Պարգև ազնվության համար

Իվան Անտոնովիչ Լևչուկը ծնվել է 1920թ. փետրվարի 28-ին Վոլինում, Կամեն-Կաշիրսկի շրջանի Սոշիչնոյեգյուղում, քրիստոնյայի ընտանիքում: Նա փոքր հասակից իր կյանքը նվիրել է Աստծուն, և Աստված Լևչուկ եղբոր միջոցով մեծ գործեր է կատարել: Նա Հոգով լցված ու կրակոտ քարոզիչ էր, նրա քարոզները ներգործում էին մարդկանց սրտերին` փոխելով նրանց կյանքը: Ի.Ա.Լևչուկն Աստծո հավատարիմ ծառան էր, նա Ավետարանի հավատքի համար 25 տարի բանտ է նստել:
Ներկայացնում ենք մի դրվագ Ի.Ա.Լևչուկի կյանքից:

Լևչուկների ընտանիքը աղքատության մեջ էր: Մայրը երազում էր կով ունենալու մասին.
– Ա՜յ, եթե մենք մի կով ունենայինք, այսքան չէինք խեղճանա. երեխաները կկարողանային տաք կաթ խմել, կաթնով կեփեինք, իսկ կիրակի օրերը պանրով խմորագնդիկներ կպատրաստեինք:
Անտոն Կասյանովիչը (հայրը) միայն շվարած հառաչում էր. նա, որքան էլ ջանում էր, չէր կարող վաստակել
այնքան, որ կով գնեին: Բայց նրանք, այնուամենայնիվ, ձի ունեին: Մի անգամ Վանյան հորը խնդրեց, որ իրեն հետը տանի անտառ` ցախ բերելու: Երբ նրանք բեռնավորված սահնակով վերադառնում էին անտառից, բոլոր երեխաների նման Վանյան հետաքրքրությամբ շուրջն էր նայում` հիանալով ձմեռային անտառով, գեղեցիկ ձնակույտերով, որոնց արանքով նշմարվում էր սահնակի ուղին: Ձնակույտերից մեկում տղան տեսավ ինչ-որ անսովոր բան, որը բոլորովին նման չէր ճյուղի կամ կոճղի: Այն ավելի շուտ հիշեցնում էր մեծ Աստվածաշնչի կազմի անկյունը:
– Կանգնե՛ք,- հորը խնդրեց Վանյան:
– Ի՞նչ կա,- հարցրեց Անտոն Կասյանովիչը:
– Ինձ թվաց, թե ձնակույտի մեջ ինչ-որ գիրք է ընկած:
– Որտեղի՞ց պետք է այդտեղ գիրք հայտնվեր,- չհավատաց հայրը, բայց ձին կանգնեցրեց: Վանյան սահնակի հետքով վերադարձավ նկատած ձնակույտի մոտ, ձեռքով ձյունը մի կողմ տարավ և դուրս հանեց կաշվե կարմիր թղթապանակ:
Հայրը չհավատաց աչքերին.
– Ա՜յ քեզ գտածո: Բացեցին փայլուն ճարմանդները, նայեցին ներսը, իսկ այնտեղ լեհական դրամներ էին և լեհերեն փաստաթղթեր:
Հայրը հիացած ասաց.
– Ա՜յ քեզ բան, սա մի քսան կովի կբավականացնի:
Անտոն Կասյանովիչը կարողանում էր լեհերեն կարդալ և բանկային թղթերի վրա կարդաց, որ դրանք ձևակերպված են հարևան գյուղի պանի անունով, ում էլ պատկանում էր անտառը: Ըստ երևույթին, պանը անտառային ճանապարհով բանկ գնալիս կամ բանկից վերադառնալիս ինչ-որ կերպ կորցրել էր թղթապանակը:
Հայրը մտածկոտ նայեց որդուն: Վանյան նրան հառեց իր պարզ աչքերը.
– Պետք է վերադարձնել: Թեև պանը հարուստ է, բայց չի կարելի ուրիշի ունեցվածքը վերցնել:
– Ես ինքս էլ գիտեմ դա,- ասաց հայրը,- ինքը` պանն էլ վատ չի վերաբերվում գյուղացիներին: Ահա,- նա գլխով ցույց տվեց ծանրաբեռնված սահնակները,- թույլ է տալիս անվճար ցախ հավաքել:
Գնացին ագարակ` պանի մոտ, խնդրեցին, որ նա դուրս գա: Իսկ պանի տնեցիները նրանց պատասխանեցին.
– Նա նույնիսկ մեզ մոտ դուրս չի գալիս, սրտի նոպայով
պառկած է: Ոչ ոքի, նույնիսկ մեզ հետ չի ցանկանում զրուցել:
– Մենք նրա հետ շատ կարևոր գործ ունենք. հնարավոր
է` մենք նրան կօգնենք առողջանալ,- խորհրդավոր ակնարկեց Անտոն Կասյանովիչը` թղթապանակը թաքցնելով իր հին կիսամուշտակի տակ:
Երբ նրանք թղթապանակը վերադարձրին պանին, վերջինս իրոք վայրկենապես առողջացավ.
– Ես երկու անգամ այդ ճանապարհով վերադարձել եմ, մարդկանց եմ ուղարկել, բայց ոչ ոք չի գտել, իսկ դուք գտաք: Ինչպե՞ս երախտագիտությունս հայտնեմ ձեզ: Վերցրեք այս դրամից որքան ուզում եք: Իմ այս բանկային փաստաթղթերն ավելի արժեքավոր են: Մի՞թե ձեզ մոտ մի քանի թղթադրամ վերցնելու ցանկություն չի առաջացել:
– Մեզ ուրիշի ունեցվածքը հարկավոր չէ,- նեղսրտած ասաց Իվան Կասյանովիչը,- մենք ձեզնից ոչինչ չենք
վերցնի գտածը վերադարձնելու դիմաց:
– Այդ դեպքում գոնե ճաշեք մեզ հետ,- հրավիրեց պանը:
– Դա կարելի է,- համաձայնեց հայրը:
Նրանք տուն վերադարձան ցախով և տան մյուս անդամների համար մի ամբողջ զամբյուղ համեղ կերակուրներով:
Գարնանը պանը սայլով եկավ Լևչուկների մոտ, իսկ սայլի ետևամասին կով էր կապած.
– Քանդեք կովի կապերը, դուք ինձ օգտակար եղաք, ես էլ ցանկանում եմ ձեզ օգտակար լինել:
– Մենք չենք կարող ընդունել այսպիսի թանկարժեք նվերը,- նորից հրաժարվեց հայրը:
– Ես սա ոչ թե ձեզ, այլ Տիրոջն եմ նվիրում` այն բանի համար, որ Նա ինձ փրկեց սնանկացումից:

Նոյեմբեր, 2009թ., N 5 ( 5 )