Մեր շուրթերի խոսքը պետք է բխի կյանքից (Նրա հետ ապրելուց)

«…Դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու նրանց երիկամունքներից (այսինքն`սրտից)» (ԵՐԵՄԻԱ 12:2): 

Ուղղակի շուրթերով են Տիրոջը դավանում, բայց Տերը նրանց կյանքում չկա: Լեռան քարոզում Տեր Հիսուսն ասաց. «Ոչ թէ ամեն Ինձ Տեր, Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքումն է…» (ՄԱԹ.7:21-22), որովհետև մարդկանց պետք է ճանաչել ոչ թե իրենց արտասանած խոսքերից, այլ` ապրած կյանքից. «Իրենց պտուղներիցը նրանց ճա-
նաչեցեք. մի՞թե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից` թուզ» (ՄԱԹ. 7:16)

Իսրայելի ժողովուրդը ցույց էր տալիս, թե վախենում է Աստծուց և չի ուզում մոտենալ սարին` Աստծո պատվիրանները լսելու համար: Իսրայելացիները Մովսեսին ասացին. «Դու գնա լսիր Աստծուց և ինչ որ Քեզ ասի, դու փոխանցիր մեզ և մենք կկատարենք»: Բայց Աստված ասաց Մովսեսին. «Նրանց ամեն ասածը լավ է, երանի թե նրանց սիրտն էլ այդպես լիներ, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատվիրանքները պահեն ամեն ժամանակ, որպեսզի իրենց համար բարի լիներ և իրանց որդկանցն էլ` հավիտյան…» (Բ ՕՐԻՆ.5:22-29): Մեր կյանքում էլ, ցավոք, այդպես է լինում` հաճախ աստվածապաշտության արտաքին կողմերը պահում ենք (իբր թե երկյուղ ունենք Աստծուց) և մարդկանց առջև ստեղծում ենք լավ հոգևորի տպավորություն, բայց սրտով այնքան էլ չենք ուզում պահել Աստծո Խոսքը և հնազանդվել Նրա կամքին: Այդ պատճառով մենք հանդիպում ենք լուրջ դժվարությունների և չենք հասկանում, թե ինչու է դա մեր կյանքում տեղի ունենում` չհասկանալով, որ Աստված ուզում է շտկել մեզ, որպեսզի մեր ներսից բխի իրական կյանքը, և մենք ոչ թե միայն Իր մասին իմացողներ կամ խոսողներ լինենք, այլ ճաշակենք Իրեն այնպես, ինչպես Դավիթն էր վկայում`«Ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է» (ՍԱՂՄՈՍ.34:8):

 Տերը չի ուզում, որ Իր մասին պատմենք ուրիշներին առանց Իր հետ իրական հանդիպում ունենալու (առանց Նրան ճանաչելու): Բերենք մի օրինակ Սաղմոս 23-ի վերաբերյալ: Մի դահլիճում երիտասարդ ասմունքողն արտասանում է ՍԱՂՄՈՍ 23-ը , դահլիճը բուռն ծափահարություններով է արձագանքում ելույթին: Այդ դահլիճում է գտնվում նաև մի տարեց քրիստոնյա, ով նույնպես արտասանում է ՍԱՂՄՈՍ 23-ը: Դահլիճի արձագանքը բոլորովին ուրիշ է լինում. այդ խոսքերը հասնում են մարդկանց սրտերին, և նրանք սկսում են հուզվել: Երիտասարդ ասմունքողը, չթաքցնելով զարմանքը, հարցնում է տարեց քրիստոնյային. «Մենք երկուսս էլ նույն սաղմոսն ասացինք, ինչո՞ւ ժողովուրդը տարբեր ձևով արձագանքեց»: Տարեց քրիստոնյան պատասխանում է. «Դու գիտես հովվի մասին սաղմոսը, իսկ ես գիտեմ Հովվին»:

 Իրականում այդ էր տարբերությունը. մտքից բխած խոսքը հասնում է մարդկանց մտքերին, իսկ կյանքից բխած խոսքը հասնում է մարդկանց սրտերին: Այդ խոսքերը կարող են լինել թե՛ մեր վկայությունները, և թե՛ եղբայրների քարոզները: Կարող ենք ուրիշի մասին վկայել, շատ գեղեցիկ ձևով ներկայացնել, բայց եթե այն մեր ապրածը չէ, չի ներգործի ո՛չ մեր մեջ, և ո՛չ էլ նրանց մեջ, ում պատմում ենք: Աստված ուզում է, որ մենք վկայենք մեր վերափոխված կյանքի մասին, թե ինչպես է Ավետարանը հրաշք գործել մեր կյանքում և ազատել մեզ մեղքի ստրկությունից: 

Երբ Աստծո Խոսքն ընկավ իմ սրտի մեջ, ես սկսեցի տառապել մեղքի զգացողությունից, մասնավորապես` ծխախոտի գերությունից: Ուզում էի չծխել, որովհետև հանդիմանվում էի ծխախոտը գրպանումս պաշտամունքի գնալուց: Բայց իմ բոլոր ջանքերն ապարդյուն էին: Ես անընդհատ պարտվում էի մեղքից: Այդ ժամանակ (1992թ.) աշխատում էի Բալահովիտ գյուղում. ոտքով գնում էի աշխատանքի, ոտքով էլ վերադառնում էի տուն (այդ նեղության տարիներին ոչինչ չկար` ո՛չ գազ, ո՛չ լույս, ո՛չ հաց, ո՛չ տրանսպորտ, և ոչ էլ` դրամ): Այդ տարիներին գրեթե ամեն ինչ կտրոնով էր, նույնիսկ` ծխախոտը: Թե՛ աշխատանքի գնալիս, թե՛ վերադառնալիս, ամբողջ օրն ինձ իշխում էր ծխելու ցանկությունը: Ես ուրիշ ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել: Դա տառապանք էր ինձ համար: Եվ վերջապես, մի օր խոստովանության եկա Տիրոջ առջև: Տիրոջից Ինձ հնչեց ՂՈՒԿ.9:62 խոսքը. «Ոչ ով, որ ձեռքը մաճի վրա է դնում և ետեւին մտիկ անում, հարմար չէ Աստծո արքայության համար»: Այդ խոսքից հասկացվում է, որ եթե մեկն ընտրել է Աստծո ճանապարհն ու հետ է նայում իր նախկին (մեղավոր) կյանքին, հարմար չէ Աստծո արքայությանը: Եվ իմ սրտից բխեցին այս խոսքերը` մի՞թե այդ աղբի պատճառով ես հարմար չեմ լինի Աստծո արքայությանը: Պաշտամունքից վերադարձա տուն, հարևանից պարտքով խնդրեցի մի տուփ ծխախոտ, հայտարարելով, որ` եթե ծխում եմ, ապա թող բոլորն իմանան այդ մասին (Տիրոջից բացի ոչ ոք չգիտեր, որ ես ծխում էի): Աստծո Խոսքը հրաշք էր արել իմ սրտում, բայց ես դեռ տեղյակ չէի: Հաջորդ առավոտյան գնացի աշխատանքի և ուշ երեկոյան վերադարձա տուն: Տանը ինձ տեղեկացրին, որ ծխախոտի կտրոն են տվել: Ուշքի գալով` հիշեցի, որ գրպանումս մի ամբողջ տուփ ծխախոտ կար: Աստված իմ սրտից, մտքից, էությունից հանել էր ծխելու ցանկությունը: Փա՛ռք Իր սուրբ անվանը: Այդ վկայությունը ես պատմեցի մի նորահոգու, որը նույնպես ծխախոտի գերի էր, և նա էլ ազատագրվեց այդ գերությունից, որովհետև ես ոչ թե վկայում էի սովորած (կամ ինչ-որ մեկից լսած) բան, այլ այն, ինչ Աստված կատարել էր իմ կյանքում, փա՛ռք Տիրոջը դրա համար: Այն քրիստոնյան, ում կյանքը և խոսքերը համընկնում են, Պողոս առաքյալի նման չի ամաչում վկայել Քրիստոսի Ավետարանը, որը ունի զորություն` փրկելու ամեն հավատացողին (ՀՌՈՎՄ. 1:16):
Այս ամենից անենք հետևություն` Աստված, մեզ շատ սիրելով, երբեմն մեր կյանքում թույլ է տալիս փորձություններ, որպեսզի մենք ոչ միայն Իր մասին իմանանք (լսենք) և խոսենք, այլև ապրենք Իր հետ, ճաշակենք Իրեն և, որպես հետևանք, մեր կյանքը դառնա իրական քարոզ մարդկանց առջև, այսինքն` Քրիստոսի անուշ հոտն ունենանք, որպեսզի Աստված փառավորվի մեր կյանքով: ԱՄԵՆ:

Ջանիկ Քեշիշյան / երեց, ք.Աբովյան
Հունիս, 2009թ., N 2 ( 2 )