Քու հացդ ջուրերու երեսին վրայ ձգե…

Սիրելինե՛ր, մենք ապրում ենք վերջին ժամանակներում, և ոչ ոք չգիտե, թե վաղն ինչ կինի. մարդիկ անհանգիստ են գալիք անկանխատեսելի պատուհասների պատճառով։ Եսայի մարգարեն 24:19-20-ում ասում է. «Երկիր բոլորովին կը ճնշուի, երկիր բոլորովին կը սարսի․ երկիր գինովի պէս անդադար պիտի երերայ․ ու հիւղի պէս պիտի շարժի. եւ անոր մեղքը պիտի ծանրանայ անոր վրայ․ ու անիկա պիտի իյնայ ու մէյմն ալ պիտի չելլէ»: Այսինքն՝ մեղքն այնքան պիտի շատանա երկրի վրա, որ երկիրը գինովցած մարդու նման պիտի երերա։ Մենք չգիտենք, թե մի ժամ կամ մի օր հետո ինչ կլինի: Ո՞վ կարող էր գուշակել կամ կանխատեսել Հայաստանում 1988թ. ավերիչ երկրաշարժը, ո՞վ կարող էր գուշակել Ճապոնիայում տեղի ունեցած կործանարար ցունամին: Գրեթե ամեն օր լսում ենք տարբեր բնական աղետների մասին, և չկա մեկն այս երկրի վրա, որ կարողանա կանխագուշակել դրանք: Այսօր մարդիկ տարբեր բաներ են անում, գետնափոր ապաստարաններ են կառուցում, որ պեսզի այդ գալիք պատուհաս ներից պաշտպանվեն: Տարիներ առաջ մի հաղորդում պատմում էր այն մասին, որ Նորվեգիայում սարերի մեջ հատուկ պահեստներ են կառուցել, որտեղ պահվում են բոլոր տեսակի սերմերը, որպեսզի երկրին պատահած տարբեր արհավիրքներից հետո կարողանան նորից սերմեր ցանել, վար ու ցանք անել։ Ո՜վ խղճուկ մարդ, դո՛ւ, որ արբանյակներ ես ուղարկում տիեզերքի տարբեր հեռավոր անկյուններ, ինչո՞ւ չես կարողանում մի փոքր սերմ ստեղծել, որ կյանք ունենա իր մեջ, ծլի ու բազմանա: Սիրելինե՛ր, այսօր մարդիկ վախենում են գալիք պատուհասներից ու դրանցից փրկվելու զանազան միջոցներ են փնտրում: Ես չեմ կարող ասել, թե երկրաշարժերի կամ ցունամիների ժամանակ զոհված մարդկանցից ով որքան գումար էր կուտակել, սակայն մի բան խիստ պարզ է, որ այդ կուտակած հարստությունները մի ակնթարթում կորան, և նրանցից ոչ մեկը չփրկեց այդ աղետներից: Այդ ամենի կորուստը դեռ ոչինչ, կարևոր է, որ մարդու հոգին չկորչի: Վերը նշված բոլոր միջոցները չեն կարող ապահովել ու պաշտպանել մարդկանց։ Ապաստարաններ շինելը չարիքից պաշտպանվելու համար մարդկային մտքի թելադրանք են ու իզորու չեն պաշտպանելու մարդուն։ Սիրելինե՛ր, պատուհասներից պաշտպանվելու համար Աստծու Խոսքն այլ բան է մեզ ասում. «Քու հացդ ջուրերու երեսին վրայ ձգէ, վասն զի շատ օրերէն ետքը զանիկա պիտի գտնես: Եօթնին և ութին ալ բաժին տուր, վասն զի չես գիտեր թէ երկրի վրայ ի՛նչ պատուհաս պիտի ըլլայ» (Ժողովող 11:12): Գալիք արհավիրքներից փրկվելու համար Ժողովողը չի առաջարկում ապաստարաններ փորել կամ շատ հարստություն դիզել, նա առաջարկում է, որ քո ունեցած հացը ջրերի երեսին ձգես, այսինքն՝ առատորեն տաս: Բ Կորնթացիս 9:6-7 խոսքերում կարդում ենք. «Բայց ասիկա կը ծանուցանիմ թէ ան որ խնայելով կը սերմանէ`խնայելով պիտի հնձէ, ու ան որ առատութիւնով կը սերմանէ` առատութիւնով պիտի հնձէ: Ամէն մէկը ինչպէս իր սրտովը կը յօժարի` թող այնպէս տայ, ոչ թէ տրտմությամբ կամ ստիպմամբ. վասն զի Աստուած յօժարակամ տուողը կը սիրէ»: Մենք տեսնում ենք, որ Աստված մեզ հորդորում է սերմանելիս խնայելու մասին չմտածել, որովհետև եթե խնայելով սերմանենք` խնայելով էլ պիտի հնձենք: Առատորեն, հոժարակամ սերմանելու օրինակ տվեց հենց Ինքն՝ Աստված: Նա ուներ մի Որդի` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սակայն առանց վարանելու Նա զոհեց Իր Որդուն մարդկության փրկության համար, և հիմա Նա ունի բազում զավակներ` հանձին Տիրոջ սուրբ եկեղեցու. «Սակայն գիտենք, որ ամէն բաները բարիի գործակից կ’ըլլան անոնց որ զԱս տուած կը սիրեն, որոնք անոր նախասահմանութիւնովը կանչուած են: Վասն զի զանոնք որ առաջ կը ճանչնար, առաջուընէ ալ սահմանեց իր Որդւոյն պատկերին կերպարանակից ըլլալու. որպէս զի անիկա անդրանիկ ըլլայ շատ եղբայրներու մէջ» (Հռով. 8:28-29): Եթե Աստված տվեց Իր Միածնին, ապա կարո՞ղ է լինել մեկ այլ բան, որ Նա խնայի մեզ համար. «Ան որ իր Որդւոյն չխնայեց, հապա մեր ամէնուն համար մատնեց զանիկա, ալ ի՞նչպէս անոր հետ ամէն բաները մեզի չպարգևեր» (Հռով. 8:32): Ժողովողի գրքում ասված խոսքը մեզ համար հաստատություն է, որ եթե դու բաժին տաս աղքատներին ու կարիքավորներին առանց խնայելու, ապա Աստված քեզ այնքան առատորեն կտա, որ դու յոթին էլ բաժին կտաս, ութին էլ, ու քու ունեցածից չի պակասի: Այս մասին Առակաց 19:17 խոսքն ասում է․«Աղքատին ողորմութիւն անողը Տէրոջը փոխ կուտայ, ու Անիկա անոր հատուցում պիտի ընէ»: Գալիք արհավիրքներից փրկության միջոցը մեր հավատքն է` հավատքն Աստծու Խոսքի նկատմամբ: 50սաղմոսի 14-15 խոսքերում կարդում ենք. «Շնորհակալութիւն զոհէ Աստուծոյ, ու քու ուխտերդ կատարէ Բարձրելոյն. ու նեղութեան օրը ինծի կանչէ. Ես քեզ պիտի ազատեմ, ու դուն զիս պիտի փառաւորես»: Բոլորիս համար էլ կարող են լինել նեղության ու դժվարության օրեր, բայց Աստծու Խոսքն ասում է՝ Աստծուն շնորհակալություն զոհիր, նույնիսկ եթե փորձությունների ու դժվարությունների մեջ ես, ու մի՛ տրտնջա: Երբ դու այդ պարագայում դիմես Նրան, Նա քեզ կազատի, ու դու Նրան պիտի փառավորես: Տեսե՛ք, Տերը չխնայեց ու տվեց Իր Միածին Որդուն, ինչը մեզ համար օրինակ է, որ չխնայենք ու տանք թե՛ յոթին, թե՛ ութին, որովհետև չգիտենք, թե «․․․օրը ինչ պիտի ծնանի․․․», ու ինչ պետք է լինի Աստծու բարկության օրը: Հայտնության գրքի 6:12-17 խոսքերում կարդում ենք. «Եւ տեսայ, երբ վեցերորդ կնիքը բացաւ, ու մէծ շարժ մը եղաւ, ու արևը սևցաւ մազեղեն քուրձի մը պէս, և լուսինը [բոլորովին] արիւնի պէս եղաւ.․․ ու բոլոր լեռները և կղզիները իրենց տեղերէն շարժեցան: Ու երկրի թագաւորները և մեծամեծները ու հարուստները, հազարապետները և զօրաւորները, ու բոլոր ծառաները այրերուն լեռներու ապառաժներուն մէջ պահուըտեցան. և լեռներուն ու ապառաժներուն կ’ըսէին, Մեր վրայ ինկէք ու մեզ ծածկեցէք անոր երեսէն` որ աթոռին վրայ կը նստի, ու Գառնուկին բարկութենէն: Վասն զի անոր բարկութեանը մեծ օրը եկաւ, և ո՞վ կրնայ դիմանալ»: Այստեղ հարց է տալիս, թե ո՞վ կարող է դիմանալ… Նա՛, ով իր հացը ջրերի վրա է ձգել, ով չի խնայել ու Աստծու սիրո համար առատորեն տվել է յոթին էլ, ութին էլ: Ո՞վ կարող է դիմանալ… Ոչ թե գետնի տակ ապաստարան ունեցողը, այլ նա, ում ապաստարանը Տերն է։ Առակաց 18:10-ն ասում է. «Տէրոջը անունը ամուր աշտարակ է, արդարը անոր կը դիմէ, ու ապահով ապաստարան կ’ունենայ»: Ուրեմն, գալիք օրհասից փրկվելու համար առատությամբ ցանենք, մարմնի պետք եղած բաները տանք կարիքավորին ու սերմանենք հոգևոր սերմերը. առատությամբ ցանենք, ու առատությամբ էլ պիտի հնձենք: Սա մի դաս է, որ մենք պետք է լավ սովորենք ու իմանանք, որ մեր կյանքի բոլոր օրերում պետք է գոհանանք մեր Աստծուց և հավատքով ապրենք, որպեսզի հասնենք այն բաղձալի նպատակին, որն Աստված մեզ համար նախատեսել է:

Հրահատ Ամիրբեկյան

Հունվար 2020թ N 1 (118)