Ծնողներ եւ զավակներ

Եթե Աստված չկառուցի տունը, զուր են աշխատում այն շինողները: 
Սաղմոս 127:1

Աստված մարդկանց մեծ պարգև է տվել` ծնել երեխաներ: Բայց երեխաները ծնվում են, որպեսզի ապրեն ոչ միայն այս կյանքում, այլև հավիտենության մեջ`Աստծո հետ: Շատ կարևոր է գնահատել Աստծո այդ պարգևը: 

Աստված Մարիամին ու Հովսեփին տվեց Հիսուս մանուկին և նրանք մեծացրին Նրան Աստծո համար: Երբ Հովսեփը հոգ էր տանում Հիսուսի համար, նա հասկանում էր, որ դա Աստծո Որդին է: Նա գիտեր, որ իր վրա պատասխանատվություն է դրված: Ծնողնե՛ր, ձեզ վրա նույնպես մեծ պատասխանատվություն է դրված` դաստիարակել ձեր զավակներին, և այդ դաստիարակության համար Աստծուն պատասխան պիտի տաք: Տերն ասում է. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին և կփրկվես դու և քո ամբողջ տունը»: Հիշենք, թե Աստված ինչպես վարվեց Հեղի քահանայի հետ (Ա Թագավորաց 3:13-14): Հեղին ճիշտ չէր դաստիարակել իր որդիներին, այդ պատճառով Տերը վճիռ կայացրեց` մերժեց Հեղիին, նրա որդիներին և նրա ամբողջ տունը: Քահանայությունը վերցվեց Հեղիի տնից հավիտյան, որովհետև Հեղին տեսնում էր Աստծո տան մեջ իր որդիների կատարած անօրինությունները և չէր սաստում նրանց: Հիշե՛ք, որ յուրաքանչյուր ծնող Աստծո առաջ պատասխան պիտի տա իր երեխայի համար: 

Երեխաների դաստիարակության մեջ շատ կարևոր է ՍԵՐԸ: Սերը պետք է արտահայտվի թե՛ ուսուցանելու, թե՛ հոգատարության, և թե՛ պատժի մեջ: Չլինի թե մեր ընտանիքում երեխաներից մեկին ավելի շատ ուշադրության արժանացնենք, քան մյուսներին, ինչպես Հակոբը վարվեց: Նա Հովսեփին մյուս որդիներից
ավելի շատ էր սիրում և նրա համար բազմագույն պատմուճան պատրաստեց` դրանով ատելություն առաջացնելով մյուս եղբայրների մոտ: Կան ծնողներ, ովքեր երեխաներից մեկին ավելի շատ են սիրում, քան մյուսներին, որովհետև այդ երեխան ավելի գեղեցիկ է կամ ավելի խելացի: Տերը չի հաճում այդպիսի վերաբերմունքի: 

Սուրբ Գրքում ասվում է, որ եկեղեցու տկար անդամներին պետք է ավելի պատիվ անենք, որպեսզի նրանք երբեք իրենց երկրորդ կարգի մարդ չզգան: Նույնը պետք է լինի ընտանիքում, որովհետև Աստված ձեր երեխաներին չի առանձնացնում, Նա ուզում է փրկել բոլորին:

Երեխաների հետ պետք է ժամանակ անցկացնել: Մի անգամ այսպիսի փորձ կատարեցին` պարզելու համար, թե հայրը որքան ժամանակ է անցկացնում իր որդու հետ: Երեխայի հագուստին ամրացրեցին մի հաղորդիչ: Երբ հայրը սկսում էր խոսել տղայի հետ, հաղորդիչը միանում էր: Եվ արդյունքը` հայրը որդու հետ մեկ օրվա ընթացքում խոսել էր 37 վայրկյան: Արդյո՞ք երեխան այդ հորից կարող է ինչ-որ բան սովորել: 

Երբ ամերիկացի երեխաներին հարց էին տվել. «Ինչի՞ց դուք ավելի շուտ կհրաժարվեիք` հեռուստացույցից, թե՞ հայրիկից», 92%-ը պատասխանել էր` «Հայրիկից»: Ինչո՞ւ: Որովհետև հեռուստացույցի հետ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան հայրերի: Եթե մեր ընտանիքներում նույնպես այդպես լինի, մենք չենք կարողանա մեր երեխաներին Աստծո համար դաստիարակել: Եթե ծնողն այսօր ժամանակ չունենա իր երեխայի հետ հաղորդակցվելու, ապա հետո, երբ երեխան մեծանա և հայրը ցանկանա զրուցել որդու հետ, որդին կասի. «Չեմ կարող հիմա քեզ հետ խոսել, ընկերներս ինձ են սպասում»: 

Երեխաների դաստիարակությունն այսօր չափազանց կարևոր խնդիր է, և այն չի կարելի հետաձգել: Մտածե՛նք այս մասին:

Հուլիս, 2009թ., N 3 ( 3 )