Գործք առաքելոց 10:14

«Հին» մարդը մեր մեջ է, մարմնավոր բնությունը սովորաբար պատերազմում է հոգևոր սկզբունքների
դեմ: Այստեղ դրված էր մի հարց, որի վերաբերյալ Պետրոսի կարծիքը տարբերվում էր Տիրոջ կարծիքից:
Պետրոսը պետք է հասկանար, որ ծիսական օրենքները, որոնք արգելում են ուտել այս կամ այն կերակուրը, չեղյալ են համարվում: Աստված սրբեց դրանք, և այն, ինչն Աստված սրբել էր, Պետրոսը չպետք է պիղծ համարեր: Պետրոսը սկզբում զարմացավ դրանից, և շատերն էլ մինչև օրս այդ ծեսերի պատճառով թշնամի են Ավետարանին: Սուրբ Գիրքն ասում է, որ մարդիկ հավատքով կփրկվեն, իսկ ձևապաշտները փրկությունը տեսնում են կրոնական ծեսերը կատարելու մեջ: Մենք բոլորս էլ կարող ենք սխալվել նման հարցերում, քանի որ հակված ենք մեծ նշանակություն տալու այնպիսի բաների, որոնք ինքնին տեղին են ու օգտակար, բայց ոչ մի դեպքում կարևոր չեն փրկության համար: Այնտեղ, որտեղ Տեր Հիսուսը չի հաստատել ոչ մի կանոն, մենք ևս չպետք է հաստատենք: Մենք պետք է ընդունենք բոլոր նրանց, ում Հիսուսն է ընդունել: Ոչ ոք պիղծ չի համարվում, եթե նրան սրբել է Քրիստոսը, ոչ ոքի չի կարելի մի կողմ հրել, եթե Քրիստոսը նրան բացում է Իր սիրուն տանող ճանապարհը: Սակայն այս ուսմունքը հեշտ չի ընդունվում նրանց կողմից, ովքեր հարում են ձևապաշտությանը: Նրանք կասկածի տակ են դնում այն մարդկանց փրկությունը, ովքեր չեն հետևում իրենց: Եթե ձևապաշտներին ասեն, որ պետք է շփվեն այդ մարդկանց հետ, ապա նրանք իրենց սրտում Պետրոսի նման կբացականչեն և կասեն. «Ո՛չ, Տեր»:
Նույնիսկ Աստծո Թագավորությունը տարածելու հարցում մեծ նշանակություն ունի սեփական կամքը: Մենք ծանր ենք տանում, երբ Աստված օրհնում է մարդկանց մի խմբի միջոցով, որտեղ մենք չկանք: «Թող Աստված օրհնի նրանց, բայց ոչ այն մարդկանց միջոցով, որոնց դեմ կարելի է բազում առարկություններ հայտնել»: Մենք չափից դուրս ամբարտավան ենք և հեռու պատշաճ կերպով ծառայի դիրք գրավելուց: Մեր մեջ Պետրոսի բնավորությունից շատ բան կա, և մեր լեզուն շատ շտապ կուզի արտաբերել` Ո՛չ, Տեր:

Հուլիս, 2009թ., N 3 ( 3 )