Մնալ Աստծու Խոսքի մեջ

Աստված ուզում է, որ Եկեղեցին պատրաստ լինի դիմավորելու մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Եթե ուզում ենք դիմավորել Նրան, ապա պետք է մեր սրտերն ամեն օր նորոգենք Աստծո առջև: Երկրի տված բերքը հրաշք է բոլորի համար, և Հոբին բացվել էր այդ հրաշքը: Հոբն ասում է. երկրի ընդերքում կրակներ կան, բայց վերևում մենք հաց ենք հավաքում ու բերք ենք հավաքում: Արդարների համար Աստծո խոստումներից մեկն այս է. «Արդարը արմավենիի պես պիտի ծաղկի, Լիբանանի եղևինի պես պիտի մեծնայ: Տերոջը տանը մեջ տնկվածները մեր Աստծոյ սրահներուն մեջ պիտի ծաղկին: Ծերության ատեն էլ պտուղ պիտի տան, պարարտ ու կանաչ պիտի մնան, որպեսզի պատմեն, թե Տերը ուղիղ է: Անիկա իմ Վեմս է ու անիրավություն չկա անոր քով» (Սաղմոս 92:12-15): Եկեղեցին հաստատվել է Տեր Հիսուս Քրիստոսի և ոչ թե մարդու կողմից, այդ պատճառով էլ Քրիստոսի Եկեղեցին, անցնելով երկար տարիների հալածանքների միջով, մնացել է հաստատուն: Մատթեոս 16:18 –ում գրված է. «Ես քեզի կըսեմ, թե դուն Պետրոս ես ու այս վեմին վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս ու դժոխքին դռները անոր պիտի չհաղթեն»: Հիսուսի հաստատած Եկեղեցուն դժոխքի դռները չեն կարող հաղթել: Քրիստոսի Եկեղեցին հաստատված է սրբության հիմքի վրա: Պետրոսը Տիմոթեոսին ասում է. «…Եկեղեցին Կենդանի Աստծո տունն է, ճշմարտության սյունն ու հաստատությունը» (Ա Տիմոթեոս 3:15): Ո՛չ հալածանքը, ո՛չ նեղությունը, ո՛չ սովը և ուրիշ ո՛չ մի բան չեն կարողացել Քրիստոսի սիրուց զատել այն եկեղեցին, որը միշտ Աստծո Խոսքով է առաջնորդվում: Այն եկեղեցիները, որոնք ժամանակին հազարավոր անդամներ են ունեցել, բայց չեն մնացել Աստծո Խոսքի մեջ, հիմա փակ են: Հին Ուխտի ժամանակաշրջանում էլ, երբ Իսրայելը մնում էր Աստծո Խոսքի մեջ, միշտ հաղթում էր: Անհաղթ է այն եկեղեցին և այն հավատացյալը, որը մնում է ճշմարտության խոսքի մեջ: Սամսոնին ոչ ոք, նույնիսկ փղշտացիների ողջ երկիրը չէր կարողանում հաղթել: Նա պարտվեց այն ժամանակ, երբ Աստծո Խոսքին անհնազանդ եղավ, և մեղքը հաղթեց նրան: Հեսուն միշտ Տիրոջ օգնությամբ հաղթում էր իր թշնամիներին, բայց մի անգամ նա պարտություն կրեց և չփորձեց նորից պատերազմել, այլ հասկացավ, որ Տերն իրենց հետ չէ, Տերը բանակի մեջ չէ, և բանակի մեջ մեղք կա: Հեսուն սկսեց փնտրել Տիրոջ երեսը: Շատ դեպքերում, տեսնելով, որ հաջողություն չկա` սկսում ենք մտածել, միջոցներ փնտրել հարցին լուծում տալու համար: Հարցի նման (մարդկային) լուծումը պտղաբեր չի լինում և վնասում է Աստծո գործին: Այդպիսի դեպքերում մենք ոչինչ չպետք է ձեռնարկենք, այլ, Հեսուի նման, պետք է Տիրոջ երեսը փնտրենք և Տերը կհայտնի, թե ինչն է ձախողման պատճառը:
Տերը Հեսուին ասաց, որ բանակում մեղք կա, և պարտության պատճառը հենց այդ մեղքն է: Ու երբ մեղքը դուրս հանեցին բանակից, Տերը հայտնվեց բանակի մեջ: Բայց Հեղի քահանայի ժամանակ այդպես չեղավ: Տեսնելով, որ բանակը պարտվեց` Հեղին, Տիրոջ երեսը փնտրելու և զավակներին քահանայական ծառայությունից հանելու փոխարեն, տապանակն ուղարկեց բանակի մեջ: Տապանակը տեսնելով` զինվորները շատ ուրախացան և սկսեցին գոռալ, բայց Տերը չպատասխանեց: Իսրայելի բանակը պարտվեց, մահացան շատ զինվորներ, այդ թվում նաև Հեղի քահանայի որդիները: Մահացավ նաև Հեղի քահանան: Հավատարմությունը լոկ խոսք չէ: Տերն ասաց. «Ով որ մինչև վերջ համբերի, ով որ Իմ Խոսքը մինչև վերջ պահի, Ես էլ նրան պիտի պահեմ»: Այս լուսավորող, զորացնող կյանքի խոսքերը մեզ տվել է Տերը: Հեսուի 23:8-13 խոսքերում գրված է. «Հապա ձեր Տեր Աստծուն հարեք, ինչպես մինչև այսօր ըրիք: Տերը ձեր առջեւէն մեծ ու զորավոր ազգեր վռնտեց ու մինչև այսօր մեկը չկրցավ ձեզի դէմ դնել: Ձեզմէ մեկը անոնց հազարավորը հալածեց, քանզի ձեր Տեր Աստվածը` ինքը` ձեզի համար պատերազմեցավ, ինչպես ձեզի խոստացած էր: Ուստի աղեկ զգուշութիւն ըրեք, որպեսզի ձեր Տեր Աստվածը սիրեք: Բայց եթե Անկէ դառնալու ըլլաք ու ձեր քով մնացած ազգերուն հարեք և անոնց հետ խնամութիւն ընեք ու դուք անոնց հետ խառնվիք և անոնք ալ ձեզի հետ, ստույգ գիտցեք, որ ձեր Տեր Աստվածը անգամ մըն ալ այս ազգերը ձեր առջևեն պիտի չվռնտե. հապա անոնք ձեզի որոգայթ ու գայթակղութիւն պիտի ըլլան և ձեր կողերուն խթաններ ու ձեր աչքերուն` փուշեր, մինչև որ բնաջինջ ըլլաք այս ընտիր երկրին վրայեն, որ ձեր Աստվածը ձեզի տվավ»: Մենք բոլորս Տիրոջ առջև պետք է հաշիվ տանք: Հակոբոսն ասում է, որ մաքուր ու անարատ կրոնասերը նա է, ով լեզուն սանձում է, որբին ու որբևայրուն այցելում է նեղության օրը և իր անձը անարատ է պահում աշխարհից (Հակոբոս 1:27): Մենք կանչված ենք ոչ թե աշխարհում ապրելու, այլ`երկնային թագավորություն մտնելու համար: Մենք աշխարհի մեջ ենք, բայց աշխարհին չենք պատկանում: Տերը մեզ կանչել է մաքուր կյանք ապրելու համար: Եթե ուզում ենք մարդկանց հաճելի լինել, չենք կարող Տիրոջը հաճելի լինել: Ձգտե՛նք ապրել Աստծո Խոսքի մեջ, Նրա ամեն մի Խոսքին աչքի բիբի պես նայենք, և Տերը մեզ պիտի ասի. «Արի՛, հավատարիմ ծառա, դու, որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար, Ես շատ բանի վրա պիտի կեցնեմ քեզ: Մտի՛ր իմ երկնային ուրախության մեջ»: Ինչքա՜ն մարդիկ կան, որ խոտորվեցին Տիրոջ ճանապարհից, ապրեցին մեղքի կյանքով և այդպես էլ մահացան մեղքի մեջ: Այժմ Տիրոջ երեսը փնտրելու ժամանակն է: Շատ տեղ տանք Աստծո Խոսքին և շատ աղոթենք, ապրենք Աստծո երկյուղով: Տերը Մաղաքիայի մարգարեության մեջ ասում է. «Ես ձեզ որպես դեսպան ղրկեցի երկրի վրա, որ Իմ Խոսքը ժողովրդին հասցնեք, որ ոչ մի պարտություն չլինի»: Եթե տունը լուսավոր լինի, դրսի խավարը չի կարողանա այնտեղ մտնել: Ինչքան լույսը քչանա, այնքան խավարը կշատանա: Քրիստոսի փառքի լույսը մեր մեջ կշատանա, եթե մենք ապրենք Աստծո կյանքով: Մի՛ նայեք ոչ ոքի, նայե՛ք Քրիստոսի վերքերին: Փրկությունը խմբակային չէ, այն անհատական է, յուրաքանչյուր ոք ինքը պետք է մտածի իր հոգևոր կյանքի մասին: Ոչ ոքից պետք չէ գայթակղվել, որովհետև ոչ ոք ձեզ համար արյուն չի թափել, ոչ ոք ձեզ համար չի չարչարվել. դա միայն Տերն է արել, և դուք թանկ եք Տիրոջ համար: Քույրերից մեկն այսպիսի տեսիլք էր տեսել. Եկեղեցին կառուցվում էր գեղեցիկ, սրբատաշ քարերով, բայց կային քարեր, որ պատից պոկվել, ընկել էին ցեխի մեջ: Հիսուսը արցունքն աչքերին մոտեցավ, հանեց այդ քարերը ցեխի միջից, մաքրեց և դրեց իրենց տեղը: Մենք պետք է աղոթենք այն հոգիների համար, ովքեր ընկել են հավատքի կյանքից, որովհետև Տերը նրանց կորուստը չի ուզում: Եկեղեցին միշտ պետք է Տիրոջից արթնություն խնդրի և չնահանջի, այլ գնա առաջ. սա՛ է Տիրոջ կամքը բոլորիս համար:

Մամիկոն Ղազարյան
ավագ եպիսկոպոս

Հունիս, 2009թ., N 2(2)