Ճանաչել Աստծուն

Այս թեման շատ կարևոր է, որովհետև շատերը, նույնիսկ եկեղեցում գտնվողները, չեն ճանաչում Աստծուն:

Աստծո հետ անհատական կապ ունենալը և Նրան ճանաչելը չափազանց կարևոր է: Ճշմարիտ աստվապաշտությունը Աստծո մասին գիտելիք ունենալը չէ, այլ` Աստծուն ճանաչելը: Աստված ուզում է, որ մենք ճանաչենք Իրեն և Իր հետ անձնական հաղորդակցություն ունենանք:

Աստծուն փնտրելու ընթացքում ես առաջին անգամ հանդիպեցի Տիրոջը և դրանից հետո վկայեցի Աստծո սիրո մասին. իմ վկայությունն ունեցավ մեծ արդյունք: Մենք պետք է մեր անձնական կյանքում ունենանք փոխհարաբերություն Աստծո հետ, և ոչ թե այդ հարաբերությունների մասին իմանանք մեկ ուրիշի պատմելով: 

Մեր ժամանակներում շատ քիչ են սովորեցնում, թե ինչպես է պետք ճանաչել Աստծուն: Մարդիկ մտածում են, որ Աստծո հետ հաղորդակցությունը ժամանակ առ ժամանակ Նրա ներկայության մեջ լինելն է: Դա լավ է, բայց Աստված այլ բան է ուզում: Գոյություն ունի մեծ տարբերություն, երբ դուք ժամանակ առ ժամանակ հանդիպում եք ինչ-որ մեկի հետ և երբ դուք ապրում եք այդ մարդու հետ այն պայմանով, որ իրոք ուզում եք ճանաչել նրան: Սա ինձ հիշեցնում է իմ փոխհարաբերությունները կնոջս հետ: Քսանմեկ տարի համատեղ ապրելով` ես կարողացել եմ ճանաչել նրան ավելի, քան ուրիշ որևէ մեկին: Բայց Տերն ինձ ավելի լավ գիտի: Չկա վայրկյան, երբ Նա ինչ-որ բան չիմանա: Նա տեսնում է քեզ անկախ նրանից` ուզում ես դու դա, թե ոչ: Հոգու դուռը ուրիշ մարդկանց առջև կարելի է փակել, բայց չի կարելի թաքնվել Աստծո երեսից: Երբ անկեղծանանք Աստծո առջև, Նա Իրեն կհայտնի մեզ: 

Շատ կարևոր է իմանալ, որ ոչ թե առանձին ընտրյալներ կարող են Աստծո հետ հաղորդակցության ունենալ, այլ ամեն ոք, ով ծարավ է և ձգտում է Նրան: Շատ տարիներ առաջ եկեղեցու պատմության մեջ այն միտքը, թե միայն ընտրյալները կարող են ունենալ Աստծո հետ հաղորդակցություն, հասավ ծայրահեղության: Հետագայում հոգևոր արթնություն սկսվեց, և մենք հասկացանք, որ Աստված, իրոք, սիրում է մեզ և ուզում է հաղորդակցվել մեզ հետ: Աստված սկսեց գործել եկեղեցում: Մենք տեսնում էինք, թե ինչպես էին մարդիկ լցվում Սուրբ Հոգով և վայելում Տիրոջ ներկայությունը: Գալով հավաքույթի` մենք ուրախանում էինք, երբ զգում էինք Աստծո Հոգու շարժը: Դուք կարող եք Հոգու այդ շարժը զգալ շատ անգամներ, բայց միևնույն ժամանակ անձամբ չճանաչել Աստծուն: Բայց Աստված ասում է, որ Ինքն ուզում է հաղորդակցվել Իրեն ծարավ եղողների, այլ ոչ թե նրանց հետ, ովքեր միայն օրհնություն և պարգևներ են փնտրում: Ադամն ամեն օր հաղորդակցվում էր Աստծո հետ, բայց նա չլսեց Աստծուն և կորցրեց այդ հաղորդակցությունը: Հիսուս Քրիստոսը եկավ, զոհվեց Գողգոթայում ու բացեց դեպի Հորը տանող ճանապարհը:

Ես ճանաչում եմ շատ քրիստոնյաների, ովքեր Աստծո անկեղծ վախը չունեն: Նրանք հաճախ ուղղակի չեն վստահում Աստծուն: Մարդիկ Աստծուն մեղադրում են երկրի վրա կատարվող բոլոր չար բաների համար, իսկ լավ բաները վերագրում են իրենց:
Մեր անհավատության պատճառով մենք Աստծո իշխանությունը իջեցնում ենք ցածր մակարդակի, կարծես Նա տիրապետում է շատ փոքր ուժի, և միաժամանակ բարձրացնում ենք մեզ: Ամբողջ հումանիտար կրոնը հռչակում է, որ մենք կարող ենք կառավարել մեր ճակատագիրը, կարծես թե մենք կատարյալ ենք և բավականաչափ զարգացած` կյանքում ճիշտ ընտրություն կատարելու համար. իրականում այս ամենը սատանայի խաբկանք է: Երբ մարդը սկսում է հեռանալ Քրիստոսից, նրա արած գործը, ինչ էլ որ լինի, իրականում ոչինչ չարժե: Հնարավոր է, որ այն ունի ժամանակավոր արժեք, բայց` ոչ հավիտենական:
Մովսեսը, ով մարմնի ժամանակավոր հաճույքները վայելելու փոխարեն գերադասեց լինել իսրայելացիներից մեկը, կարող էր մնալ փարավոնի ընտանիքում և ապահովել իր ճոխ երկրային կյանքը: Սակայն նա տեսավ ավելին, քան այդ ժամանակավոր կյանքն էր, և նախընտրեց մնալ Աստծո ժողովրդի հետ: Մովսեսը եկեղեցու պատմության մեջ համարվում է Աստծո մեծ մարդկանցից մեկը: Բայց նախքան ընտրություն կատարելը նա պետք է տեսներ ավելի հեռուն, քան կարող է տեսնել մարդկային աչքը: Նա գիտակցեց, որ պետք է կորցնի այն, ինչը չի կարելի պահպանել` պահպանելու համար այն, ինչը չի կարելի կորցնել: Նա նախընտրեց հավիտենականը ժամանակավորի փոխարեն:
Այսօր «բարգավաճման» թեման քարոզվում է շատ եկեղեցիներում: Ասվում է` եթե ինչ-որ բան հաջողություն է բերում, ուրեմն բարի է: Բայց աշխարհում ամենաբարգավաճող մարդկանցից շատերը ամենամեծ անաստվածներն են: Օրինակ` պոռնոգրաֆիկ հրատարակությունների տերերը շատ կյանքերի կործանման գնով ամեն օր ստանում են միլիոնավոր դոլարներ, և ունեն «հաջողություն»: «Հաջողություն» ունեն այն մարդիկ, ովքեր խաբում են, գողանում, երեսպաշտ են ու կեղծավոր, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե դրանով փող աշխատեն: Ուշադրություն դարձնենք Երեմիայի գրքին. «Տերն այսպես կըսե. Իմաստունը իր իմաստությունովը չպարծի ու զորավորը իր զորությունովը չպարծի, հարուստը իր հարստությունովը չպարծի, հապա ան, որ կպարծի, թող ասով պարծի, որ կհասկանա ու Զիս կճանչնա և գիտե, թե Ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք ու արդարություն կընեմ, քանզի Ես անոնց կհաճիմ, կըսե Տերը» (Երեմիա 9:23-24):
Ահա երեք բան, որոնցով, ինչպես Տերն է ասում, չպետք է պարծենանք` իմաստություն, ուժ և հարստություն: Այս աշխարհում ապրողների մեծամասնության ձգտումն ուղղված է սրանցից մեկին կամ միանգամից երեքին էլ:
Մենք տեսնում ենք մարդկանց, որոնց պատել է գիտելիքների հանդեպ ձգտումը: Նրանք ծարավ են գիտության և հպարտանում են իրենց ձեռք բերած «իմաստությամբ»:

Կան ոմանք, ովքեր ուժեղ են դարձել, երկրի վրա կառուցել են իրենց թագավորությունը: Նրանցից շատերը գործել են անօրինականորեն, բայց ձեռք բերված ուժի և իշխանության շնորհիվ համարվում են պատկառելի:
Շատերը ջանում են կուտակել մեծ հարստություն, որպեսզի դառնան անկախ և ունենան իշխանություն, քանի որ անկախությունը և իշխանությունը տալիս են ցանկությունները և մարմնի կամքը իրականացնելու հնարավորություն: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես շատ քիչ քարոզներ եմ լսել, որոնցում ասվում է, թե ինչ հիանալի է Աստծուն ճանաչելը և հասկանալը: Աստված չի ցանկանում անհայտ մնալ, Նա լույս է, իսկ լույսը հնարավոր չէ ծածկել: Հիսուսի կատարած գործերը գաղտնի չեն արվել: Նա հստակ էր ասում Իր կատարածի մասին:
Աստված ցանկանում է, որ մենք ճանաչենք ու հասկանանք Իրեն, որովհետև Նա մեր Հայրն է: Իմ երկնային Հայրը ինձ ճանաչում է շատ մոտիկից և ուզում է, որ ես էլ Իրեն այդպես ճանաչեմ: Աստված ցանկանում է փորձել մեր սիրտը, որպեսզի տեսնի, թե ինչքանով ենք վստահում Իրեն, Նա ցանկանում է, որ մենք ենթարկվեք Իրեն, անկախ այն բանից` հասկանում ենք մենք կատարվածը, թե ոչ: Երբ Նա տեսնի մեր հնազանդությունը, կսկսի մեզ հասկացնել: Նա ծառայի կարգավիճակից կտանի մեզ բարեկամի կարգավիճակի: Հիսուսին հետևողները գայթակղվել էին Նրա խոսքերից, որ ասում էր` եթե իմ մարմինս չուտեք ու արյունս չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա: Շատերը հեռացել էին, և մնացել էին տասներկու աշակերտները: Այն ատեն Հիսուս տասներկուքին ըսաւ. «Միթե դուք ա՞լ կ’ուզեք երթալ: Սիմոն Պետրոս պատասխան տվավ անոր. Տէ՛ր, որո՞ւ պիտի երթանք, դուն յաւիտենական կեանքի խօսքեր ունիս» (Հովհ.6:68-69): Անցան տարիներ, հետո Հիսուսն աշակերտներին անվանեց բարեկամներ, ոչ թե ծառաներ, որովհետև նրանք կատարում էին այն ամենը, ինչ Նա պատվիրում էր իրենց: Ծառան չգիտի և չի հասկանում, թե ինչ է անում Տերը, բայց Տերը իր գործողությունները բացատրում է իր բարեկամներին:
Դուք չեք կարող դիմել Աստծուն` խնդրելով տալ ձեզ հասկացողություն և նույնժամ ստանալ ամեն տեսակի հայտնություններ: Այդպես չի լինում, դուք պետք է ժամանակ անցկացնեք Աստծո հետ` Նրա առջև գալով: Աստված ասաց, որ եթե սիրենք Իրեն ու պահենք Իր պատվիրանները, Հայրը և Որդին կգան ու կբնակվեն մեր մեջ (Հովհ.4:23): Երբ Աստված ապրի մեր սրտում, մենք կսկսեք ճանաչել Նրան, ու երբ Նա սկսի գործել մեր միջոցով, մենք կսկսենք Նրան ավելի լավ հասկանալ: Երբ սկսենք Աստծո հետ հնազանդությամբ քայլել, կգա ժամանակ, երբ Տերը կբացատրի մեզ Իր գործերը: Նա կբարձրացնի մեզ բարեկամի աստիճանի և կբացատրի մեզ այն պատճառները, որոնք մղում են Իրեն այս կերպ վարվելու:
Որքան հաճելի է քայլել Աստծո հետ և տեսնել Նրա գործերը, հատկապես, երբ հասկանում ես, թե ինչու է Նա այդ անում: Լինում են պահեր, երբ Աստված քրիստոնյայից պահանջում է այնպիսի բան, որը նա չի հասկանում և իրեն վիրավորված է զգում: Բայց եթե մենք ճանաչում ենք Նրան և քայլում ենք Նրա հետ, Նա բացատրում է մեզ Իր գործողությունները: Լինում են պահեր, երբ մենք Տիրոջ գործողությունների մեջ չենք տեսնում ոչ մի տրամաբանություն, բայց
երբ ճանաչենք Նրան, Նրա յուրաքանչյուր գործում կտեսնենք կատարյալ իմաստ:
Կան հիմնական պահեր, որոնց մասին պետք է իմանա Աստծո Արքայությունը մտնել ցանկացող յուրաքանչյուր քրիստոնյա: Նա պետք է հասկանա, թե ով է ինքը իրականում, ինչ է Աստված սպասում իրենից, և թե ինքը ինչպիսի փոխհարաբերություններ պետք է ունենա Աստծո հետ: Ահա, թե ինչպես է աղոթում Հիսուսը մեզ համար Հովհաննու ավետարանում (Հովհ.17:1-3): Երբ Տերը առաջին անգամ բացեց ինձ այդ, ես մի քանի անգամ կարդացի այդ տեղը: Ես կարծում էի` հավիտենական կյանքն այն է, որ երբեք չեմ մեռնի: Բայց, ուսումնասիրելով խոսքը, ես հասկացա, որ ծնվածս օրից ունեմ հոգի, որը չի մեռնում, անկախ նրանից` փրկված եմ ես, թե ոչ: Ամեն ոք ծնվում է անմահ հոգով: Հարցը միայն այն է, թե որտեղ կանցկացնի նա հավիտենությունը` Աստծո ներկայության մեջ, թե՞ կրակի լճում` տանջվելով գիշեր ու ցերեկ: Հիմա մարդու համար Աստծո հետ լինելու հնարավորություն կա, բայց ի՞նչ է սա նշանակում: Ես գիտեմ միակ տեղն Աստվածաշնչում, որտեղ տալիս է հավիտենական կյանքի պարզ սահմանումը, և այն ասում է հետևյալը. հավիտենական կյանքը Աստծո և Աստծո կողմից ուղարկված Հիսուս Քրիստոսի ճանաչողության մեջ է: Ահա հավիտենական կյանքի իմաստը` մենք կարող ենք ճանաչել Աստծուն և ոչ թե լոկ գիտություն ունենալ Նրա մասին: Ի՞նչ է սա նշանակում: Եթե ինձ ԱՄՆ-ի նախագահի հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռվի, ապա դա ինձ համար մեծ պատիվ կլինի: Ամենահուզիչը կլինի այն, որ իմ դիմաց կանգնած կլինի նախագահը և ես կկարողանամ խոսել նրա հետ, գտնվել Սպիտակ տանը:
Կան ընտանիքներ, որտեղ երեխաները գնահատում են ծնողներին այնքանով, որքանով որ նրանցից սպասելիքներ ունեն: Բայց ճշմարիտ գնահատականը սիրո հաղորդակցության մեջ է:

Մենք ծնված ենք, որ լինենք Աստծո ընտանիքը: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ հիասքանչ է Ամենակարող Աստծո զավակը լինելը: Ես չեմ խոսում հանրապետության նախագահի մասին, ում պետք է ընտրել չորս տարին մեկ: Աստված ենթակա չէ վերընտրության, Նա տիեզերքի Արարիչն է, Նրան է պատկանում երկիրը և նրանում գտնվող ամեն բան: Մենք Նրա զավակներն ենք, և Նա մեզ տվել է հավիտենական կյանքի պարգև` Իրեն ճանաչելու հնարավորություն:
Ինձ զարմացնում է այն, որ քրիստոնյաներից շատերն այդպես էլ երբեք չօգտվեցին իրենց տրված հրավերից: Եթե նախագահը ձեզ մեկ ամիս Սպիտակ տանը անցկացնելու հրավեր ուղարկեր, և դուք մերժեիք այն ֆուտբոլի խաղի կամ հեռուստահաղորդման պատճառով, ապա նա կհամարեր դա վիրավորանք: Աստված մեզ տալիս է Իրեն ճանաչելու հնարավորություն, բայց մենք չափից դուրս զբաղված ենք երկրորդական բաներով և չունենք ժամանակ: 

Երբեմն մեզ համար դժվար է հավատալ, որ Աստված շփում կունենա մեզ հետ: Աստծո ամենամեծ մարդկանցից էր Ենովքը: Աստվածաշնչում ասվում է, որ Ենովքը 300 տարի քայլեց Աստծո հետ: Հետո Տերը վերցրեց նրան և Ենովքն այլևս չէր գտնվում երկրի վրա (Ծննդոց 5:21-24): Նա ապրում էր այն ժամանակաշրջանում, երբ մարդկանցից շատերն ապրում էին 800-900 տարի: Նա 365 տարեկան էր, երբ Աստված վերցրեց նրան Իր մոտ: Ինչպե՞ս էր Ենովքին հաջողվում քայլել Աստծո հետ 300 տարի, երբ մեզ համար դժվար է Աստծո առաջ 3 օր կամ 3 շաբաթ քայլելը: 

Աստված մեզ հրավիրում է մշտապես Իր հետ քայլելու: Մենք ունենք շատ քիչ ժամանակ` որոշելու համար, թե որտեղ պետք է անցկացնենք հավիտենությունը: Հավիտենության դուռը լայնորեն բացված է: Որդին պատրաստել է այն ճանապարհը, որով մենք կարող ենք հասնել Աստծո Գահի մոտ` ստանալու Նրա օրհնությունն ու բարեհաճությունը:


Ջ. Հեջքոք