Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնած ու բեռնավորվածներ… (Մատթ.11:28)

Սիրելինե՛ր: Այսօր, երբ մենք գտնվում ենք վերջին օրերի նախաշեմին, երբ մարդիկ գնալով ավելի են չարանում` դառնալով անձնասեր, արծաթասեր, անգութ, ամբարտավան, դաժանաբարո, ու երբ մարդիկ տառապում են սթրեսներից և գալիքի նկատմամբ ունեցած վախից` այսօր նույնպես հնչում են Տեր Հիսուսի` երկու հազար տարի առաջ ասած խոսքերը. «Եկե՛ք ինձ, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես ձեզ պիտի հանգչեցնեմ» Մատթ. 11:28:

Իսրայելի թագավոր Դավիթն ապրել էր մահվան սարսափը` անցնելով մահվան ձորի հովիտով, բայց Նա ասաց. «Քո ցուպդ ու գավազանդ, անոնք զիս պիտի մխիթարեն»: Դավթի համար Տերը բարի հովիվ էր, և այդ պատճառով էլ նա ասում էր, որ «…ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ…» (Սաղմոս 23:1):

Ո՞վ է քո հովիվը, սիրելի՛ քույր կամ եղբայր, ո՞ւմ ձայնն ես դու լսում: Նա կանչում է քեզ այսօր, որ գնաս Նրա ետևից և գտնես քո անձի հանգստությունը, քանզի Նա քեզ առաջնորդում է հանդարտ ջուրերու քով, պառկեցնում է քեզ խոտավետ արոտներում, նորոգում է քո հոգին: Նա քեզ համար դրեց Իր կյանքը:

Տերն այսօր նույնպես, ինչպես և երկու հազար տարի առաջ, ամեն ցանկացողին, ինչպես նաև քեզ, հրավիրում է մասնակցելու հարսանեկան խնջույքին և ուզում է, որ մենք բոլորս ընդունենք այդ հրավերը (Ղուկ.14:15-24): Տերը ոչ ոքի բացառություն չի անում, Նա հրավիրում է բոլորին. «Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երեւցավ» Տիտ.2:11:

Կանչվածները ետ քաշվեցին և մերժեցին հրավերը` կին, արտ, 5 զույգ եզ առնելու պատճառաբանությամբ: Ո՛չ կին, ո՛չ արտ, ո՛չ էլ եզ առնելը մեղք չէ, մեղքը Տիրոջ հրավերը մերժելն է:

Այսօր շատ հավատացյալներ, թեպետ եկեղեցու մեջ են, բայց նման են այն հրավիրվածներին, ովքեր չուզեցին մասնակցել հարսանիքին, քանզի այս աշխարհիս զբաղմունքն ու հարստության խաբեությունը խեղդում են հրավերի խոսքը, և խոսքը մնում է անպտուղ (Մատթ.13:22): Չլինի թե աշխարհիկ զբաղմունքները խանգարեն քեզ` մասնակցելու հարսանիքին:

Սիրելի՛ս, եթե դու մտածում ես, որ կարող ես գործերդ ավարտել ու հետո գալ Տիրոջը, ապա սխալվում ես. այս աշխարհում ոչ ոք չի հասցնում ավարտել իր գործերը: Վրաստանում ապրում էր մի դերձակ: 90-ական թթ. նա հայտնվեց ծայրահեղ աղքատության մեջ: Երբ նրան վկայեցին Աստծու մասին, և նա դարձի եկավ, հոգևորներն սկսեցին նրան հագուստ կարելու պատվերներ տալ: Նրա գործը Տերն օրհնեց, բայց նա տարվեց գործով և պատվերների շատության պատճառով չէր հաճախում հավաքույթների: Մի օր գերեզմանների մոտով անցնելիս հանկարծ մի ձայն է լսում, որն ասում է. «Որդի՛ս, այստեղ թաղված բոլոր մարդիկ կիսատ են թողել իրենց գործերը»: Այդ պահից նա ուշքի եկավ, հասկացավ իր սխալն ու նորից սկսել հաճախել պաշտամունքների:

Երբ Տերը մեզ ասում է «եկե՛ք», դա նշանակում է, որ մենք դեռ հեռու ենք Նրանից: Այս հրավերը վերաբերում է նաև եկեղեցու այն անդամներին, ովքեր դեռ սրտով հեռու են: Հայրն անառակ որդու համար մեծ ընդունելություն կազմակերպեց, բայց մեծ որդին բարկացավ ու չէր ուզում մտնել տուն, իսկ հայրը, դուրս գալով, աղաչում էր որդուն: Ավագ որդին տան մեջ էր, բայց սրտով հեռու էր հորից: Նա ուներ իր բարեկամները, և նրա ուրախությունը ոչ թե հոր տան մեջ լինելն էր, այլ` իր բարեկամների հետ լինելը:

Ինձ մոտ եկեք

Այսօր գուցե դու էլ եկեղեցում ես, բայց քո ուրախությունը եկեղեցում` քո Հայր Աստծու հետ չէ, և եթե մոլորված ու անառակ որդու նման մեկը վերադառնում է եկեղեցի, դու նախանձում ես ու բարկանում… Հիսուսը չի եկել կորցնելու, Նա եկել է փրկելու: Եթե որևէ մեկը դարձի է գալիս, մենք միայն պետք է ուրախանանք: «Եկե՛ք» հրավերն ասում է մեզ, որ մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսի շնորհիվ բացվեց փակ դուռը, և այսօր էլ դեռ բաց է ամեն եկողի համար: Տասնյակ տարիներ առաջ իր դստեր հետ ապրում էր մի այրի: Աղջիկը վատ վարքի տեր էր, և մեղքը տիրել էր նրան: Մի անգամ գիշերով նա անհետացավ տնից: Մայրն ամենուր փնտրում էր նրան, բայց ապարդյուն: Մոր սիրող սիրտը չէր կարողանում հանգստանալ, և նա որոշեց այդ օրվանից ևեթ գիշերները չփակել խրճիթի դուռը: Մայրն ինքն իրեն ասաց. «Ես չեմ փակի դուռը, որպեսզի եթե իմ աղջիկը հանկարծ որոշի տուն վերադառնալ, ոչ մի արգելք չլինի նրա ներս մտնելուն»: Աղջկա մայրը որոշեց դստերը փնտրել մոտակա մեծ քաղաքում: Ունենալով իր մոտ դստեր նկարը` նա ամենուր ցույց էր տալիս դրանք և հարցնում. «Չե՞ք տեսել արդյոք այս աղջկան»: Ոչ ոք նրան համոզիչ պատասխան չէր տալիս, և մոր սիրտն ավելի էր ցավում: Վերջապես ինչ֊որ մեկը խորհուրդ տվեց ամենուր փակցնել աղջկա նկարները: «Թողե՛ք գրություն այդ նկարների տակ, որ ձեր աղջիկը կարդա»: Մայրն այդպես էլ արեց: Նա նկարների տակ ձեռքով գրեց. «Մարիա, տո՛ւն արի, դուռը բաց է…»: Մարիան կարդաց այդ գրությունը և վերադարձավ տուն: Նա տեսավ, որ դուռը բաց է, կամաց ներս մտավ ու, մոտենալով մորը, գրկեց նրան և համբուրեց:

Երկնքի Արքայության դուռն այսօր բաց է բոլոր մեղավորների համար: Մարդու մեղքերն ու հանցանքներն արգելք չեն հանդիսանում փրկության համար, այլ ընդհակառակը` անհրաժեշտ պայման են Քրիստոսի փրկարար շնորհքի հայտնության համար: Քանի որ մարդու մեջ բնականից կա օրենքի մտածելակերպ, ուստի նա ասում է. «Չեմ կարող փրկվել, քանի որ իմ մեղքերը շա՜տ-շատ են»: Պարզ է, որ քանի դեռ հիվանդը հիվանդ է, ուրեմն նրան բժիշկ է պետք, և քանի որ նա աղքատ է, ուրեմն օգնություն է պետք: Եթե մարդը մեղավոր չլիներ, Քրիստոսը չէր գա աշխարհ` Իր շնորհքով ձրի փրկություն տալու մեղավորին: Տերը փրկեց խաչի վրայի ավազակին ոչ թե նրա համար, որ նրա մեղքերը քիչ էին, այլ` որ նա հավատաց Տիրոջ ողորմությանը և ստացավ ձրի փրկություն: Ուրեմն, սիրելի՛ մեղավոր, եթե դու շատ ես հոգնել այս կյանքից և նույնիսկ մոտ ես մահվանը, միևնույնն է, Տերը քեզ կանչում է հանգստություն գտնելու: Քրիստոսի խոսքը` «Եկե՛ք ինձ», նշանակում է, որ Նա կանչում է մեզ դեպի Իրեն, ու ոչ թե մեկ այլ տեղ:

Սիրելի՛ս, այսօր Նա կանչում է քեզ անկախ քո վիճակից` հոգնած ես այս կյանքից, հիվանդ ես, կորցրել ես աշխատանքդ և ապագային նայում ես վախով, կորցրել ես հարազատներիդ… Արդյո՞ք պատահական էր Հիսուսի` Բեթհեզդայի ավազանի մոտ գնալը: Ո՛չ, Նա եկավ հենց այդ 38 տարվա հիվանդի համար (Հովհ. 5:1-15): Կան մարդիկ, ովքեր մեծ գումարներ են ծախսում «հանգստություն» գտնելու համար, գնում են այլ երկրներ: Բայց այդ ամենը զուր է. ուր էլ գնաս, ինչքան էլ հարուստ լինես` միևնույն է, քո հոգու հանգիստը չես կարող գտնել: Աշխարհը քեզ չի կարող բավարարել, առանց Քրիստոսի քո հոգին միշտ քաղցած կմնա:

Ռուսաստանի Ելիզավետա I թագուհու մահից հետո, 1762թ. նրա պահարաններում գտան 15.000 զգեստ: Նա ամեն երեկո երեք անգամ փոխում էր զգեստներն ու չէր բավարարվում: Հանգստություն կարող է տալ միայն Աստված: Մի մարդ էր ապրում Ամերիկայում: Նա չուներ ոչ մի հոգս, հարուստ էր ու «երջանիկ»: Ուներ մի կին ու մի աղջիկ: Մի օր նրա կինը հիվանդացավ: Կարծելով, թե բժիշկները կբուժեն կնոջը` նա հրավիրեց քաղաքի ամենալավ բժիշկներին, բայց հետո համոզվեց, որ նրանք ամեն ինչ չէ, որ կարողանում են անել: Բոլոր բուժումներն անօգուտ էին, և որոշ ժամանակ անց կինը մահացավ: Կնոջ մահով ամուսնուց հեռացան նաև երջանկությունն ու հանգիստը, և նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց աղջկա վրա: Աղջիկը 19 տարեկան էր, երբ պարզվեց, որ մոր հիվանդությունն անցել է նրան. որոշ ժամանակ անց մահացավ նաև աղջիկը: Սարսափելի վիշտն էր պատել որբացած հորը, ու կյանքն անտանելի էր դարձել: Մի օր նա վերցրեց իր կարողությունը և տեղափոխվեց Եվրոպա, շրջագայեց մեծ քաղաքներում ու մայրաքաղաքներում: Նա ճանապարհորդությունից վերադարձավ արդեն սպիտակած մազերով: Նրան սկսեցին այցելել ընկերներն ու հարևանները, նրան իրենց մոտ հյուր էին հրավիրում, բայց նա բոլորին ասում էր. «Ինձ հանգի՛ստ թողեք, դուք չեք կարող ասել, թե որտեղ են հիմա իմ կինն ու դուստրը, և թե որտեղ կլինեմ ես: Դուք ինձ չեք կարող հանգստություն տալ»:

Սուրբ Գիրքն ասում է, որ ամեն մարմին խոտի պես է և մարդու բոլոր փառավորությունը` խոտի ծաղկի պես, խոտը կչորանա, ծաղիկը կթափվի, բայց Աստծու Խոսքը կմնա հավիտյան: Հանգիստ մի՛ փնտրեք ոչ մի տեղ և մի՛ փնտրեք վաստակել այն: Հանգիստը չեն վաստակում աշխատանքով: Տերը կանչում է մեզ, որպեսզի առանց նախապայմանի հանգստություն շնորհի: Եթե դու հոգնել ես օրենքը պահելուց, հիշի՛ր, որ օրենքի անկողինը քեզ համար կարճ է, և նրա ծածկոցը չի կարող ծածկել քեզ (Եսայի 28:20): Արի՛ Քրիստոսին, Նա քեզ հանգիստ է խոստանում: Մեղավոր կինը, որը հայտնի էր ամբողջ քաղաքում, եկավ Քրիստոսին, իր մեղքերի համար ներում ստացավ և գտավ հանգստությունը Քրիստոսի մոտ (Ղուկաս 7:36-49): Այսօր դեռ լսվում է Աստծու հրավերը` «Եկե՛ք», իսկ վաղն արդեն կարող է լսվել` «մեկդի՛ գնացեք»: Եղե՛ք իմաստուն և ընդունե՛ք Քրիստոսի հրավերը: Մի՛ ասեք, թե` շատ տարիներ եմ եկեղեցու մեջ, մի՞թե չեմ եկել: Ո՛չ, անառակ որդու եղբայրն էլ էր հոր տան մեջ շատ տարիներ ու դեռ չէր եկել հորը: Միգուցե դու էլ, թեկուզ եկեղեցում ես գտնվում, բայց դեռ չես եկել ու մոտեցել Քրիստոսին: Շտապի՛ր մոտենալ Նրան: Ամեն:

Հրահատ Ամիրբեկյան

Բարի լուր թ. 1 (1), մայիս 2009թ.