Ես բժշկվեցի

Սիրելի՛ «Բարի Լուր», ես 74 տարեկան եմ, 1997թ.-ից եկեղեցու անդամ եմ: Ամեն ամիս սպասում եմ «Բարի Լուրին»: Ես էլ շատ վկայություններ ունեմ՝ պարծենալու իմ սիրելի Տիրոջով, հպարտանալու իմ Փրկչով: Բյուրավոր փառքեր Նրան: Ուզում եմ պատմել մի քանիսը: Աչքերս ցավում էին, օր-օրի նվազում էր տեսողությունս: Ու մի օր, երբ էլ հնար չկար, գնացի բժշկի: Հերթ էր: Նստեցի ու սպասեցի: Վատ էի զգում, ճնշումս բարձրանում-իջնում էր: Հիվանդները գալիս էին ու առանց հերթի մտնում բժշկի մոտ: Երբ հասավ իմ հերթը, բժշկուհին դուրս եկավ ու ասաց, որ չսպասենք, ինքը գնում է: Ես հուսահատ ոտքի կանգնեցի. «Բժշկուհի՛, ես վաղուց եմ սպասում….»: Նա չպատասխանեց ու հեռացավ: Չգիտեմ` ինչ կատարվեց ինձ հետ. սկսեցի ինքս ինձ բարձրաձայն խոսել. «Ախր ես ինչ գործ ունեմ այստեղ, ես Բժիշկ ունեմ, ինչո՞ւ չեմ դիմում Նրան… Հիսուս Քրիստոս, իմ աչքը ի՞նչ է Քեզ համար, որ չես բուժում»: Բժշկին սպասող մարդկանց թվաց` ես խելագարվել եմ: Երկու քայլ չէի արել, ահա, թե ինչ կատարվեց: Փառք իմ Տիրոջը: Ուղիղ աչքիս դիմաց ճեփ-ճերմակ մի ձեռք տեսա, որը մոտեցավ աչքիս, ցուցամատը դրեց աչքիս վրա և մեղմ ու քնքուշ շոյեց: Ես աչքերս փակեցի, իսկ երբ բացեցի, ձեռքը հեռացավ: Ոչինչ չհասկացա: Երբ հասա տուն, նկատեցի, որ աչքս տեսնում է: «Ես աչքի խնդիր չունեմ: Տերը ինձ բժշկեց, փառք Նրան»-, փառաբանում էի Նրան, իսկ հետո վկայեցի հավաքույթի ժամանակ: Առ այսօր աչքերիս հետ կապված ոչ մի խնդիր չունեմ: 2013թ. հուլիսի 1-ին Երևանից մեզ այցելության եկան Մամիկոն և Վազգեն եղբայրները: Փառք Տիրոջը այդ այցելության համար, մենք նման այցելությունների կարիք շատ ունենք: Հավաքույթի ընթացքում ուրախություն ու ցնծություն էր ներսս: Վերջում եղավ բժշկության աղոթք, և հիվանդներին օծեցին յուղով: Տասնյոթ տարի տառապում էի հիպերտոնիկ հիվանդությունից, միևնույն ժամանակ ունեի շաքարային դիաբետ: Ունեի գլխապտույտ, դժվար էի քայլում, անընդհատ պառկած վիճակում էի: Աղոթքից հետո ես բժշկվեցի: Փառք Տիրոջը, տասնյոթ տարի բժիշկները չկարողացան բժշկել, Տերս մեկ վայրկյանում բժշկեց: Այժմ ես այդ հիվանդությունների համար բացարձակապես ոչ մի դեղ չեմ օգտագործում, Տիրոջս ուղղված գոհության աղոթքներով եմ ապրում, երգում եմ ու փառաբանում Նրան: Բյուրավոր փառքեր իմ Բժշկին: 

Վադիկ քույրիկ, ք. Կապան

Հովիվ Մհեր եղբայրը վկայում է, որ Վադիկ քույրիկը ժամանակին հազիվ էր քայլում, բայց այժմ երիտասարդի պես վազում է