Երկու փոքրիկ պատմություն

                                                                                     ***

Հին հույներն ունեին տոն` «ամնիստո» անունով («ամնիստիա» բառն առաջացել է այս արմատից): Տարին մեկ անգամ հույները հոժարակամ հրաժարվում էին իրար հանդեպ փոխադարձ թշնամանքից, դատական հայցերից, կեղեքումից ու վիճաբանությունից:
Տոնն սկսվում էր ընտանեկան բոլոր վեճերի, հարեւանների հետ ունեցած անախորժությունների, ամենահնարավոր վիրավորանքների եւ անարդարությունների հանդիսավոր «հուղարկավորությամբ»:
Հին առաքելական եկեղեցու քրիստոնյաների փոխադարձ ներման ժամանակը կապվում էր Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակման հետ: Հավատացյալները սեղանի շուրջը նստած խոստովանում եւ ներում էին միմյանց:
Տիրոջը նվիրված ընթրիքից հետո կազմակերպվում էր քրիստոնեական սիրո ընթրիք, որը կրում էր «Ագապե» անվանումը:
Մեր ժամանակներում որքա՜ն կարիք կա, որ բոլոր երկրներում գտնվող հավատացյալներիս մեջ լինի այսպիսի փոխադարձ ներման տոն:

                                                                                     ***

Պատմում են, որ Կարլոս 5-րդը խոշոր գումար էր պարտք մի աուգսբուրգցի վաճառականի: Մի անգամ այդ վաճառականը կայսեր պատվին ճաշկերույթ կազմակերպեց: Ճաշկերույթից հետո նա հանեց պարտամուրհակը եւ, պատռելով այն, կայսեր աչքի առաջ անմիջապես գցեց վառվող բուխարու մեջ: Այդ կերպով վաճառականը ներեց կայսեր պարտքը: 

Երբ կայսրը մտավ վաճառականի տուն, ի վիճակի չէր վճարելու պարտքը, իսկ դուրս գալիս նա լիովին ազատված էր պարտքից: Անձամբ կայսրը ոչինչ չարեց պարտքի շնորհման համար, նրան մնում էր միայն գոհությամբ ընդունել այդ պարգեւը: Վաճառականի մեծահոգության շնորհիվ նույնիսկ պարտամուրհակի հետքը չմնաց: Այս իրադարձությունն ակնառու օրինակ է, թե ինչպես է վարվում Աստված մեզ հետ` ներելով ու ողորմելով մեզ` մեղավորներիս: Աստված մեր վրայից հանեց չվճարված պարտքի լուծը` պարգեւելով մեզ իր Որդուն` Հիսուս Քրիստոսին, Ով մեռավ մեր մեղքերի համար եւ գնեց մեզ հավիտենական փրկության համար:
Երբ Կարլոս 5-րդը տեսավ կրակի մեջ վառվող մուրհակը, նրա մոտ ոչ մի կասկած չմնաց, որ իր պարտքը ոչնչացվել է: Այդպես էլ մենք, նայելով Գողգոթայում կատարված թողության մեծ գործին, կատարելապես համոզվում ենք, որ լիարժեք ազատված ենք մեր մեղքերից: Հարուստ վաճառականն անձնվիրաբար վարվեց` ոչնչացնելով պարտամուրհակը, որն ուներ թանկ գին: 

Բայց այն, ինչ մեզ համար տվել է Աստված` որպեսզի ոչնչացնի դատապարտման մուրհակը, բարձր է աշխարհում եղած ամեն ինչից: Աստված Իր միածին Որդուն խաչի մահվան դատապարտեց, որպեսզի ամեն Նրան հավատացողին հավիտենական կյանք ունենալու հնարավորություն տա: Մեզ մնում է միայն ծունկի վրա շնորհակալ լինել Աստծուց Իր պարգեւի համար եւ օգտվել տրված հնարավորությունից` սրտանց զղջալ մեր մեղքերի համար, ստանալ ներում եւ մեր անձերն անարատ պահել աշխարհից:

Հուլիս, 2009թ., N 3 ( 3 )