Ծաղկամանը

Հնչեց դասի զանգը։ Երեխաներն արագ վազեցին դեպի իրենց տեղերը, աղմուկը հետզհետե դադարեց։ Միջանցքում, դռան հետևից, լսվեց ուսուցչուհու քայլերի ձայնը։ – Բարի լույս, երեխանե՛ր,- աշակերտներին ողջունեց Աննա Իվանովնան,- Նստե՛ք։ Եվ այսպես, հիմա …
Խոսքը դեռ չավարտած՝ նա պատուհանի մոտ նկատեց կոտրված ծաղկամանը, այն ծաղկամանը, որն ուզում էին նվիրել Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Իգնատևիչ Պրոխորովին։ Ուսուցչուհին գունատվեց.
– Ո՞վ… Ո՞վ է սա արել։ Շո՛ւտ խոստովանեք, այլապես խիստ պատիժը կտարածվի ողջ դասարանի վրա։
Դասարանում լռություն էր տիրում։ Երեխաները միմյանց էին նայում։ Ցածր շշուկ լսվեց։
– Ռուսլա՛ն, դու որևէ բա՞ն գիտես,- հարցրեց ուսուցչուհին. նրա ձայնի մեջ բարկության նոտաներ կային։
– Այո՛, Աննա Իվանովնա, ես գիտեմ։ Դա արել է ԴանիլովաՄարիան,- պատասխանեց շիկահեր տղան։
Դասարանում վրդովմունքի աղմուկ բարձրացավ։
– Դանի՞լովան, այդ ինչպե՞ս։ Դեռ հավատացյալ էլ է և
լռում է։ Այդ ինչպե՞ս կարողացավ…
– Երեխանե՛ր, հանգիստ, հանգիստ,- աշակերտներին հանգստացրեց ուսուցչուհին,- հիմա մենք Դանիլովայի հետ ամեն ինչ կպարզենք։ Մարիա, կանգնի՛ր։
Մարիան կանգնեց։ Նա միջահասակ, մուգ գույնի մազերով, մեծ, շագանակագույն աչքերով աղջիկ էր։ Չնայած ամեն կողմից իր վրա տեղացող կշտամբանքներին՝ նրա դեմքը հանգիստ էր։
– Դու ինչպե՞ս կարողացար կոտրել, Մարի՛ա։ Չէ՞ որ ես քեզ վստահում էի,- ասաց ուսուցչուհին,- իսկ ինչո՞ւ անմիջապես չխոստովանեցիր։ Է՜հ, դեռ հավատացյալ ես,- և նա խոժոռ հայացքով նայեց աղջկան ու ավելացրեց,- Դանի՛լովա, նույնպիսի ծաղկաման կգնես: Այն թանկարժեք է, բայց, ի՞նչ արած, քո մեղքով է կոտրվել… Եվ վաղը կբերես դպրոց։
Աղջիկը լուռ կանգնած էր, նրա խոշոր, պարզ ու հասարակ աչքերում ցավի նշաններ հայտնվեցին։
– Ա՛ննա Իվանովնա,- թույլ տվեք, խնդրում եմ, որ հիմա գնամ այն գնելու,- ցածրաձայն ասաց Մարիան,- վաղը տոն է, խանութներն աշխատում են մինչև կեսօր։
– Լա՛վ, Դանիլովա,- համաձայնեց ուսուցչուհին,- բայց վաղը պատմության դասին պետք է պատասխանես ամբողջ քառասունհինգերորդ պարագրաֆը։
– Ինչպես կասեք,- հնազանդությամբ պատասխանեց աղջիկը,- ներեցե՛ք Ձեզ պատճառած անհանգստության համար։ Մարիան դասագրքերը դրեց պայուսակի մեջ և, հրաժեշտ տալով, դուրս եկավ դասարանից։
Հաջորդ օրը մեծ, գեղեցիկ ծաղկամանը դրված էր ուսուցչուհու սեղանին։ Նվերը հանձնվեց Իվան Իգնատևիչին։ Դպրոցական կյանքն ընթացավ իր նախկին հանդարտ ընթացքով։ Ձմեռ էր: Կրկին հնչեց զանգը, և աշակերտները շարք կանգնեցին։ Սկսվեց ֆիզկուլտուրայի դասը։ Ուսուցիչն ասաց.
– Այսօր պուրակում դահուկ ենք քշելու։ Ես ձեզ արդեն զգուշացրել եմ, որ շատ ցուրտ է և նա, ով ձեռնոց չունենա, «երկուս» կստանա: Այդ գնահատականը, ավաղ, վճռորոշ կլինի։ Դե ինչ, բոլո՞րն են պատրաստ։
Երեխաները խմբով պատասխանեցին՝ «այո՛»։ Հետո գնացին պուրակ։ Այդ տարվա ձմեռն իրոք շատ խիստ էր։
– Եվ այսպես,- շարունակեց Վասիլի Վասիլևիչը` կանգնելով դահուկուղու մոտ,- դահուկարշավը կսկսեն տղաները, այնպես որ, ջենտլմեննե՛ր, ցո՛ւյց տվեք ձեռնոցները,- կատակելով խոսքն ավարտեց ուսուցիչը և ուղղվեց աշակերտների կողմը։ 

Մարիան նկատեց, թե ինչպես Ռուսլան Ռեյնը գունատվեց. նա ձեռնոցներ չուներ։ Աղջիկն իր կողքին կանգնած դասընկերուհուն խնդրեց Ռուսլանին փոխանցել իր ձեռնոցները։ Նրա ձեռնոցները սև էին և Ռուսլանին հարմար։ Ուսուցիչը ստուգում էր ձեռնոցները, և Ռուսլանն արդեն ուզում էր պատասխանել,
որ ձեռնոցներ չունի, բայց այդ պահին Վերան նրա ձեռքի մեջ խցկեց ձեռնոցները։
– Ահա՛ իմ ձե-ձեռնոցները,- հազիվ արտաբերեց զարմացած տղան։
– Այդ դեպքում համարձա՛կ, Ռուսլա՛ն, անցիր մեկնարկի,-ժպտալով ասաց Վասիլի Վասիլևիչը։
Պատանի դահուկորդներն ուսուցչի սուլոցից հետո սկսեցին դահուկարշավը։
– Աղջիկնե՛ր, իսկ հիմա` դուք,- որոշ ժամանակ անց ասաց ուսուցիչը,- ստուգում չի լինի, ես ձեզ վստահում եմ։ Շտապեք մենարկի, շուտով զանգը հնչելու է։
Մարիան հետ նայեց. «Ռուսլանը երեխաների առջևից է գնում, բայց ձեռնոցները վերցնել չեմ հասցնի»,- մտածեց նա։
– Աղջիկնե՛ր,- նրա մտքերն ընդհատեց ուսուցիչը,- պատրա՛ստ, ուշադրություն, մա՛րշ։
Մարիան վազում էր և զգում, թե ինչպես է այրող ցուրտը թափանցում ձեռքերի մեջ։ «Մի քիչ էլ,- մտածում էր Մարիան,- Օ՜, Տե՛ր, ուժ տուր…»։
Արշավն ավարտվեց։
Հաջորդ օրը նա դպրոց չգնաց. ձեռքերը ցրտահարվել էին։ Ուսուցչուհին, ինչպես միշտ, մտավ դասարան և ողջունեց բոլորին։ Մատյանը բացելով՝ նա հարցրեց.
– Իսկ ո՞ւր է Դանիլովան։
– Նրա ձեռքերը ցրտահարվել են,- պատասխանեց Վերան,-
նրա մայրիկը խնդրեց, որ հաղորդեմ ձեզ։
– Դե ինչ,- տխրությամբ ասաց Աննա Իվանովնան,- ես անկեղծորեն ցավում եմ… Իսկ հիմա կստուգենք տնային աշխատանքը։ Այդ ասելով՝ նա նայեց մատյանին։
– Վե՛րա, Վե՛րա,- լսվեց Ռուսլանի շշուկը։
– Դե ի՞նչ,- դժգոհ արձագանքեց նա,- թող կրկնեմ։
– Շնորհակալություն ձեռնոցների համար։
– Շնորհակալություն ասա Մարիային, այդ նրա ձեռնոցներն են։
– Ի՞նչ։ Ինչպե՞ս… Նրա՞… – սարսափած բացականչեց
Ռուսլանը` մոռանալով, որ դեռ դասարանում է։
– Ռե՛յն, դու խանգարում ես դասը,- բարկացած ասաց ուսուցչուհին,- դու այսօր մեկնո՞ւմ ես։
– Ա-այո,- ասես ուրիշ ձայնով պատասխանեց նա,- ես այսօր եկել եմ, որ հրաժեշտ տամ. հավանաբար մենք այլևս չենք տեսնվի, ես կես ժամից Ավստրալիա եմ մեկնում։
Դասարանում լռություն տիրեց։
– Դե ինչ, Ռուսլա՛ն, քեզ հաջողություն ենք ցանկանում,- արդեն մեղմ ձայնով ասաց ուսուցչուհին,- ափսոս, որ մենք մի ծաղկաման էլ չունենք որպես հիշատակ քեզ նվիրելու համար։ Ռուսլանը գունատվեց, տատանվեց՝ դեպի առաջ մի քանի քայլ կատարելով։
– Ի՞նչ պատահեց,- տագնապալի ձայնով հարցրեց Աննա
Իվանովնան,- վա՞տ ես զգում։

– Այո՛, վատ եմ զգում,- խռպոտ ձայնով պատասխանեց Ռեյնը,- վատ եմ զգում այն բանի համար, ինչ արել եմ Մարիայի նկատմամբ։ Ես միշտ չէի սիրում նրան, համարում էի աղանդավոր-բապտիստ, ստոր մի արարած,- արցունքները հոսեցին նրա այտերով,- հիշո՞ւմ եք այն կոտրված ծաղկամանը, որի փոխարենը նա գնեց։ Այդ ես էի կոտրել ծաղկամանը և մի բան էլ նրան զրպարտեցի, իսկ նա տեսել էր, որ ես եմ կոտրել։ Այդ օրը Մարիան առաջինն էր եկել դասարան և չասաց, որ ես եմ կոտրել։ Իսկ երեկ ֆիզկուլտուրայից ես կարող էի երկուս ստանալ, որովհետև մոռացել էի ձեռնոցներս, իսկ նա ինձ փրկեց՝ վտանգելով իր առողջությունը։ Ես կյանքումս չեմ տեսել նրա նման ուրիշ մեկին։ Ես ներողություն եմ խնդրում ձեզնից, Մարիայի Աստծուց։ Օ՜, որքան կցանկանայի ներողություն խնդրել հենց Մարիայից, բայց, ավաղ, արդեն չեմ կարող, ներքևում ինձ է սպասում ավտոմեքենան։
Եվ իրոք, փողոցից լսվեց ավտոմեքենայի ազդանշանը։
– Այդ իմ ետևից են եկել,- դողացող ձայնով խոսքն ավարտեց Ռուսլանը,- մնա՛ք բարով։
Բոլորը ցնցված էին լսածից։ Ռուսլան Ռեյնը դուրս վազեց դասարանից։
Անցավ մի քանի տարի։ Ռուսլանի և Մարիայի հետ կապված այդ դեպքն անհետևանք չանցավ։ Մարիայի ուսուցչուհին ու համադասարանցիները մինչև սրտի խորքը զգացված  էին նրա արարքից։ Աննա Իվանովնան և որոշ աշակերտներ գնացին եկեղեցի՝ իմանալու համար, թե ինչ են այնտեղ սովորեցնում: Շատերն իրենց սրտերում ընդունեցին Հիսուս Քրիստոսին։ Մարիան ապաքինվեց, սակայն մի ձեռքի վրա այրվածքի նշան մնաց։
… Կրկին հնչեց զանգը՝ վերջինը։ Դպրոցի տնօրեն Ալեքսանդր Իվանովիչը աշակերտների համար հրաժեշտի երկար ճառ արտասանեց, իսկ վերջում իր առջև մեծ, կարմիր վարդերով լի հսկայական բյուրեղապակյա ծաղկաման դրեց։
Հոգնած շրջանավարտները աշխուժացան։
– Այս հիանալի ծաղկամանը,- ժպտալով ասաց Ալեքսանդր Իվանովիչը,- խնդրել է Մարիա Դանիլովային փոխանցել իմ զարմիկ Ռուսլան Ռեյնը։
Մարիան, բոլորի նման, ապշած էր։
Երբ նա տանը սեղանին դրեց ծաղկամանը, նկատեց ծաղիկների մեջ դրված նամակը: Բացելով այն՝ կարդաց.
«Թանկագի՛ն Մարիա. Անցել է արդեն վեց տարի, բայց իմ արարքը սրտումս չսպիացող վերք է թողել։ Մեկնելով Ավստրալիա՝ ես երկար ժամանակ ոչ մի կերպ չէի կարողանում քեզ փոխանցել ո՛չ ծաղկամանը, ո՛չ նամակը։ Իմ սարսափելի արարքը, քո խոնարհությունը և քո` այն ժամանակ դեռ պատանի աղջկա տառապանքները, երկար ժամանակ տանջում էին ինձ։ Ես տեղս չէի գտնում, հոգիս կեղեքվում էր, մինչև գնացի եկեղեցի։ Որքա՜ն շնորհակալ եմ քեզնից, որ կարողացա այնտեղ գնալ ու Քրիստոսին սրտումս ընդունել։ Այո, ես հիմա հավատացյալ եմ, եկեղեցու անդամ, ես գիտեմ` Հիսուսը ներել է ինձ ամեն ինչ, և երջանիկ եմ, որ այս աշխարհում դու կաս։ Ների՛ր ինձ ամեն ինչի համար, թեև գիտեմ, որ ներել ես։ Օ՜, Մարի՛ա, որքա՜ն շնորհակալ եմ քեզնից, թող Աստված օրհնի՛ քեզ:
Քրիստոսով քո եղբայր`
Ռուսլան
»։
Թանկագի՛ն բարեկամներ։ Չարին հնարավոր չէ հաղթել չարով, չարին հաղթում են բարիով։ Դա կարող եք փորձել ձեր կյանքում, ինչպես արեց այս պատմվածքի հերոսուհին։