Միայն հավատա

Փա՛ռք Աստծո, փա՛ռք Հիսուսին, սիրելի ընթերցողներ, մենք ունենք այնպիսի Տեր, այնպիսի Փրկիչ, Ում համար անհնարին ոչինչ չկա։

 Ես ամուսնացել եմ 1990թ. հոկտեմբերին, ամուսնանալուց հետո երեխա չէի ունենում: Հետազոտման նպատակով դիմեցի Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բազմաթիվ հետազոտություններից հետո բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Հենրիխովնան ինձ հրավիրեց իր առանձնասենյակ և ասաց, որ ես ունեմ մի շարք հիվանդություններ, որոնք թվարկելն անիմաստ է։ Ես լիովին կորցրեցի երբևէ մայրանալու հույսը, մարդկանց հայացքում կարեկցանք էի տեսնում, և հուսահատված ամեն ինչ պատմեցի մեծ քրոջս, ով արդեն հավատացյալ էր։ Քույրս խորհուրդ տվեց այդ հոգսը հանձնել Աստծուն և Հիսուսին ընդունել որպես Փրկիչ. առանց Աստծո կամքի բժշկություն չի լինում։ 

Անկեղծ ասած՝ ես հավատքի մասին ոչինչ չգիտեի. գիտեի միայն, որ կա Աստված, և որ բոլոր մարդիկ իրենց արարքների համեմատ հատուցում են ստանալու։ Ի պատասխան ես մեկ անգամ ևս թվարկեցի իմ հիվանդություններն ու ասացի, որ Աստված չի կարող մտնել իմ ներսն ու օրգանական փոփոխություններ կատարել, որովհետև արդեն ուշ է (ես 23 տարեկան էի)։ Բայց քույրս չէր դադարում վկայել և ասում էր. «Աստված սեր է»։ 

1994թ. ես արդեն Հիսուսին ընդունել էի իմ սրտում և բուժման նպատակով գնացի Մոսկվա։ Այնտեղ պարզվեց, որ բոլոր հիվանդություններից բացի, նաև գլխումս ուռուցք կա (հիպոֆիզի ադենոմա)։ Իմ բոլոր հույսերն անհետացան, և ես որոշեցի ոչ ոքի չասել վերջին ախտորոշման մասին, որովհետև հարազատներս, միևնույն է, օգնել չէին կարող, միայն կանհանգստանային, և երկրորդ՝ որովհետև հոգնել էի մարդկանց կարեկցող հայացքներից։

Սատանան մտքեր էր բերում, թե ես չպետք է երեխա ունենամ, քանի որ հղիությունը, սթրեսը, նյարդային ապրումները և այլն կարող են նպաստել ուռուցքի զարգացմանը, իսկ դրա հետևանքները բազմազան են՝ հանկարծակի կուրացում, հոգեկան խանգարում, էպիլեպսիա, արտաքինի տհաճ փոփոխություններ և այլն…
Մոսկվայի Ակադեմիական ինստիտուտում պարզվեց նաև, որ ոսկրերիս բաղադրությունը նորմալ չէ։ Ինձ զգուշացրեցին, որ մինչև կյանքիս վերջը պետք է բժիշկների հսկողության տակ լինեմ և դեղերով ապրեմ, իսկ դեղերի չափաբաժինն անընդհատ ավելանում էր։ Երբ բժշկին հարցրի, թե ինչ կլինի ինձ հետ, նա ասաց` Աստված գիտե: Իսկ այն հարցին, թե երբևէ կազատվե՞մ հիվանդանոցներից, պատասխանեց` միայն վիրահատությունից հետո։ 

1995թ. տեղափոխվեցինք Գերմանիա, իսկ Աստված արդեն արել էր Իր առաջին գործը՝ ես հղիացել էի։ 1996թ. կեսարյան վիրահատությամբ ծնվեց առաջին երեխաս, իսկ 1998թ. Տերն ինձ պարգևեց նաև երկրորդ երեխան։ 2000թ. ծնվեց երրորդ զավակս. ես ունեմ երկու դուստր և մեկ որդի։ Մինչ երրորդ երեխայի ծնվելը բժիշկն ինձ բացատրում էր, որ եթե պատրաստվեմ նաև չորրորդ երեխան ունենալ, հնարավոր է, որ հղիության ընթացքում ամեն ինչ ընդհատվի, և ես հեռանամ կյանքից։ Նա ավելացրեց նաև, որ ես պետք է բավարարվեմ ունեցած երեխաներով ու զբաղվեմ իմ առողջությամբ, քանի որ առողջության հետ խաղ անել չի կարելի։ 

2002թ. մեր եկեղեցի այցելեց Սերգեյ եղբայրը, և ես կարող եմ ասել, որ Աստված նրան հենց ինձ համար էր ուղարկել։ Ես նրան պատմեցի իմ վիճակը։ Եղբայրը բացեց Սուրբ Գիրքն ու կարդաց. 

«Եթե ձեզմէ մէկը նեղութեան մէջ է, աղօթք թող ընե։ Եթէ մէկը ուրախ է, սաղմոս թող երգէ։ Եթե ձեզմէ մէկը հիվանդ է, եկեղեցիին երէցները թող կանչէ, որպես զի իր վրա աղօթք ընեն ու Տէրոջը անունով թող իւղով օծեն զինք։ Հավատքով եղած աղօթքը պիտի փրկէ հիվանդը ու Տէրը զանիկա ոտքի պիտի հանէ» (Հակոբոս 5։13-16)։ Եղբայրը յուղով օծեց ինձ և գրվածի համաձայն աղոթեցինք։ 

Մեկ շաբաթ հետո գնացինք Պոտսդամ և եղբոր խնդրանքով այնտեղի եկեղեցու եղբայրները ևս աղոթեցին ինձ համար։ 2002թ. բուժող բժիշկս ինձ նախապատրաստում էր վիրահատության՝ ասելով, որ արդեն տասը տարի է, ինչ ոչ մի էական փոփոխություն չկա, և լուրջ քայլերի դիմելու ժամանակն է։ Նա հավատացնում էր, որ իրենք շատ լավ մասնագետներ ունեն, և ամեն ինչ լավ կլինի։ Սատանան մտքեր էր բերում, որոշ չափով կորցրել էի խաղաղությունս, բայց մի ներքին ձայն ասում էր՝ թող մեկ անգամ էլ հետազոտվեմ, հետո ամեն ինչ կորոշվի։ Ես ամեն տարի հետազոտվում էի ՄՌՏ-ի (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) միջոցով, որով հնարավոր էր 1 մմ-ի ճշտությամբ որոշել ուռուցքի չափսերը։ 

2003թ. հունվարին հերթական հետազոտությունը պետք է լիներ։ Առավոտյան, չգիտեմ` քնած, թե արթուն, անընդհատ լսում էի. «Սաղմոս126, սաղմոս126»։ Վեր կացա սովորականից վաղ, բացեցի Աստվածաշունչն ու կարդացի. «…Տէրը մեզի համար մեծ բաներ ըրավ… անոնք որ արցունքով կցանեն, ցնծությունով պիտի հնձեն» (Սաղմոս 126։2,5)։ Մինչև բժշկի գնալն արդեն գիտեի,
որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև Տերն ինձ հայտնել էր։ 

Հետազոտությունից հետո բժիշկը պատին փակցրեց ուռուցքի նկարները, նրանց կողքին՝ նաև նախորդ տարիների նկարներն ու սկսեց համեմատել։ Ես զգում էի, որ նա ոչ մի կերպ չի հավատում տեսածին։ Իմ այն հարցին, թե ինչպիսին է իմ ներկա վիճակը, նա պատասխանեց՝ «Զեր գութ» (շատ լավ)։ Ես հետազոտության արդյունքները տարա ինձ բուժող բժշկի մոտ, և նա ինձ ասաց. «Սրանից լավ չի լինում։ Ուռուցքը 2սմ-ից դարձել է 2մմ»։ 

Սիրելի՛ ընթերցող, Աստված սիրում է բոլորիս և գիտե, թե մեզ ինչ է հարկավոր։ Տերն ուզում է միայն, որ անկեղծ սրտով ու անկեղծ հոգով հավատանք, որ Ինքը կարող է մեզ համար անել ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը մեզ համար անհավանական է, և ինչը մարդկային միտքը չի կարող մեկնաբանել։ 

Մենք չենք կարող հասկանալ, թե ինչպես է Տերն այդ անում, մենք պետք է միայն հավատանք։ 

Փա՛ռք Տիրոջը: Որպես լրացում ուզում եմ ավելացնել, որ եթե իմ կյանքն ընթանար շատ հեշտ ու հանգիստ, ապա ես չէի ճանաչի Աստծուն ու չէի իմանա Աստվածաշնչում գրված ճշմարտության մասին. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք Հոր քով չի գա, եթե ոչ ինձմով» (Հովհ.14։6)։ 

Ես փառք եմ տալիս Տիրոջը, որ կյանքի դժվարություններն օգնեցին ինձ գտնել Նրա ողորմությունն ու վայելել Նրա սերը։ Աղոթե՛ք ինձ համար, որպեսզի Տերն օգնի ինձ պահել հավատքը ու հաստատուն մնալ բոլոր փորձությունների մեջ։ Թո՛ղ Տերն օրհնի բոլորիդ, ինչպես նաև ինձ ու իմ ընտանիքը։ Ամեն։

Հասմիկ Համբարձումյան Էրֆուրտ, Գերմանիա

Հուլիս, 2009թ., N 3 ( 3 )