ԻՄ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1971թ. դեկտեմբերի 15-ին ինձ մոտ դրսևորվեց մի ծանր հիվանդություն. ես անասելի ցավերից ցնցումների մեջ էի ընկնում, փայտացած՝ ատամներս իրար էի սեղմում ու ցավից գոռում: Այդ վիճակը տևում էր մոտ երեք ժամ: Բժիշկները ոչինչ չէին հասկանում, ասում էին՝ անբուժելի հիվանդություն է: Հիվանդանոցում ինձ միայն ցավազրկող միջոցներ էին ներարկում և բուժման հույս չէին տալիս: Սակայն ամուսինս ինչ-որ թաքուն հույս ուներ, որ ես կարող է բուժվեմ: Տանն իմ վիճակն ավելի վատացավ, անգամ քսան րոպե հանգիստ չունեի: Ամուսինս դուռը փակում էր, երեխա- ներին տանում մյուս սենյակ ու փորձում նրանց հանգստացնել: Մի օր աղջիկս հորը խնդրեց, որ գնա իր ուսուցչուհու տուն` պահարանը նորոգելու: Երբ ամուսինս ներս է մտնում ուսուցչուհու տուն, սեղանին տեսնում է մի բաց գիրք: Մոտենում է ու կարդում հենց առաջին տողը. «Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, որոնեցե՛ք և կգտնեք, դուռը թակեցե՛ք և կբացվի ձեզ» (Մատթ.7:7): Ամուսինս հետաքրքրվում է, թե ի՛նչ գիրք է: Ուսուցչուհին` Ռոզա քույրը, բացատրում է, որ դա Նոր Կտակարան է և սկսում է վկայել Հիսուսի մասին: Հաջորդ օրն ամուսինս նորից է գնում Ռոզա քրոջ տուն ու պատմում է իմ վիճակի մասին: Ռոզա քույրը հանգստացնում է նրան ու ասում, որ Աստծու համար անկարելի ոչինչ չկա, և եթե հավատա, Աստված ինձ կբժշկի: Ռոզա քույրը նրան Նոր Կտակարան է տալիս ու հորդորում, որ կարդամ այն ժամանակ, երբ ցնցումների մեջ չլինեմ: Հնարավոր է, որ կարդալու ընթացքում ցավերս շատանան, բայց չհուսահատվեմ, հավատքով խնդրեմ ու պիտի բժշկվեմ:
Երբ սկսեցի կարդալ Նոր Կտակարանը, քուն էր գալիս վրաս, հետո ցավերս ավելի սաստկացան… բայց երբ ցավերս թողնում էին, ես նորից սկսում էի կարդալ և մտքումս ասում էի, որ Հիսուսն ինձ կբժշկի: Սկեսուրս տեսնում էր, որ կարդալուց հետո ցավերս ավելի էին սաստկանում և չէր թողնում կարդամ: Մի քանի օր ամուսինս տանը չէր: Այդ ընթացքում ես ավելի վատացա: Սկեսուրիս միայն խնդրում էի, որ երեխաներին սենյակից հանի և դուռը փակի: Որոշ ժամանակ անց ամուսինս, ինձնից թաքուն, գնացել էր հավա- քույթի: Երբ այնտեղից վերադարձավ, տեսավ, որ գետնի վրա տանջվում եմ, մոտեցավ բարձրացնելու, բայց չկարողացավ: Այդ ժամանակ կանգնեց գլխավերևս ու սկսեց խնդրել. «Հիսուս ջան, եթե Դու կարող ես, բժշկի՛ր Վարդուշին, ազատի՛ր այս ցավերից, որ երկուսով գանք Քեզ ծառայելու»: Այս աղոթքից հետո ես կարողացա ոտքի ելնել և ամուսնուս օգնությամբ հասա բազմոցին, ու երկուսով սկսեցինք խնդրել, որ Հիսուսն ինձ բուժի: Այդ պահին տեսա մի մեծ լույս, որն անցավ գլխիս վրայով: Ես տեղիցս գնդակի պես վեր թռա ու սկսեցի բղավել. «Հիսուսն ինձ բուժեց…»: Ամուսինս զարմացած նայեց դեմքիս և ասաց, որ եթե բժշկվել եմ, ծնկի գամ ու իր հետ աղոթեմ: Ես ծնկի իջա, ու միասին շնորհակալության աղոթք բերեցինք Աստծուն: Դա 1974 թվականի ապրիլի 25-ն էր: Դրանից հետո Աստված մեզ օրհնեց ու պարգևեց ևս երեք զավակ: Այդ օրվանից մինչև օրս մենք ու մեր զավակները Աստծու տան մեջ ենք:

Վարդուշ քույրիկ / Գյումրի

Բարի Լուր ամսաթերթ/ Նոյեմբեր 2015թ. √10 (72)