Կրթության անհրաժեշտությունը յուրաքանչյուր տեղական եկեղեցում

<<Իմ ժողովուրդս գիտութիւն չունենալուն համար բնաջինջ եղաւ. որովհետեւ դուն գիտութիւնը մերժեցիր, ես ալ քեզ պիտի մերժեմ, որպէս զի անգամ մըն ալ ինծի քահանայ չըլլաս >>:

                                                                              ՈՎՍԵԱ 4:6

Այս թեման առաջարկում ենք ԱՀՔ-ի յուրաքանչյուր տեղական եկեղեցու ղեկավարությանը: Թեմայի համար հիմք է հանդիսանում ԱՀՔՄԵ-ի եպիսկոպոսական խորհրդի և կրթության բաժնի 24.03.06թ. ընդունած որոշումը:

Ներկայումս, երբ գրեթե բոլոր եկեղեցիներում նկատվում է հոգևոր անկում, յուրաքանչյուր տեղական եկեղեցու ղեկավարությանն առաջարկում ենք հատուկ ուշադրություն դարձնել հոգևոր կրթությանը:
Եկեղեցիների ղեկավարների առջև Աստված դնում է ամենակարևոր նպատակը` 

Կող.1:28 «Որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով և ամեն մարդի սորվեցնելով ամեն իմաստութիւնով, որ ամեն մարդի կատարեալ կանգնեցնենք Քրիստոս Հիսուսումը»։ 

Եփես. 4:11 «Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ ու վարդապետներ, սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար»: 

Ցավոք, ոչ բոլոր տեղական եկեղեցիներում է այս հարցը դրվում որպես ամենակարևոր հարցերից մեկը: Քրիստոսի մարմնի շինության աստվածաշնչյան ճանապարհը եկեղեցական կառավարումն է: Եկեղեցին պետք է հովիվների, ուսուցիչների և այլ անոթների միջոցով ժողովրդին հայտնի Աստծո կամքը: 

Գործք 20:20 «Որ ինչպէս ետ չ’պահեցի ոչ մի օգտակար բան, որ չ’պատմեմ եւ սորվեցնեմ ձեզ` թէ հրապարակներում եւ թէ տան մէջ»,Գործք 20:26 «Սորա համար այս օրուայ օրը վկայութիւն եմ դնում ձեզ` որ ես ամենիդ արիւնիցն անմեղ եմ», Գործք 20:27 «Որովհետև ես ետ չ’քաշուեցայ Աստուծոյ բոլոր կամքը ձեզ պատմելուց»: 

Այսպիսով, եկեղեցիների հովիվների առաջնահերթ խնդիրն է` բոլոր քրիստոնյաներին սովորեցնել Աստծո ամբողջ կամքը: Այս կապակցությամբ հարկավոր է կազմակերպել և ամեն շաբաթ Աստծո ժողովրդին սովորեցնել Ավետարանի ճշմարիտ վարդապետությունը: 

Այս հարցին հաճախ խանգարում է եկեղեցիների ղեկավարների չափազանց զբաղվածությունը` երբեմն ոչ հույժ կարևոր, այլ երկրորդական (օրինակ` նյութական, տնտեսական, ֆինանսական) հարցերով: Եկեղեցու ղեկավարներն այսպիսի հարցերով չպետք է զբաղվեն անձամբ, նրանք պետք է նման հարցերը հանձնարարեն եկեղեցու ունակ անդամներին: Այս պրոբլեմը լուծելու համար խորհուրդ ենք տալիս հետևել այն խորհրդին, որը Մովսեսին տվեց Հոթորը: Տեսնելով, որ իր փեսա Մովսեսը գերզբաղված է ժողովրդի տարբեր հոգսերով` նա առաջարկեց ընտրել ունակներին և պարտականությունները բաժանել նրանց միջև:

Ելից.18:13-24 «… ինչո՞ւ ես դու մենակ նստում, եւ բոլոր ժողովուրդը կանգնում է առավոտից մինչեւ իրիկուն քեզ մոտ… քո արածը լավ բան չէ: Այդպէս անպատճառ դու էլ կ’մաշուիս, եւ քեզ հետ եղած ժողովուրդն էլ. որովհետեւ այս բանը քեզի համար շատ ծանր է. դու մենակ չես կարող անել այս: Հիմա լսիր իմ խօսքին. ես քեզ խրատ եմ տալիս, եւ Աստուած քեզ հետ կ’լինի: Ժողովրդի համար դու գնա Աստուծոյ առաջը. եւ դատերը դու ներկայացրու Աստուծոյն. եւ սովորեցրու նորա կանոններն ու օրէնքները. եւ հասկացրու նորանց իրանց գնալու ճանապարհը եւ իրանց անելու գործը: Եւ դու բոլոր ժողովուրդիցը կարող մարդիկ` Աստուածանից վախող` հաւատարիմ` ագահութիւնը ատող մարդիկ ընտրիր, եւ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ դիր նորանց վերայ: Եւ ամէն ժամանակ թող նորանք դատեն ժողովրդին. եւ ամեն մեծ բան որ լինի քեզ ներկայացնեն, եւ ամեն փոքր բանը նորանք դատեն. եւ քո վերայիցը բեռը թեթեւացրու եւ նորանք քեզ հետ թող կրեն: Եթէ այս անես, եւ Աստուած էլ քեզ պատուիրէ, այն ժամանակ կարող կ’լինիս կանգնել, եւ բոլոր այս ժողովուրդն էլ խաղաղութեամբ իրանց տեղը կ’գնան»։
Դա նշանակում է, որ շատ երկրորդական հարցեր պետք է լուծեին մյուսները, ովքեր ունեին Աստծո վախ և ունակ էին այդ հարցերը լուծելու: Նրանք հարցերի լուծման պատասխանատվությունը պետք է վերցնեին իրենց վրա, իսկ կարևոր հարցերում խորհրդակցեին Մովսեսի հետ:
Ներկա եկեղեցական կառուցվածքը ցույց է տալիս, որ նույնիսկ շատ աննշան հարցեր կապվում են եկեղեցու հովվի հետ և առանց նրա չեն լուծվում: Այդ պատճառով էլ ղեկավարությանը ժամանակ չի մնում կարևոր հարցերի լուծման, քրիստոնյաներին Աստծո ամբողջ կամքը սովորեցնելու և Աստծուն ծառայելուն պատրաստելու համար: Արդյունքում ստացվում է, որ ղեկավարությունը չափից ավելի է ընդգրկվում տարբեր հարցերի լուծման մեջ, իսկ մյուսները մնում են պարապ ու անգործ: Աստվածաշնչյան ճանապարհը հավասարությունն է ու համաչափությունը:
Բ Կորնթ.8:13-14 «Վասնզի ոչ թէ ուրիշներին հանգստութիւն եմ կամենում, եւ ձեզ նեղութիւն. բայց հաւասարութիւնով` այժմեան ժամանակում ձեր աւելութիւնը ծառայէ նորանց պակասութեանը, որ նորանց աւելութիւնն էլ ծառայէ ձեր պակասութեանը»:
Այս պրոբլեմը գնալով խորանում է, և հոգևորապես ընկնում են եկեղեցու ոչ միայն սովորական անդամները, այլև հովիվները (գիտություն չունենալու պատճառով)

Մենք ոչ մի տեղ չենք տեսել, որ նվագախմբի ղեկավարը նվագի երաժիշտների փոխարեն, իսկ մյուս երաժիշտներն անգործ մնան: Ընդհակառակը, խմբավարի պարտականությունն ու նպատակն է, որ ամբողջ նվագախումբը ներդաշնակ լինի և ամեն մեկն իր գործը կատարի: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ղեկավարները ցանկանում են բոլորի փոխարեն նվագել և ամեն բան անել բոլորի փոխարեն. սա անհեռանկար ճանապարհ է:
Այսպիսով, եկեղեցու ղեկավարների առաջնակարգ խնդիրն է` եկեղեցու տարբեր կառույցների կոորդինացման միջոցով եկեղեցու գործերը բաժանել այնպես, որ յուրաքանչյուրն իմանա իր պարտականությունները և կատարի դրանք, իսկ եկեղեցու հովիվները, ուսուցիչների հետ միասին, պետք է սովորեցնեն, կրթեն ու պատրաստեն Աստծո ժողովրդին Աստծուն ծառայելու և կատարելության գնալու համար:
Թանկագի՛ն եղբայրներ, թո՛ղ Աստված օրհնի բոլորիս, որպեսզի կարողանանք իրականացնել այդ կարևոր ու անհետաձգելի գործը` հոգևորապես կրթել եկեղեցու անդամներին:
Եբր.13:17 «Ականջ դրեք ձեր առաջնորդներին, եւ հնազանդեցէք, որ նորանք հսկում են ձեր հոգիների համար որպէս թէ հաշիւ պիտի տան, որ ուրախութիւնով անեն այն եւ ոչ թէ հառաչելով, որ դա ձեզ օգուտ չէ»։

Հուլիս, 2009թ., N 3 (3)