«Ձեզ համար երկրի վրա գանձեր մի՛ դիզեք, ձեր գանձը երկնքում է»

Մի անգամ բրիտանական միսիոներական ընկերության քարտուղարն այցելեց մի հավատացյալ վաճառականի և առաջարկեց, որ նա Աստծո գործի համար նյութական օգնություն ցուցաբերի: Վաճառականը երկուհարյուր հիսուն դոլարի բանկային չեկ դուրս գրեց: Այդ պահին նա հեռագիր ստացավ և, անհանգստանալով, ասաց.
– Հեռագրում ասվում է, որ իմ շոգենավերից մեկը խորտակվել է, և ամեն ինչ ծովի հատակն է անցել: Ես դրա փոխարեն պետք է ուրիշ չեկ դուրս գրեմ:
Չեկային գրքույկը դեռ փակված չէր. նա դուրս գրեց ուրիշ գումար ու տվեց քարտուղարին: Վերջինս, նայելով չեկին, շատ զարմացավ, քանի որ այնտեղ 250 դոլարի փոխարեն 1000 դոլար էր գրված:
– Արդյո՞ք դուք չեք սխալվել,-հարցրեց նա վաճառականին:
– Ո՛չ, ես չեմ սխալվել,- արցունքն աչքերին պատասխանեց վաճառականը,-այդ հեռագիրն իմ Երկնային Հորից էր, և Նա ասում էր. «Ձեզ համար երկրի վրա գանձեր մի՛ դիզեք, ձեր գանձը երկնքում է»:

Մայիս, 2009թ., N 1(1)