Փառք Աստծուն բարձրերում, երկրի վրա խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն: Ղուկ.2:14

Սիրելինե՛ր, մոտ 2010 տարի առաջ Բեթլեհեմի մի մսուրում ծնվեց մանուկ Հիսուսը:
«Այնտեղ, Բեթլեհեմին մոտիկ, հովիվներ կային դաշտի մեջ կեցած, որոնք իրենց հօտերը կը պահպանէին գիշերուան մէջ։ Եւ ահա, Տէրոջ հրեշտակը անոնց վրայ իջավ, ու Տէրոջ փառքը անոնց շուրջը փայլեցաւ, ու սաստիկ վախցան։ Բայց հրեշտակը ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, որովհետեւ ահա՛ ես մեծ ուրախութեան աւետիս մը կու տամ ձեզի, որ ամբողջ ժողովուրդին պիտի ըլլայ. որովհետեւ այսօր՝ Դաւիթի քաղաքին մէջ՝ Փրկիչ մը ծնաւ ձեզի, որ Օծեալ Տէրն է»……Եվ իսկույն

 այն հրեշտակին հետ երկնային զօրքերու բազմութիւն մը եղաւ, որոնք Աստուած կը գովաբանէին եւ կþըսէին. «Փառք Աստծուն բարձրերում, երկրի վրա խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն»:
Բայց հիմա երկրի վրա չկա խաղաղություն, ու մարդկանց մեջ չկա հաճություն: Մարդիկ խոնարհվում են իրենց գլխավոր կուռքին` դոլարին: Չկա Աստծո երկրպագությունը: Նայելով մեր շուրջը` մենք տեսնում ենք բռնություն, սանձարձակություն, թմրամոլություն, սպանություններ եւ այլն: Աստված մոռացված է, աշխարհը ծառայում է մամոնային: Աստված մոռացված է, խափանում են Նրա օրենքները: Արդյո՞ք այդ մասին էին երգում հրեշտակները: Այսպիսի՞ ապագան էր նրանց դրդում երգել. «Փառք Աստծուն բարձրերում…»: Ո՛չ, իհա՛րկե ոչ: Մոտենում են լավագույն օրերը, իզուր չէին նրանք երգում. «…և երկրի վրա խաղաղություն…»: Բայց, ավաղ, դեռ լսվում են պատերազմական փողի և հրաձգության ահարկու ձայները: Մարդիկ մինչև հիմա չեն վերափոխել իրենց սրերը արորի և նիզակները` մանգաղի: Պատերազմը շարունակվում է երկրի տարբեր ծայրերում: Բայց հրեշտակները խաղաղություն էին խոստացել… Նրանց երգը մեծ մարգարեություն է, որում ասվում է հզոր Փառքի մասին: Հեռու չէ այն ժամանակը, երբ կգա Հիսուսը. այն ժամանակ Նա կուռքերին վայր կգցի իրենց պատվանդաններից, կջախջախի ամեն տեսակ մոլորության գլուխը և կդադարեցնի կռապաշտությունը: Նա կթագավորի մի բևեռից մինչեւ մյուսը, ոչ մի կաթիլ արյուն արդեն չի թափվի, ազգ ազգի վրա սուր չի բարձրացնի եւ չի փորձի պատերազմել սովորել: Մոտենում է այն ժամանակը, երբ առյուծը արջառի պես հարդ պիտի ուտի եւ պիտի պառկի իժերի բնի վրա խաղացող երեխայի կողքին: Այդ ժամն արդեն մոտ է. ահա, Նա գալիս է փողերով, փառքի ամպերով: Կգա Նա, Ում մենք սպասում ենք ուրախ հուզմունքով, Նա, Ով կդառնա փրկվածների փառքը և Իր թշնամիների սարսափը: Երբ հրեշտակները երգում էին, այդ երգը արձագանքում և փոխանցվում էր փառավոր ապագա:
Այժմ` մի քանի գործնական խորհուրդ.
images (3)Ցանկանում ենք, որ բոլոր նրանք, ովքեր այս տարի տոնելու են Ծնունդը, հետեն հրեշտակների օրինակին: Շատերի համար Ծնունդը տոնել` նշանակում է Փրկչի ծննդյան օրը նշել զվարճանալով ու կերուխումով: Որոշ կրոնասերներ երբեք չեն մոռանում Ծննդյան օրվա առավոտյան եկեղեցի գնալ: Նրանք, տուրք տալով իրենց հայրերի սովորույթներին` համարում են, որ Ծնունդը գրեթե այնքան սուրբ է, որքան կիրակին: Իսկ օրվա մնացած մասը նրանք անցկացնում են շատ տարօրինակ կերպով: Նրանք համարում են, որ Ծնունդը պատշաճ կերպով չեն նշել, եթե չեն կերել ու խմել ուշագնացության աստիճան: Եղբայրներ, մենք ոչ մի կրոնավոր մտքով չենք տոնում Ծնունդը, այն չենք համարում մնացած օրերից շատ տարբերվող` գիտենալով, որ Ծնունդը մեր կյանքում կարող է լինել ամեն օր, եթե միայն մենք ցանկանանք դա: Այնուամենայնիվ, մենք պետք է օրինակ ծառայենք ուրիշներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես պետք է տոնել այդ օրը: Հրեշտակները փառք տվեցին Աստծուն, մենք ևս նույնը պետք է անենք: Հրեշտակները երգում էին. «… և երկրի վրա խաղաղություն…»: Եկե՛ք մենք էլ լարենք մեր ուժերը, որպեսզի

մենք էլ Ծննդյանը ունենանք խաղաղություն: Ահա, օրինակ, դուք մեծահասակ եք, երկար ժամանակ չեք տեսել ձեր որդուն, քանի որ նա ձեզ նեղացրել է: Հանդիպե՛ք նրան Ծննդյան տոնին ու խաղաղություն բերեք ձեր ընտանիք: Կամ` դու, եղբա՛յր. երդվել ես, որ այլևս երբեք չե՞ս խոսի քո փեսայի հետ: Գտի՛ր նրան և ասա. «Թանկագի՛նս, թող արևը մայր չմտնի մեր բարկության վրա»: Գտի՛ր նրան և մեկնի՛ր ձեռքդ: Իսկ հիմա դո՛ւք, խանութ ունեցողներ, վերջերս դուք ձեր մրցակցի հասցեին տհաճ խոսքեր ասացիք:
Եթե քեզ չի հաջողվում հարթել գործն այսօր կամ վաղը, ապա արա դա անպայման Ծննդին: Հենց այսպես պետք է նշել Ծնունդը` երկրի վրա խաղաղություն և Աստծուն փառք: Եվ եթե քո խղճի վրա ինչ-որ բան է ծանրացել, մի բան, որը քեզ հանգիստ չի տալիս, որը քո հոգու խաղաղությունն է խանգարում, Ծննդյան օրը մնա՛ քո սենյակում և աղոթի՛ր, որ Աստված տա քեզ խաղաղություն, որ այդ խաղաղությունը քո մեջ լինի, ունենաս խաղաղություն մերձավորիդ հետ, Աստծո հետ:
Եվ մի՛ կարծիր, թե դու պատշաճ կերպով ես դիմավորել այդ օրը, եթե չես կարող ասել` մարդկանց հետ ես կլինեմ խաղաղության ու հաշտության մեջ, որից հետո հանգիստ կքնեմ: Եվ երբ Հիսուսը դառնա քո խաղաղությունը, հիշի՛ր ևս մեկ բանի մասին` մարդկանց մեջ հաճություն:

Մի՛ փորձիր տոնել Ծնունդը` առանց մարդկանց հանդեպ բարություն ցուցաբերելու: Տերե՛ր, դուք ծառաներ ունեք, մի՛ մոռացեք նրանց մասին: Եթե դուք հարուստ եք, մի՛ մոռացեք,որ ձեր կողքին ապրում են աղքատներ: Օգնե՛ք, հագցրե՛ք մերկին, կերակրե՛ք սովյալին և մխիթարե՛ք սգացողին: Հիշե՛ք մարդկանց մեջ հաճության մասին: Ձգտե՛ք նրանց հանդեպ բարություն ցուցաբերել այս յուրահատուկ օրերին: Թող որ ամեն մեկս գնա այստեղից` մյուս շաբաթը բացառություն անելու նպատակով ու չբարկանա ամենքի վրա, ինչպես դա արել է ամբողջ տարին: Եթե մենք անցած տարվա մեջ վրդովվել ենք շրջապատի նկատմամբ, ապա աշխատենք Ծննդյան օրը լինել քաղաքավարի ու հանդուրժող: Եվ եթե մենք այս տարին ապրել ենք Աստծո հետ թշնամությամբ, եկե՛ք աղոթենք Սուրբ Հոգուն, որ Նա մեզ խաղաղություն տա ինքներս մեզ հետ և այդ ժամանակ, եղբայր իմ, դա կլինի մեր կյանքի ամենաերջանիկ Ծննդյան տոնը:
Երիտասարդնե՛ր, դուք վերադառնում եք ձեր հայրերի ու մայրերի տուն: Հիշե՛ք, թե ինչի մասին ենք այսօր ձեզ քարոզել: Գնացեք ձեր ընկերների տուն ու պատմեք նրանց, թե ինչ է արել Աստված ձեր հոգու համար, ու այդժամ Ծննդյան օջախի շուրջը կհնչեն հիանալի պատմություններ:
Եթե ձեզնից յուրաքանչյուրը պատմի իր ծնողին, որ Աստված հանդիպել է ձեզ հետ աղոթքի տանը և դուք որոշել եք թողնել անառակ կյանքը` ձեր մոր Աստծուն սիրելու ու ձեր հոր Աստվածաշունչը կարդալու համար, ապա ի՜նչ հիանալի Ծնունդ կնշեք միասին: Ի՞նչ ասենք: Թող Աստված տա ձեզ խաղաղություն ինքներդ ձեզ հետ, թող ձեզ տա ձեր թշնամիների ու ընկերների հետ խաղաղություն անելու բարի ձգտում: Եվ թող Նա տա ձեզ հաճություն, որ դուք փառք տաք Բարձրյալ Աստծուն: Թող Ծննդյան օրերը լինեն ձեր կյանքում ամենաերջանիկը: Ամեն:

Չարլզ Սպերջեն

 

Դեկտեմբեր, 2009թ., N 6 ( 6 )