Աստված կոտրում էր Հովսեփին, որպեսզի բարձրացներ

Ուզում եմ մի հարցի շուրջ խորհենք. «Ի՞նչ մեղք էր գործել Հովսեփը, որ անցավ այդպիսի փորձություններով»: Նա սիրում էր Տիրոջը, հնազանդ էր իր հոր կամքին, նախանձավոր էր, որ եղբայրները Աստծու դեմ չմեղանչեն: Հայրը շատ էր սիրում Հովսեփին, դրա համար էլ գեղեցիկ պատմուճան նվիրեց նրան: Գրված է, որ եղբայրները նախանձեցին նրան: Այդ պատճառով էլ սպանել ցանկացան, բայց Հուդան համոզեց, որ չսպանեն, այլ գուբը ձգեն: Հանեցին իրենց եղբոր հագից պատմուճանը ու եղբորը ձգեցին փոսը… Ի՞նչ մեղք էր գործել Հովսեփը… արտաքնապես՝ ոչ մի մեղք, ուղղակի նա պետք է անցներ Օրենքի դաստիարակությունը: Նրա տեսած երազում արեգակը, լուսինը և աստղերը երկրպագում էին իր աստղին: Այդ լսելով՝ նույնիսկ հայրը վրդովվեց… Նրան այդ գուբը նետեցին ոչ թե նրա համար, որ անկեղծորեն պատմեց իր տեսած երազը, այլ այն բանի համար, որ Աստված ցանկանում էր կոտրել նրա ներսի «Հովսեփ-եսը»: Աստված գիտի, որ մենք մեր մոր արգանդից արդեն ծնվում ենք վարակված մի թույնով, որը կոչվում է «Դուք «աստված» եք»: Այսօր կնոջից ծնված մեկը չկա, որ իր ներսում չմտածի, թե իրենից լավ, խելացի, գիտուն, տաղանդավոր, իմաստուն մեկը չկա այս աշխարհում: Այսինքն՝ ցանկացած մարդ իր հոգու աշխարհում «աստված» է: Ի՞նչ պետք է անի Աստված, որպեսզի ապացուցի, որ դու ոչինչ ես: Աստված Հովսեփին պիտի ապացուցեր, որ նա ոչինչ է: Ես իմ օրինակը բերեմ, թե ինչպես Աստված ցույց տվեց իմ ոչինչ լինելը: 1981-82 թթ., հավատքի գալու համար ինձ պատժել ուզելով՝ հայրս ինձ համալսարանից հանեց և գյուղ տարավ, որ շինարարության վրա բանվոր աշխատեմ: Շինարարության աշխղեկին էլ ասել էր, որ ինչքան ծանր, կեղտոտ գործ կա՝ ինձ տան, որպեսզի խելքս գլուխս գա: Գյուղի ջրամատակարարող խողովակը 150-180 սմ խորությամբ խրամատում վնասվել էր: Ջուրը լցվել էր փոսը, մենք պետք է այդ փոսը չորացնեինք, որ զոդողը խողովակը զոդեր: Ինձ այդ աշխատանքում գործընկեր էր մեր գյուղացի «գիժ» Գրիշը (ստացվում էր, որ այդ գյուղի երկրորդ «գիժը» ես էի): Մեկ էլ տեսա, որ հողակույտը փուլ է գալիս: Ես արագ օգնեցի Գրիշին, որ փոսից դուրս գա, քանի որ նա մեծահասակ մարդ էր, իսկ ես մնացի փլուզվող հողի տակ: Մինչև կոկորդս թաղվել էի հողի մեջ: Ես այդ վիճակում լացում էի, իսկ վերևում կանգնած մի մարդ ինձ հայհոյում ու անարգում էր: Աստված կոտրում էր ինձ, որ ես հասկանայի՝ ես «աստված» չեմ… Այսօր մարդիկ չեն ուզում կոտրվել, և ցանկացած անձի դժբախտությունը սա է: Հովսեփին Պետափրեսի տան մեջ Աստված օրհնում էր: Այս անգամ ավելի վատ բան կատարվեց` Պետափրեսի կնոջ զրպարտությամբ Հովսեփին բանտ նետեցին: Մի՞թե նա բանտի արժանի էր: Ուրեմն ինչո՞ւ Աստված չպաշտպանեց նրան, թե՞ Աստված այդքան զորություն չուներ… Այսօր Աստված քեզ էլ է գցում դժվար իրավիճակների մեջ, որպեսզի մեռնի քո մեջ ապրող աստվածությունը, իսկ դու չես հասկանում: Հովսեփը բանտում իր հույսը կապեց մատռվակի ու հացթուխի հետ, նրանք էլ ոչինչ չարեցին… նրա հույսը լրիվ մեռավ: Նա ոչ թե որոշ ժամանակով էր բանտարկված, այլ ցմահ: Աստված մարդուն ուզում է ապացուցել, որ նա մեղքի թագավորության բանտում ցմահ է բանտարկված: Եվ այս ամեն ճանապարհներն անցնելուց հետո տեսե՛ք, թե ինչ է ասում Հովսեփը, երբ կանգնում է փարավոնի առաջ. «Ոչ թէ ես, Աստուած պիտի տայ խաղաղութեան պատասխան Փարաւոնի» (Ծննդ. 41:16): 

Տեսնու՞մ եք, թե ինչպես է մեռել Հովսեփ-«աստվածը»: Երբ քեզ անարգում են, քո մասին վատ բաներ են ասում… մի՛ վիճիր, այլ աղո՛թք արա Հովսեփի պես: Ցանկացած սերմ երբ ցանում ես, մինչև չի մեռնում՝ արմատ չի տալիս: Հիշե՛ք, հինը արմատ չի կարող տալ, նոր ծլած ծիլն է արմատ ու պտուղ տալիս: Աստված ուզում է, որ մենք ուրանանք մեր անձը, մեռնի մեր «ես»-ը, որպեսզի կարողանանք պտուղ տալ։ Տեսնենք, թե ինչպես Աստծու օրենքը սպանեց Պողոսին. մեղքը ողջացրեց, ասաց՝ ներսումդ վիշապ կա: Մարդուց դաժան, մարդուց անպետք էակ մեկ էլ մարդն է: Պողոս առաքյալը շատ լավ հասկանում էր, թե ինչ է մեռնելը. «Որպէս զի ինչպէս մեղքը թագաւորեց մահով, այնպէս շնորհքը թագաւորէ արդարութիւնով մինչև յաւիտենական կեանքը մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսի ձեռքով» (Հռ. 5:21): Եթե ես օրենքի դաստիարակությունը անցած մարդ չլինեմ, կցանկանամ, որ դիմացինը մեռնի, այլ ոչ թե ես, սակայն եթե հասկանում եմ մեռնելու օգուտը, կխնդրեմ Հիսուսից, որ ես մեռնեմ: Իմ նոր ապաշխարած ժամանակ ամեն անգամ, երբ կարդում էի Հիսուսի խաչելության մասին, ներսս բորբոքվում էր վրեժխնդրության կրակով: Ասում էի. «Տե՜ր, ների՛ր ինձ, բայց ես ուզում եմ մի հրեայի սպանել, որ այս ներսիս կրակը հանդարտվի»: Ու մի օր տեսիլքով տեսա, որ Հիսուսին խաչում են, ժողովուր դը բարձրաձայն գոչում է. «Խաչե՛լ», իսկ ամենաբարձրը ես եմ գոռում: Ես ոչ միայն գոռում էի, այլև մեխերն ու մուրճն էլ իմ ձեռքում էին: Այն ամբողջ ճանապարհին, որ Տերը գնաց մինչև Գողգոթա, ես թքում էի Նրա երեսին, մուրճով հարվածում գլխին… ու ես տեսա իմ ներսի վիշապին, որ գոռում էր. «Խաչե՛լ Նրան»: Եվ եթե հիմա ինձ ասեն, թե ով է աշխարհի ամենավատ մարդը, ես կասեմ. «Ե՛ս եմ»: Ես տեսա այն գազանին, որն իմ մեջ էր բնակվում: Ո՛չ Հիտլերը, ո՛չ Ստալինը այնքան դաժան չեն եղել, ինչքան ես: Ամեն անգամ, երբ կարդում էի Սուրբ Գրքի այն խոսքերը, որոնք ասում են՝ դուք ոչինչ եք, ձեր գործերն էլ ոչինչ են, և ձեզ ընտրողն էլ պղծությունն է, ես չէի հասկանում, ինձ թվում էր, թե մի բան սխալ է գրված: Բայց մի օր Աստված ցույց տվեց մի քաղաք որը պղծությունից էր սարքված, և այդ քաղաքի կենտրոնում մի արձան կար կանգնած՝ պղծությամբ ստեղծված, և այդ արձանը ես էի, իսկ ճակատիս գրված էր «Պղծություն»: Այդ քաղաքում կար շնության արձան, գողության արձան, անառակության արձան… և Տերն ասաց. «Սա դու ես»: Քանի՞ մարդ կա, որ տեսել ու հասկացել է, թե ով է ինքը: Տերն ինձ դաստիարակել է, որ ես մեկին արհամարհելու փոխարեն ինձ պիտի արհամարհեմ: Հիսուսը թեպետ Աստված էր, բայց Իր անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ, իսկ ես, որ պիղծ մարդ եմ եղել, ինչպե՞ս կարող եմ ինձ բարձ րացնել: Դրա համար Պողոսը հայ տա րարեց. «Ես մեղավորների գլուխն եմ»: Ես ուզում եմ մի բանի մասին խոսել, որ Սուրբ Հոգին է ինձ բացել, Ղուկ․ 23։39-ում գրված է. «Եւ այն կախուած չարագործներէն մէկը հայհոյութիւն կ’ընէր անոր ու կ’ըսէր, Եթե դուն Քրիստոսն ես, ազատէ քու անձդ ու մեզ ալ», նույնը գրված է նաև Մատթ․ 47։44-ում. «Իրեն հետ խաչուած աւազակներն ալ նոյնպէս կը նախատէին զանիկա»: Ի՞նչ դաս է ուզում Աստված տալ մեզ սրանով. ինչքան դու նայես այս մեղքով լցված աշխարհին ու մարդկանց, այնքան դրա շուքը գալու է քեզ վրա, և դու էլ դատապարտելու ես, մեղադրելու ես Հիսուսին: Ի՞նչ եք կարծում, Հովսեփն այդ գուբի մեջ ո՞ւմ էր տեսնում՝ եղբայրների՞ն, թե՞ Աստծուն: Եթե նա եղբայրներին տեսներ` պիտի չարանար, պիտի տրտնջար, պիտի անիծեր, սակայն Հովսեփն այդպես չվարվեց: Նա մաքուր սիրտ ուներ. «Երանի՜ անոնց, որ սրտով մաքուր են, վասն զի անոնք պիտի սեսնեն զԱստուած» (Մատթ. 5:8): Ուզում եմ, որ Առակաց 22:11 խոսքը՝ «Սրտի մաքրութիւն սիրողին շրթունքներուն վրայ շնորհք կայ, ու թագաւորը անոր բարեկամ կ’ըլլայ», դառնա ձեր առօրյա աղոթքի նյութը: Հիսուսն ամբողջ աշխարհի մեղքն Իր վրա վերցրեց, բայց Ինքը չմեղանչեց: Եթե դու Քրիստոսին ընդունած մարդ ես, դու քեզ բամբասողին, չարախոսողին չպետք է մեղադրես, այլ արցունք թափելով Հիսուսի նման պետք է խնդրես Հորը և ասես. «Հա՜յր, ների՛ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում», և տեղ տաս Սուրբ Հոգուն, որ Նա քո ներսից բարեխոսական աղոթք անի: Եթե դու, քրիստոնյա լինելով, ուրիշի մեղքը նրա երեսով ես տալիս, ուրեմն Քրիստոսի սիրտը չունես: Ուրեմն Օրենքը կոտրելով պիտի տանի քեզ, որ դու հանդիպես Քրիստոսին, նոր կյանք ունենաս, ու Քրիստոսն ապրի քո մեջ: Հիմա դիտարկենք ավազակներից մեկի մտածելակերպը. նրանք երկուսն էլ նախատում էին Հիսուսին, բայց մի պահ մեկը հայացքը թեքեց ամբոխից ու նայեց Հիսուսին, որ ասում էր. «Հա՜յր, ների՛ր սրանց, քան զի չգիտեն, թե ինչ են անում»:

Ի՞նչ տեսավ այս մարդը: Նա տեսավ, որ աշխարհը հայհոյում է Հիսուսին, սակայն Նրա ներսից կյանք է հոսում: Խաչի վրա հրաշք չի եղել, խաչի վրա այն կյանքն էր խոսում, որը Աստված դրել էր Հիսուս-մարդու մեջ: Հիսուսը որպես մարդ էր խաչվում, քանի որ Աստված չի մեռնում, Աստված մեղքի պատարագ չի լինում: Հավատքը կառուցվում է սուրբ արյան զորության, այլ ոչ թե մեր գիտության ու իմաստության վրա։ Մեղքը աշխարհ մտավ ոչ թե սատանայից, այլ մարդուց. «Վասն զի ինչպէս մարդէ մը մեղքը աշխարհ մտաւ, և այն մեղքէն մահը, և այնպէս ամէն մարդոց վրայ տարածուեցաւ մահը, քանզի ամէնը մեղանչեցին» (Հռ.5:12): Սա կատարել է Ադամը, սատանայի մասին խոսք չկա: Եդեմական պարտեզում չկար ո՛չ մեղք, ո՛չ սատանա: Աստված Ադամին ասել էր՝ բոլոր ծառերի պտուղներից համարձակ կե՛ր (դա վերաբերում էր նաև Կենաց ծառին), սակայն Ադամը մերժեց Աստծու առաջարկը, չկերավ Կենաց ծառից, դա արդեն մեղք է: Եթե դու Քրիստոսին ընդունես որպես քո կյանք, քո առաջինն ու վերջինը, քո ալֆան և օմեղան, սատանան քեզ չի կարող հաղթել: Ես ժամանակին կայացրել եմ իմ որոշումը, դու էլ կարող ես կայացնել քո որոշումը: Մենք բոլորս մեղավոր ենք, բայց մեզ ներող կա, միայն թե պետք է որոշում կայացվի: Ադամը չուզեց ուտել կենաց ծառից, հենց դա՛ է բուն մեղքը: Եթե դու մտածում ես, թե՝ ԱՄՆ-ում ապրեմ՝ լավ կլինեմ, Եվրոպա գնամ՝ լավ կլինի, լավ տուն ունենամ՝ լավ կլինի և այլն, սրանք կարիք են, ոչ թե կյանք: Միակ կյանքը Աստված Ինքն է: Խաչի վրայի ավազակը, Հիսուսին նայելուց հետո, ասաց երկրորդ ավազակին. «Դուն Աստծմէ չե՞ս վախնար, որովհետև նույն դատապարտութեան մէջ ես: Ու մենք իրաւունքով, քանզի ահա մեր ըրածներուն արժանաւոր հատուցումը կ’առնենք. բայց ասիկա գէշ բան մը չըրաւ» (Ղուկ.23:40-41): Հետաքրքիր է, ի՞նչ տեղի ունեցավ այս անձնավորության հետ, որ քիչ առաջ դատապարտում էր, իսկ հիմա ասում է, որ ինքն իր արժանի պատիժն է կրում, իսկ ա՛յ, Հիսուսը անմեղ է: Երանի՜ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ ինքն արժանի է և՛ խաչի, և՛ դժոխքի, և՛ կրակե լճի… որովհետև մեղավոր է, իսկ Հիսուսն անմեղ էր, որ դատապարտվեց մահվան: Խնդրում եմ աղոթեք, որ բացվի ձեր մեղավորությունը: Եթե մեղքը չբացվի, խաչը չի բացվի: Բերեմ օրինակ Սուրբ Գրքից. «Ահա դուք ոչինչ էք, ու ձեր գործն ալ ոչինչ է. ձեզ ընտրողը պղծութիւն է» (Ես.41:24): Եսայի մարգարեն խոսում է մարդու մեղավոր լինելու մասին, 53-րդ գլխում միայն գրված է խաչելության մասին: Մինչև չտեսնես քո մեղավոր ու խղճալի վիճակը, չես հայտնի Աստծուն քո գոհությունը: Վեց տարի ծոմով, արցունքով աղոթելուց հետո միայն հասկացել եմ, որ ինձնից մեղավոր մարդ չկա: Երբ մարդը հասկանում է իր մեղավոր լինելը, Փրկչի կարիք է զգում։ Եթե դու դեռ չես հասկացել ու գիտակցել քո մեղավորությունը, Փրկչի կարիք չես զգա։ 

Պավել Գրիգորյան

Հունիս 2019թ., N 6 (112)