ տալիս ասաց նա:
Տանը տատիկը նրան դիմավորեց ուրախ ժպիտով.

– Շնորհավորում եմ, վերջապես դու գտար այն, ինչ փնտրում էիր,- ասաց նա:

– Ի՞նչ գտա,- չհասկացավ Հակոբիկը:

– Դու Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը Նրա համար գտար ամենալավ նվերը` շատ լավ վարվեցիր տղայի հետ: Տիրոջ համար քո արարքը ամենալավ նվերն է:
Տատիկը բացեց Աստվածաշունչը և կարդաց. «Ճշմարիտ կըսեմ ձեզի, քանի որ իմ այս եղբայրներէս ամենէն պըզտիկներէն մէկուն ըրիք, ինծի ըրիք» (Մատթ. 25:40):

Հակոբիկը հասկացավ, որ Աստծու համար ամենալավ նվերը միմյանց նկատմամբ մեր ունեցած սերն է, որը պետք է ամբողջ կյանքում, ամեն օր դրսևորվի մեր արարքների մեջ:

«Ճշմարիտ կըսեմ ձեզի, քանի որ իմ այս եղբայրներէս ամենէն պըզտիկներէն մէկուն ըրիք, ինծի ըրիք»: Մատթէոս 25:40

Բարի Լուր N 6(6), դեկտեմբեր, 2009թ.