Այս դեպքը կատարվել է Իջեւանի եկեղեցու անդամ Մանուշակ Մարգարյանի հետ: Պատմում է հովիվ Լյովա Մարգարյանը:

Վերջերս քույրիկը գանգատներ ուներ եւ դիմել էր բժշկի: Ստուգման արդյունքում պարզվել էր, որ նա միոմա ունի, և շտապ ուղարկել էին Դիլիջան` վիրահատության: Վիրահատության ժամանակ բժիշկը հայտնաբերել էր, որ դա ոչ թե միոմա է, այլ` չարորակ ուռուցք: Բժիշկ Կարապետյանն ասաց, որ դա իր համար անակնկալ էր: Նա վիրահատության ընթացքում երեք անգամ հեռախոսով կապվել էր Երևանի Ռենտգեն ինստիտուտի 4-րդ հարկի բաժնի վարիչ պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանի հետ և նրանից ցուցումներ ստացել վիրահատության ընթացքի վերաբերյալ: Արդյունքում հեռացվեցին քույրիկի կանացի օրգանները: Վիրահատությունից հետո ցույց էին տվել ուռուցքն ու ասել, որ այն չարորակ է:
Եկեղեցին երկօրյա ծոմ հայտարարեց: Եկեղեցու ոչ մի անդամ անտարբեր չէր, բոլորը ծոմով աղոթում էին: Ուռուցքը տարանք հետազոտման: Պատասխանը վերցնելիս բժիշկն ասաց, որ դա իրոք չարորակ ուռուցք է, և այն էլ` արագ զարգացող: Բժշկի խոսքերից հետո մենք չհուսահատվեցինք և սկսեցինք ավելի ջերմեռանդ աղոթել: Շատերը կարեկցանքով էին նայում քույրիկին, ուզում էին մխիթարել, նա էլ, ասես, ուզում էր հաշտվել այդ մտքի հետ, բայց ներսից մի ձայն ասում էր` մի՛ վախեցեք: Սակայն երևույթն այլ բան էր թելադրում…
Ավելի ստույգ պատասխան ստանալու համար ուռուցքը տարանք Երևան, իսկ այդ ընթացքում քույրիկը խոստովանեց մեղքերը և յուղով օծվեց:
Ուռուցքը հետազոտման տալիս պրոֆեսոր Ջիլավյանը մտահոգված ասաց. «Որպեսզի երկու անգամ չգնաք-գաք, մտեք պրոֆեսոր Բադալյանի մոտ ու հերթագրվեք քիմիաթերապիայի»: Քույրիկն ասաց. «Մի՞թե ուրիշ բուժում չկա, եթե հնարավոր է` քիմիաթերապիա չանենք»: Բժիշկը պատասխանեց, որ այդպիսի էպիկրիզով դա հնարավոր չէ, բացառվում է:
Քույրիկին հերթագրեցին քիմիաթերապիայի, բայց Աստված կարծես ասում էր` մի՛ նայեք դրան, Ի՛նձ նայեք: Երբ վերցնում էինք հետազոտության արդյունքները, բժշկուհին ասաց, որ ամեն կերպ քննել են, բայց չարորակի ոչ մի հետք չկա: Դրանից հետո գնացինք արյան ախտորոշման պատասխանը վերցնելու, և դարձյալ պատասխանեցին, որ ամեն ինչ մաքուր է:
Մենք ուրախ-ուրախ վերցրինք պատասխաններն ու մտանք երկու պրոֆեսորների մոտ: Նրանք նայում էին ու զարմանում, որոշ ժամանակ խորհրդակցելուց հետո ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Ես ասացի, որ մեր Աստվածը, մեր Հիսուսը բժշկել է, փա՛ռք Իրեն: Պրոֆեսորները նույնպես համաձայնեցին, որ դա հրաշք է, և միայն Աստված կարող է այդպիսի բան անել:
Մենք ցնծալով վերադարձանք տուն ու փառաբանում էինք Տիրոջը: Օրհնյալ է մեր Տերը, որ Իր սուրբերի աղոթքներն անպատասխան չի թողնում: Հիմա էլ դեռ շատերը քույրիկին հարցնում են «ինչպե՞ս ես»` զարմանալով, թե ինչպես կարող է պատահել, որ լիովին բուժված լինի: Այո՛, մեր Տերն Ամենակարող է, փա՛ռք Իրեն

Հուլիս, 2009թ., N 3 ( 3 )