Աղոթքի ուժը եւ հույժ կարևորությունը հոգեվոր կյանքում

Ղուկաս 10:2 խոսքում գրված է. «Հունձքը շատ է, մշակները` քիչ, ուստի հունձքի Տէրոջը աղաչեցէք, որ մշակներ հանի իր հունձքի համար»: Այստեղ կարող ենք առարկել ու ասել. Տե՛ր Աստված, հունձքը Քոնն է, մշակներ հանողը Դու ես, ի՞նչ անհրաժեշտություն ունի մեր աղոթքը այդ հարցում: Մի՞թե հնարավոր չէ, որ առանց մեր աղոթքի Դու մշակներ հանես և շատերին փրկես: Չէ՞ որ Դու չես ուզում ոչ մեկի կորուստը, այլ ուզում ես, որ ամենքն էլ փրկվեն (1Տիմ. 2:4):
Հասկանալի է, որ Աստված ամենակարող է և կարող է անել ամենը, ինչ ցանկանա: Մյուս կողմից` Նա արդար Աստված է, սիրում է արդարությունն ու ատում է անօրենությունը. «Արդարութիւնը և Իրավունքը Աստծո աթոռի հիմերն են» (Սաղ.89:14,97:2): Նա երբեք Իր բնությանը հակառակ բան չի անում: Վերը հիշված երկու սաղմոսները բացում են մեզ, թե ինչպիսին է Աստծո գործելակերպը, որը հիմնված է արդարության և իրավունքի վրա: «Արդարությունը և Իրավունքը Աստծո աթոռի հիմքն են». սա նշանակում է, որ Նա մարդուն չի «կաշառում» և չի ստիպում, որ մարդն Իրեն պաշտի, թեպետ Հոբ.1:8-10 խոսքերում տեսնում ենք, թե ինչպես էր սատանան փորձում ներկայացնել հակառակը: «Եւ Տէրն ասաց նրան. Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբին, որի նման անարատ, ճշմարտախոս, աստուածապաշտ, ամէն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկայ երկրի վրայ: Պատասխան տուեց սատանան՝ ընդդիմանալով Տիրոջը. Միթէ Յոբը ձրի՞ է պաշտում Տիրոջը. չէ՞ որ դու ես պաշտպանել նրան արտաքուստ ու նրա տունը՝ ներքուստ, եւ ամէն ինչ, որ կայ նրա շուրջը. նրա ձեռքի գործերը դու ես օրհնել, երկրի վրայ նրա անասունները դու ես բազմացրել։ Բայց դէ փորձի՛ր մեկնել ու գցել քո ձեռքը նրա ամբողջ ունեցուածքին, ու կը տեսնես, որ նա դէմառդէմ կþանիծի քեզ»։ Հոբի պատմությունը ցույց է տալիս, որ Հոբը ձրի էր պաշտում Տիրոջը` ի հակառակ սատանայի պնդման: Աստված մեր առջև դնում է երկու ճանապարհ` ընտրությունը թողնելով մեզ: Նա ուզում է, որ մենք ընտրենք Իրեն, բայց ոչ մի ձևով չի ստիպում:
Աստված ամեն բան անում է համաձայն Իր արդարության և Իր իրավունքի: Հակառակ դեպքում, այսինքն` Իր արդարությանը հակառակ և առանց Իր իրավունքի, Աստված ոչինչ չի անի: 

Ադամի մեղանչումով մարդը դարձավ սատանայի ստրուկը` թշնամի Աստծուն: Բայց երբ մարդն աղոթքով դիմում է Արարիչ Աստծուն, ապա դրանով իրավունք է տալիս Աստծուն, որ Նա ազատի իրեն սատանայի գերությունից: Իսկ եթե մարդը չի խնդրում Աստծուն, ուրեմն համաձայն է մնալ սատանայի իշխանության տակ. այդ դեպքում Աստված նրա կամքին հակառակ` ստիպողաբար չի անի և ոչ մի բան: Աստված արդար ու նաև իրավունքի Աստված է:
Երբ Իսրայելի ժողովուրդն իր նեղության մեջ դիմեց Աստծուն` Եգիպտոսի գերությունից ազատվելու համար, Տերն ասաց Մովսեսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին, լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին։ Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։ Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից։ Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից» (Ելից.3:7-10):

Մի ուրիշ դեպք ևս. Ելից17:-8-16 խոսքերում կարդում ենք, որ Իսրայելը չէր կարողանա առաջ շարժվել դեպի խոստացված երկիրը, եթե չլիներ Մովսեսի հաղթական աղոթքը: Իսրայելի հաղթանակը Ամաղեկի նկատմամբ կախված էր Մովսեսի աղոթքից: Գրված է. «Երբ Մովսեսը ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայելն էր հաղթում, երբ ձեռքերը ցած էր իջեցնում` Ամաղեկն էր հաղթում» (Ելից 17:11): Հիմա էլ մեր հաղթությունը սատանայի նկատմամբ կախված է մեր աղոթքից: Սա մեզ համար օրինակ է, որ Երկնային Քանան գնալու ճանապարհն էլ հնարավոր կլինի, եթե մենք ճանապարհի կեսից ետ չկանգնենք, այլ մեր ձեռքերը դեպի վեր տարածած աղոթենք` հաղթահարել ոբոլոր արգելքները Երկնային Երուսաղեմ գնալու ճանապարհին:

Եկեղեցու պատմությունը մեզ ասում է, որ բոլոր դարերի ընթացքում հայտնի բոլոր հոգևոր գործիչներն էլ կարողացել են արժեքավոր հոգևոր գործեր կատարել, նրանք եղել են ամենից առաջ աղոթող մարդիկ: Կարծում եմ` հասկանալի է, թե ինչպես են մեր աղոթքները Աստծուն իրավունք տալիս օգնելու մեզ: Այդ ուղղությամբ շատ փաստեր կան թե՛ Նոր ուխտում և թե՛ Հին ուխտում:

Թեյլորի մասին պատմում են, որ չի եղել մի օր, որ Չինաստանում արևը ծագի ու չտեսնի Թեյլորին ծնկների վրա աղոթելիս: Իսկ Մարտին Լյութերն իր նամակներից մեկում գրել է. «Գործերս այնքան շատ են, որ ստիպված եմ ամեն օր առավոտյան ժամը 4-ից 7-ը աղոթել, որպեսզի կարողանամ գործերս ավարտել»: Մարդկային տեսակետից, եթե գործերը շատ են, ապա 3 ժամ աղոթելու փոխարեն պետք է գործել, բայց չաղոթելու դեպքում Մարտին Լյութերը տեսել է, որ մի գործի համար այնքան խոչընդոտներ են առաջանում, որ դրանց հաղթահարման համար մեկ լրիվ օրն էլ չի բավականացնում: Իսկ աղոթքի դեպքում Աստծո օրհնությունով շատ գործեր են հաջողվում և կատարվում իրար ետևից: «Սիրելի՛ս, աղոթք կընեմ, որ ամեն կողմանե հաջողության մեջ և առողջ ըլլաս» (Գ Հովհ. 1:2):

Աղոթքը մեր հոգու շնչառությունն է: Աղոթքով մենք ուժ ու կարողություն ենք ստանում Աստծուց: Գրված է. «Նա է հոգնածին ուժ տվողը և կարողություն չունեցողին շատ զորություն հասցնողը» (Եսայիա 40:29): Շատ անհնարին և անլուծելի խոչընդոտներ հարթվում ու լուծվում են աղոթքի միջոցով, շատ կարծր ու ապառաժ սրտեր փոխվել ու դարձի են եկել աղոթքի միջոցով:

Ելից 15:22-25 խոսքերում կարդում ենք, որ Մովսեսի աղոթքով Մեռայի դառը ջրերը անուշացան, ժողովուրդը հագեցրեց ծարավը: Աղոթքը դառնությունը փոխեց անուշահամության: Մենք փաստացի տեսել ու վկա ենք աղոթքի միջոցով անբուժելի շատ հիվանդությունների բժշկությանը: Վկա ենք նաև քրիստոնեությանը հակառակ, նույնիսկ թշնամի շատ անձնավորությունների դարձի գալուն:

Զենիկ Թովմասյան
ք. Վանաձոր

  Երբ ես Աստծո արդար իրավունքի անհրաժեշտությունը հասկացա, լրիվ փոխվեց
                                                                   իմ աղոթքի կյանքը:

Նոյեմբեր, 2009թ., N 5 ( 5 )