Դուք Քրիստոսի թուղթն եք

Սիրելինե՛ր, ուզում եմ խոսել 2Կորնթ. 3:3 խոսքի շուրջը. «Հայտնի ըլլալով որ դուք Քրիստոսին թուղթն էք մեր սպասավորությունովը, ո՛չ թէ մելանով գրված, հապա կենդանի Աստուծոյ Հոգիովը, ո՛չ թէ քարեղեն տախտակներու վրայ, հապա սրտին մարմնեղէն տախտակներուն վրայ»: Հետաքրքիր է, որ Պողոս առաքյալը հավատացյալ մարդկանց անվանում է նամակ: Նամակը հնարավորություն է տալիս, որ իրարից հեռու գտնվող մարդիկ կարողանան տեղեկատվություն փոխանակել: Մարդիկ կարող են կարդալ նամակը և իրարից ստանալ վատ կամ լավ նորություններ: Հետաքրքիր է, որ Աստված նայում է իր զավակներին և ասում` դուք իմ նամակներն եք: Աստված ուզում է մեր միջոցով աշխարհին հայտնել Ավետարանի բարի լուրը: Հավատացյալների ապրած կյանքը նամակ է, մարդիկ մեր կյանքում կարող են կարդալ բարկություններ, ատելություններ, նախանձներ, կռիվներ, և դրան հակառակ` մարդիկ կարող են մեզ նայել ու կարդալ մեր մեջ սեր, խաղաղություն, հնազանդություն, հավատարմություն և ամեն տեսակի լավ բաներ:
Մենք պետք է հիշենք` մեր կյանքը նամակ է: Մենք մեր նամակ լինելով կարող ենք մարդկանց կա՛մ ուրախացնել, կա՛մ հիասթափեցնել: Իմ և քո կյանքը դիտում են կողքի մարդիկ, և նրանք կա՛մ փառաբանում են Աստծուն, կա՛մ խնդրում են Աստծուց, որ այլևս ձեզ հետ չհանդիպեն: Մոլդովիայում մի եպիսկոպոս եղբայր (այդ պատմությունը եղբայրն անձամբ է ինձ պատմել) պատմում էր, որ իրենց եկեղեցում շատ վատ մի երիտասարդ կար: Մի անգամ եպիսկոպոս եղբայրն այդ երիտասարդին ասել է, որ եթե Ատված ուզենա ինչ-որ մեկին պատժել, ապա կծանոթացնի նրա հետ: Մեր կյանքով մենք կարող ենք Աստծուն կամ փառք բերել, կամ էլ անարգանքի պատճառ դառնալ: Մարդիկ նայում են մեր կյանքին և կարող են տեսնել մեր կյանքը, մեր վերաբերմունքը տարբեր հարցերի նկատմամբ, լսել մեր արտահայտություններն ու կարծիք կազմել մեր մասին:
Վերոհիշյալ հատվածի վերջնամասում կարդում ենք. «ո՛չ թէ մելանով գրված, հապա կենդանի Աստուծոյ Հոգիովը, ո՛չ թէ քարեղեն տախտակներու վրայ, հապա սրտին մարմնեղէն տախտակներուն վրայ»: Աստված աշխատում է փոխել մեր կյանքը, և դրա համար փոխում է մեր սիրտը: Նա հստակ գիտի, որ եթե մեր ներսի կյանքը փոխվի, ապա կփոխվեն նաև մեր խոսքերն ու վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Սակայն հնարավոր է, որ մարդու վերաբերմունքը փոխվի, բայց սիրտը` ոչ. այդ մարդուց ստացվում է ուղղակի հիանալի դերասան: Աստված չի ուզում, որ մենք ձևացնենք, թե սիրում ենք: Գրված է` սիրիր նույնիսկ թշնամուդ, մի՛ ձևացրու, թե ներել ես, այլ ներիր սրտանց: Մենք, որպես քրիստոնյաներ, պետք է արտացոլենք երկնայինը երկրի վրա:
Բուժաշխատողները բուժելու մի այսպիսի կերպ ունեն`մի հիվանդին ասում են, որ ծովային կլիմայի կարիք ունի, երկրորդին` լեռնային, երրորդին` անտառային և այլն: Մարդը, փոխելով իր կլիման, սկսում է իրեն լավ զգալ: Մենք իրար ասում ենք. եթե դու քրիստոնյա ես և քեզ հոգևորապես վատ ես զգում, մի՛ փնտրիր լեռնային կլիմա, ո՛չ էլ ծովային կամ անտառային: Առողջարար կլիման փնտրիր այնտեղ, ուր Սուրբ Հոգու ներկայությունն է: Աստծո ներկայության մեջ դու կլուսավորվես ու քեզ լավ կզգաս: Այսպիսով, սրտի վիճակից է կախված մեր ամբողջ զգացողությունը: Դա նշանակում է` եթե ես ուզում եմ, որ փոխվի իմ կյանքը, ուրեմն պետք է փոխվի իմ սիրտը, և եթե փոխվի իմ սիրտը, ինքնաբերաբար կփոխվի նաև իմ կյանքը:
Ծննդոց 37:4 խոսքում գրված է. «Անոր եղբայրները տեսնելով, որ իրենց հայրը զանիկա իր բոլոր եղբայրներէն ավելի կը սիրէր, ատեցին զանիկա ու խաղաղութեամբ չէին կրնար խօսիլ անոր հետ»: Այստեղ Աստվածաշունչը խոսում է աստվածապաշտ մարդու որդիների և նրանց հարաբերությունների մասին: Նրանք ընկերասեր չէին, սիրով չէ- ին խոսում իրար հետ, հնարավոր է` իրար հետ բարձր ձայնով, ատելությամբ էին խոսում: Աստվածաշունչն ասում է, որ նրանք իրար չէին սիրում: Գրված է` խաղաղությամբ չէին կարող խոսել նրա հետ: Չէին կարող. գիտե՞ք, թե ինչ է նշանակում չէին կարող: Եկե՛ք միասին հարցնենք` ինչո՞ւ: Նրանք շատ լավ ընտանիքից էին, նրանց հայրը` Հակոբը, աստվածավախ մարդ էր և Աստծո հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր, ուներ հայտնություններ: Բայց ինչ-որ բան կատարվեց որդիների հետ: Եկե՛ք պատճառը գտնենք բուն տեքստում, այստեղ գրված է` «ատեցին նրան». ես կարծում եմ, որ այս է այն պատճառը, որը հանգեցրեց հանցանքի: Սկզբում ատեցին, և ինչի՞ հանգեցրեց այս ատելությունը: Արդյունքը` չէին կարող սիրով, հարգանքով վարվել իրար հետ: Իսկ ինչպե՞ս կարող էր Հակոբը սեր ավելացնել որդիների մեջ: Եթե Հակոբը բռներ երեխաներից մեկի ականջից և ասեր. «Այդ ինչպե՞ս ես խոսում քո եղբայրների հետ», արդյո՞ք դա կավելացներ սերը: Ես հավատում եմ, որ երեխան կձևացներ, իբր ամեն բան կարգին է, բայց ատելությունը կմնար սրտում: Գիտե՞ք, թե ինչի կարիք ունեին Հակոբի երեխաները: Նրանք կարիք ունեին ոչ թե պատժի, ոչ թե հոր բարձրաձայն հանդիմանության, այլ` սրտի փոփոխության, որովհետև երբ ատելությունը բույն է դնում սրտի մեջ, հեռու է վանում ընկերական սերը, և ատելությունը նույնիսկ մտրակով չէք կարող քշել սրտից: Հենց որ ատելությունը մտավ Հակոբի որդիների սիրտը, հեռացավ ընկերասիրության ունակությունը: Բայց եթե հայրը մոտենար որդիներին և ասեր. «Զավակնե՛րս, այն, ինչ ես լսում եմ, ցույց է տալիս, որ դուք սրտի հետ կապված խնդիրներ ունեք: Որդինե՛րս, ես ձեզ խորհուրդ եմ տալիս` ապաշխարե՛ք, խոստովանե՛ք, թողե՛ք ձեր սրտի ատելությունը: Եվ երբ որ հեռանա ատելությունը, երկնքից կգա այն սերը, որը թույլ է տալիս սիրել նույնիսկ թշնամիներին»:
Ի՞նչ ենք կարդում մենք, երբ նայում ենք Հակոբի որդիներին: Նրանք նամակ էին, որը կարող էին կարդալ հարևանները, Հովսեփը ևս, որպես հարազատ եղբայր, կարող էր կարդալ: Ի՞նչ կարող էին մարդիկ կարդալ այդ նամակում`ընկերասեր չեն, նյարդային են, ատելությամբ են լցված:

1101978072_univ_lsr_md

Դու կանչված ես Աստծո բաց նամակը լինելու, կանչված ես, որ մարդիկ քո մեջ տեսնեն Քրիստոսին: Աստված Իր Սուրբ Հոգով աշխատում է քո սրտի հետ, և եթե ինչ-որ մեկն այսօր ասի. «Ես ուզում եմ, որ իմ սիրտը փոխվի, ես ուզում եմ ուրիշ սիրտ», գիտե՞նք արդյոք, թե որտեղ է Նա, Ով նոր սիրտ է տալիս:          Ա Թագավորաց 10:9. «Երբ անիկա իր կռնակը դարձուց Սամուէլին քովէն երթալու համար, Աստուած անոր ուրիշ սիրտ մը տուավ եւ նույն օրը այս բօլոր նշանները կատարուեցան»: Այստեղ գրված է, որ Աստված Սավուղին նոր սիրտ տվեց: Մենք կարիք ունենք, որ մեր սրտերը փոխվեն: Աստված գիտի, որ եթե մարդու ներսը փոխվի, ապա կփոխվի նաև նրա արտաքին վարքագիծը: Բացատրե՛ք խնդրեմ, ինչո՞ւ միևնույն իրավիճակում տարբեր մարդիկ տարբեր կերպ են վարվում: Ոմանք նյարդայնանում են, ոմանք խաղաղ են, ոմանք աղաղակում են, ոմանք հանդարտ են: Աշխարհի մարդիկ դա մեկնաբանում են արևի ակտիվությամբ, լիալուսնով, մակընթացություններով ու տեղատվություններով, շաբաթվա օրերով: Բայց մեզ` քրիստոնյաներիս, այն բացատրությունն է պետք, որի հետևում կանգնած է Աստված: Գիտե՞ք` ես ինչպես եմ այն բացատրում: Ես այն բացատրում եմ սրտի վիճակով. ինչո՞ւ են մարդիկ նույն վիճակում տարբեր կերպ վարվում. որովհետև մարդիկ սրտի տարբեր վիճակներ ունեն: Եղբա՛յրս, քո՛ւյրս, եթե այսօր ուզում ես փոխվել, դու այսօր ունես բոլոր հնարավորությունները, որովհետև դրա համար պետք չէ վճարել, պետք չէ նույնիսկ հերթ կանգնել, պետք է միայն գալ Հիսուսին` այնպես, ինչպես կաս, և ասել. «Հիսո՛ւս, ես չեմ ուզում դերասան լինել, ես ուզում եմ Քո որդին լինել` նոր սրտով: Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ նայելիս չգայթակղվեն, այլ նայեն ու փառավորեն Քո սուրբ անունը»:

Մատթեոսի 23:23-25 խոսքերում գրված է. «Վա՜յ ձեզի, կեղծաւո՛ր դպիրներ ու փարիսեցիներ, որ անանուխի ու սամիթին եւ չամանին տասանորդը կը վճարէք ու կը ձգէք օրենքին ծանր ծանր բաները, դատաստանը եւ ողորմությունը ու հավատքը. ասոնք պետք է ընեիք եւ զանոնք չձգեիք: Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկը կը քամէք, եւ ո՛ւղտը կը կլլէք: Վա՜յ ձեզի, կեղծավո՛ր դպիրներ ու փարիսեցիներ, որ գաւաթին ու պնակին դուրսի կողմը կը մաքրէք, բայց ներսէն յափշտակությամբ եւ անիրաւությամբ լեցուն են»: Մաքրում եք արտաքինը. սա նշանակում է, որ մարդը հոգ է տանում իր արտաքինի համար, սովորում է լավ արտահայտություններ, լավ ժպտալ: Մաքրում եք արտաքինը. սա նշանակում է, որ մարդը շատ ջանք է ներդնում անթերի արտաքին ունենալու համար: Բայց Հիսուսը շարունակության մեջ ասում է, որ նրանք կեղծավոր են, քանի որ ներսից ատելություն ունեն, բայց արտաքինից ցույց են տալիս թե սիրում են: Հիսուսն ասում է. կո՛ւյր փարիսեցի, նախ պնակի ներսը մաքրիր, որ դրսի կողմն էլ մաքուր լինի: Եկեք այստեղ տեսնենք հոգևոր օրենքը. Հիսուսն ասում է` մաքրություն ներսից, որից հետո պետք է երևա դրսի մաքրությունը: Շատերը հաճախ ասում են, որ նախ պետք է արտաքինից մաքուր լինեն, ապա ներսից: Ահա թե ինչու Հիսուսն ասում է` աշխատելով ինքդ քեզ վրա` հոգ տար քո ներսի մաքրության մասին, և մաքուր կդառնա նաև դուրսդ: Եկե՛ք պատկերացնենք, որ ապրում ենք մի քաղաքում, ուր ապրում է մաքսավոր Զաքեոսը. նա թալանում է, իսկ մենք էլ դատավոր ենք աշխատում այդտեղ: Մենք ինքներս մեզ ասում ենք` բավական է, եկեք Զաքեոսի հարցերը լուծենք: Նրան ծանուցագրով կանչում ենք
դատարան, տալիս մի մաքուր թուղթ և ասում. «Քեզ տալիս ենք 20 րոպե, որի ընթացքում պետք է գրես մարդկանց անուններն ու ազգանունները, և թե ինչ ես վերցրել նրան ցից: 20 րոպեում պետք է ավարտես այդ, և դրանից հետո մենք` դատավորներս, այդ ցուցակի համաձայն քեզ կհրամայենք, որ մարդկանց վերադարձնես այն ամենի քառապատիկը, ինչ վերցրել ես նրանցից»: Արդյո՞ք Զաքեոսին ձեռնտու կլիներ, որ նա գրեր ամեն ինչ: Բնականաբար, որքան քիչ գրեր, այնքան քիչ կտուժեր: Հիսուսը Զաքեոսից ստացավ այդ ցուցմունքը, բայց ոչ թե դատավորի հրամանով. Նա գտավ Զաքեոսի սրտի բանալին: Զաքեոսը, լուսավորված ներսից, հոժարակամ խոստացավ վճարել իր զավթածի քառապատիկը` չկորցնելու համար Աստծո ներկայությունը: Այդպես է և մեզ հետ, Սուրբ Հոգին աշխատում է մեզ վրա, և որքանով մաքրված է մեր սիրտը ներսից, այնքանով երևում է Աստծո փառքը մեր մեջ: Ոչ ոք ստիպմամբ չի մաքրի մեր սիրտը, մենք ինքներս պետք է հոժարակամ գանք Տիրոջ առջև ու ասենք` Հիսուս, ների՛ր, ես չեմ ուզում դերասան լինել: Ի դեպ, դերասան լինելը շատ դժվար է, որովհետև երբ քո ներսի սրտնեղությունը, բարկությունն ու ատելությունը քողարկում ես` ձևացնելով, թե սիրում ես, տառապում ես: Հիսուսն ուզում է, որ ամեն ինչ ներդաշնակ լինի, մենք երկերեսանի չլինենք, այլ լինենք Հիսուսով արդարացված ու Նրանից նոր սիրտ ստացած: Նրա շնորհիվ մենք ապրում ենք` վայելելով քրիստոնյա լինելու բերկրանքը:
Աստվածաշունչն ասում է, որ մենք մեր ներսը պետք է զարդարենք: Մարդու գեղեցկությունը նրա հասակը, կրթությունն ու ունեցվածքը չեն: Մարդու գեղեցկությունը առօրյա կյանքում դրսևորվող առաքինի հատկություններն են: Այդ հատկությունները տրվում են Աստծուց` մաքրված սրտի միջոցով: Հիսուսն ինձ ու քեզ դերասան չի դարձնում, Նա մեզ դարձնում է Իր ժառանգները: Իսկ Նա դա անում է` փոխելով սիրտը: Եթե դու նկատում ես, որ ուրիշները, կարդալով քո կյանքը` տեսնում են անհաշտություն, անհնազանդություն, ապա ես ուզում եմ քեզ ասել` ոչ ոքի մի՛ մեղադրիր, քեզ հարկավոր է սրտի փոփոխություն: Փոխված սրտով մարդն այլ կերպ է նայում ամեն ինչին: Մենք ուրախանում ենք` լսելով փոխված սրտով մարդկանց մասին, բայց եկե՛ք ինքներս դառնանք այնպիսի մարդիկ, որ ուրիշները կարդան մեր կյանքն ու փառավորեն Աստծուն: Այսօր Աստծո ձեռքը չի կարճացել` փոխելու մեր սրտերը: Թո՛ւյլ տանք, որ Նա անի այդ գործը: Եթե Հիսուսը փոխեց Զաքեոսին, Սավուղին, Նա երեկ, այսօր ու հավիտյան նույնն է և ի զորու է փոխելու նաև քեզ: Դրա համար պետք է միայն քո համաձայնությունը: Նա ասում է` արի, և ես կվերցնեմ քո բեռը: Կփոխվի քո կյանքը թե ոչ` դա կախված է քո ցանկությունից: Եթե դու ուզում ես հաղթել քո հին ու վատ սովորություններին, ապա այսօր Հիսուսը կարող է քեզ հաղթող դարձնել: Հիսուսը ձրի բժշկություն է առաջարկում բոլորին, և Նրա ներկայության մեջ կարող ենք փոխվել ես ու դու, դառնալ ավելի լավ որդիներ ու դուստրեր, ավելի լավ մայրեր, լինել ավելի լավը, որովհետև Նա պատրաստ է տալու Իր Շնորհքը: Մենք նամակ ենք, բայց ինչպիսի` կախված է մեր ցանկությունից: Մաքուր սրտով մարդը սկսում է մաքուր խոսել, մաքուր մտածել, մաքուր վարվել: Եկե՛ք թույլ տանք, որ Հիսուսը փոխի մեզ ներսից և ասենք. «Սրբի՛ր ինձ, ես ուզում եմ Քո փառքն արտահայտել երկրի վրա»:

ԻԳՈՐ ԱԶԱՆՈՎ
երեց, Բելառուսիա

Նոյեմբեր, 2009թ., N 5 ( 5 )