Տարիներ առաջ երազումս տեսա ավագ եղբորս մահը: Եկեղեցում խնդրեցի, որ աղոթեն եղբորս համար: Աղոթքից անցավ մի քանի օր, և մեծ եղբայրս եկավ ու վկայեց, որ Աստված հրաշքով իրեն ազատել է մահից: Նա պատմեց, որ ուշ երեկոյան, երբ անձրևոտ եղանակին աշխատանքից տուն վերադառնալիս է լինում, մի երիտասարդ կանգնեցնում է իր մեքենան: Երբ եղբայրս կանգնում է, մինչ երիտասարդի նստելը ծառի տակից դուրս են գալիս ևս երկու հոգի և վազքով նստում են մեքենան: Նրանք, եղբորս սպառնալով, ստիպում են, որ մեքենան վարի իրենց նշած ուղղությամբ: Ճանապարհին բարձրաձայն որոշում են, որ շատ լավ մեքենա է, և վարորդին սպանելով կարող են տիրանալ մեքենային:

ca142f48502aa7b5542e66720dcf9a6b

Եղբայրս Տիրոջ մասին միշտ լսել էր, և հենց այդ պահին սկսում է աղոթել Աստծուն: Երիտասարդները անդադար հայհոյում և սպառնում են եղբորս: Եղբայրս հասկանում է, որ իր միակ հույսը մնացել է Աստված:  Հենց այդ ժամանակ նա մեքենայի միջից տեսնում է, որ հեռվից ինչ-որ սպիտակ լույս է երևում: Նա խնդրում է Աստծուն, որ դա մեկ այլ մեքենա լինի և իրեն ազատի ավազակների ձեռքից: Երբ լույսը մոտենում է, պարզվում է, որ մեքենա է:  Հենց այդ պահին եղբորս մեքենան կանգ է առնում խափանման պատճառով. շարժափոկը չի պտտվում: Ավազակների բարկությունը բորբոքվում է:  Այդ ժամանակ, երբ դիմացից եկող ավտոմեքենան մոտենում է եղբորս մեքենային, նա հասցնում է դուռը բացել և կանգնեցնել այդ մեքենան: Եղբայրս տեսնում է, որ վարորդը մի գեղեցիկ, հաղթանդամ երիտասարդ է:  Երբ եղբայրս նրանից օգնություն է խնդրում, նա իջնում է մեքենայից: Ավազակները, նրան տեսնելով, վախեցած բղավելով անմիջապես փախչում են՝ առանց ետ նայելու: Եղբայրս այդ տեսնելով ուրախանում է, և երբ շրջվում է, որ շնորհակալություն հայտնի երիտասարդին, տեսնում է, որ ոչ մի մեքենա և ոչ մի մարդ այդտեղ չկա: Աստված Ինքն էր հայտնվել Իր մեծ ողորմությամբ և փրկել եղբորս:

Փառք Տիրոջը:  Ամեն:

                                                                                                                                                                                                                                                                                                                                          (Արագածի մարզ,գյուղ Ագարակ)