Հեգնողները

Անգլիայի ծովեզրյա մի քաղաքում կիրակի երեկոյան պաշտամունք պետք է լիներ: Քարոզիչը շատ բարեպաշտ, միևնույն ժամանակ նաև համբավավոր մարդ էր: Քարոզի նյութն էր կիրակին սուրբ պահելու անհրաժեշտությունը: Եկեղեցին լցված էր հոծ բազմությամբ: Քարոզիչը, սովորության համաձայն, աղոթքից ու երգից հետո կարդաց բնաբանը և սկսեց քարոզը: Մի քիչ խոսելուց հետո հանկարծ կանգ առավ, գլուխը խոնարհեց ամբիոնին ու մի քանի րոպե այդպես կանգնեց` լուռ և անշարժ: Ժողովուրդն սպասումով նայում էր: Բոլորը մտածում էին, թե քարոզիչը հուզվել է: Սակայն մեկ-երկու րոպե անց նա հավաքեց իրեն և ասաց ունկնդիրներին, որ մինչև քարոզի շարունակելը ցանկանում է մի կարճ պատմություն պատմել:
– Սրանից ճիշտ 15 տարի առաջ այս եկեղեցում էի,- սկսեց նա իր պատմությունը,- դրանից հետո առաջին անգամն է, որ նորից այս շենք եմ մտել: Սրանից 15 տարի առաջ, մի կիրակնօրյա երեկոյան այստեղ հոգևոր ժողով պիտի լիներ: Այդ օրը եկեղեցի հաճախողների մեջ երեք չար և անկիրթ երիտասարդներ կային, ովքեր այստեղ չէին եկել Աստծո Խոսքը լսելու կամ հովվին նախատելու համար, նրանք մտադիր էին ջախջախել հովվի գլուխը` քարոզելիս նրա վրա քարեր նետելով: Նրանք իրենց գրպանները քարեր էին լցրել: Այդ երիտասարդները կանգնեցին դռան մոտ ու մի պահ քարոզը լսեցին: Հետո նրանցից մեկն ասաց. «Ինչո՞ւ եք կանգնել ու լսում: Հերի՛ք է, հիմա քարկոծենք նրան»:
Երկրորդն ասաց նրան. «Մի քիչ էլ սպասիր, տեսնենք` ինչ է ասելու»:
Նրանք մի քիչ էլ սպասեցին և վերջապես այս երկրորդն էլ ասաց. «Արդեն գիտեի, թե ինչ պիտի ասեր: Հերիք է, հիմա քարերը նետենք ու վախեցնենք նրան»:
Այդ պահին երրորդ երիտասարդը միջամտեց և ասաց. «Չնայած մենք այստեղ եկել էինք քարոզիչին քարկոծելու նպատակով, բայց ես ավելի նախընտրում եմ հրաժարվել այդ նպատակից»: Նրա խոսքերից ընկերները նեղացան և անմիջապես, եկեղեցին լքելով, բարկությամբ հեռացան: Երրորդ երիտասարդը մնաց եկեղեցում ու լսեց քարոզը մինչև վերջ:
Քարոզիչը մի պահ դադարեցրեց պատմությանը, հետո, նորից շարունակելով իր խոսքը, վշտացած սրտով ասաց.
– Սիրելի՛ ունկնդիրներս, լսեք, թե ինչ եղավ այս 3 երիտասարդների վերջը: Նրանցից առաջինը մի քանի տարի առաջ կախաղան հանվեց, որովհետև մարդասպան էր: Երկրորդը հիմա այս քաղաքի բանտում է, քանի որ մահվան է դատապարտված որպես ոճրագործ: Իսկ երրորդը հենց նա է, ով հիմա ձեր առջև կանգնած է Աստծո Խոսք խոսելու համար…
Ժողովուրդը հասկացավ, որ քարոզիչն այն երրորդ երիտասարդն է, ով ուշադրությամբ լսել էր Աստծո Խոսքը տարիներ առաջ:
Այս պատմության մեջ կարևոր դաս կա: Երիտասարդներից երկուսը մեղքին ու սատանայի ծառայեցին և վերջապես կախաղանի վրա ավարտեցին իրենց տխուր կյանքը: Իսկ մյուսը, ապաշխարության, զղջման և սրբացման ճանապարհ անցնելով, ուրիշներին օգտակար եղավ և, վերջիվերջո, խաղաղությամբ աշխարհից դեպի հավիտենական երանության կփոխադրվի:
Ո՛վ երիտասարդ, բոլոր պարագաներում քո խաղաղությունը կամ թշվառությունը կախում ունի ճիշտ ճանապարհ ընտրելուց: Աստծո Խոսքը լսելուց ու խոսքին հնազանդվելուց քեզ համար բարիք կլինի և օրհնություններ կվայելես: Երանի այն երիտասարդներին, որոնք հաստատ որոշումով կնետվեն կյանքի ասպարեզ:

Նոյեմբեր, 2009թ., N 5 ( 5 )