Ետ քաշվիր չարությունից ու բարություն արա

Սաղմոս 36։27

Մեր աշխարհը բազմազան է, այնտեղ տարբեր մարդիկ են ապրում։ Մեկը թալանում է մարդկանց՝խլելով նրանց հացի վերջին կտորը, մեկ ուրիշը տալիս է նրանց անհրաժեշտն ու քաղցածին կերակրում։ Մեկը երեխաներ է որբացնում, ուրիշը նրանց համար ծնող դառնում։ Մեկը լցված է ատելությամբ, չարություն է գործում, մյուսից սեր է բխում։ Մեկը Կայեն է, մյուսը՝ Աբել։ Նրանք բոլորը մեկ արյունից են, մեկ արեգակի տակ են ապրում, քանզի Աստված արեգակին հրամայում էծագել չարերի ու բարիների վրա և անձրև է ուղարկում արդարների ու անարդարների համար։ Ամեն մեկն ինքն իր համար է միայն բարիք անում, քանի որ ոչ ոք իր մարմինը չի ատում: Ամեն ոք այն տաքացնում և սնուցում է, բայց դա չէ հավիտենական կյանքի խոստումը։ Ամեն արարած իր ձևով է հասկանում չարն ու բարին և պայքարում հանուն իր շահի։ Քրիստոսը մեզ սովորեցնում է բարին անել՝ հավիտենական կյանքի խոստումով։ Նա ասաց. «Սիրիր բարեկամիդ ինչպես ինքդ քեզ»։ Քո բարիքը պետք է կիսես հարևանի, ճանապարհին հանդիպածի, քեզ օգնության կանչողի հետ։ Այս ճշմարտությունը հաստատելու համար Քրիստոսը պատմեց բարի սամարացու առակը։

Ավազակների ձեռքն ընկած մարդը օգնության կարիք ուներ, իսկ ղևտացին ու քահանան նրան չնկատեցին։ Միայն մի սամարացի նրան անհրաժեշտ օգնություն ցույց տվեց (Ղուկ. 10 գլ.)։ Ղևտացին ու քահանան չցանկացան իրենց նեղություն տալ ինչ-որ մեկի մասին հոգ տանելու համար, իրենք իրենց շատ էին սիրում, իսկ բարի ու ողորմած սամարացին տուժածի վերքերը կապեց, նրան նստեցրեց իր ավանակի վրա, ինքը ոտքով գնաց մինչև հյուրանոց՝ օգնելով վիրավորվածին։ Հոգ տարավ նաև հյուրանոցում և հեռանալիս հյուրանոցի տիրոջը երկու դինար տվեց՝ խնդրելով տուժածի համար հոգ տանել և խոստացավ, որ ետդարձին կայցելի ու կվճարի մնացած դրամը։ Բարության մեջ պետք է հետևողական լինել։ Սամարացին բարի գործ սկսեց ու կես ճամփին կանգ չառավ, այլ ավարտեց այն։ Ընկերոջը բարիք անելը մարդու շահերից չի բխում, բայց դա այն է, ինչը մարդուն հավիտենական կյանքի խոստում է տալիս։ Քրիստոսն ասաց. «Ինչպես կուզենաք, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, դուք էլ նրանց հետ նույն կերպ վարվեք»։ Սա հասկանալի է բոլորի համար, բայց այստեղ զոհաբերություն է պահանջվում։ Անհրաժեշտ է ավանակից իջնել ու ոտքով գնալ, չնախատեսված հոգսը վերցնել, լրացուցիչ դահեկաններ տալ և պահանջվածից ավելի ճանապարհ գնալ։ Եթե սամարացին ինքը հայտնվեր վիրավորվածի տեղում, ապա նա էլ կուզեր, որ իր նկատմամբ հոգածություն և ուշադրություն ցուցաբերվի, քանի որ ամեն մի վիրավորված բարի ու ողորմած մարդկանց կարիք ունի։ Ղևտացիներին ու քահանաներին, ովքեր մինչև այսօր անցնում են կարիքավորների ցավի ու արցունքի, վշտի ու տառապան֊քի կողքով, Քրիստոսն ասում է. «Գթած եղեք, ինչպես ձեր Հայրն ալ գթած է» Ղուկ. 6։36։ Զաքեոսը ևս անտարբեր էր մարդկանց նկատմամբ, բայց, Քրիստոսին իր տան մեջ ընդունելով, բացականչեց. «Իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին»։ Ոչ թե հարստություն, այլ ավանակ ու մի քանի դահեկան, ձեթ ու գինի, ոտքեր և ձեռքեր ունենալով եկեք բարիք անենք ամենքին, առավել ևս` մեր հավատակիցներին։ Խոսքը մեզ զգուշացնում է. «Ով բարիք ընելը գիտենա ու չընե, ան մեղք է անոր» Հակոբու 4։17։
Ղևտացին ու քահանան, իհարկե, գիտեին այս, քանի որ օրենքի ծառայողներ էին, բայց մենք չնմանվենք նրանց։ Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում հոգ է տանում իր մարմինը տաքացնելու և սնուցելու մասին, և Աստված չի արգելում նրան անել այդ։ Բայց, հոգալով քո մասին, մի՛ մոռացիր և ուրիշներին. «Միայն ձեր շահը մի փնտրեք, հապա ամեն մեկը իր ընկերինն ալ» Փիլ. 2։4։

Բարի մարդիկ Աստծու սերը կրողներն են, քանի որ սերը բարեկամին չարիք չի պատճառում։ Ուստի, սրտանց սիրեք միմյանց։ Սիրեք ոչ միայն խոսքով, այլև ճշմարտությամբ ու գործով։ Ղևտացու և քահանայի սերը «հնչող պղինձ և ծնծղա» է. նայեցին, խղճացին ու գնացին իրենց ճանապարհով։ Իսկ ճշմարիտ սերը կատարելության կապն է։ Այսպիսով, պետք է սիրենք միմյանց խոնարհությամբ ու հեզությամբ, հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ, աղոթենք միմյանց համար, ուրախացողների հետ ուրախանանք, լացողների հետ լանք, իրար բեռ կրենք և թույլերի տկարությանը բաժնեկցենք։ Աստված սեր է։ Սիրո մեջ եղողները Աստծու մեջ են։ Նա ամեն մեկին իր գործերի համեմատ կհատուցի, իսկ նրանց, ովքեր մշտապես բարիք են գործում, փառք, պատիվ ու անմահություն են փնտրում, հավիտենական կյանք կտա։

Բարի Լուր N 6 ( 6 ), դեկտեմբեր 2009թ.