Թանկարժեք ջութակը

Հանրաճանաչ ջութակահար Ֆրեդերիկ Ֆասեն մի քանի հրաշալի ջութակ ուներ: Դրանցից մեկը, հիրավի,
թանկարժեք էր, որովհետև շատ տարիներ առաջ այն պատրաստել էր անվանի վարպետ Գվարներին: Կյանքի մայրամուտին, էլ ավելի զգալով ծերության անկարողությունը, Ֆրեդերիկ Ֆասեն հայտարարեց պատանի ջութակահարների մրցույթ և խոստացավ ջութակը նվիրել այդ մրցույթի հաղթողին: Մրցույթում հաղթելու մասին երազում էին երկրի բոլոր պատանի ջութակահարները: Անդրեասը նույնպես համառորեն պատրաստվում էր մրցույթին: Նա ջութակ նվագել սովորել էր 5 տարեկանից, իսկ 12 տարեկանում արդեն իր աղքատ ընտանիքին կերակրելու համար քաղաքային զբոսայգու մոտ համերգներ էր տալիս և ուներ իր ունկնդիրները: Այժմ Անդրեասը ստիպված էր ժամանակավորապես հրաժարվել համերգներից, թեև ընտանիքը շատ կարիքավոր էր:
– Ոչի՛նչ, կդիմանանք,- ասում էր կահույքի գործարանում հաշմանդամ դարձած հայրը:
– Կարտոֆիլից կարելի է պատրաստել շատ համեղ ուտեստներ,- ասում էր մայրը: Նույնիսկ չարաճճի երկվորյակ եղբայրները լուռ էին մնում, երբ Անդրեասը պարապում էր Պագանինիի ջութակի պիեսը, որպեսզի այդ պիեսով զարմացնի ժամանակի հանրաճանաչ ջութակահարին: Անդրեասն ուրախ էր, որ մրցույթին մասնակցելու համար իրեն ճանապարհածախս հարկավոր չէ, որովհետև Ֆրեդերիկ Ֆասեն ապրում էր իրենց քաղաքում: Անդրեասը կենտրոնացած պատրաստվում էր մրցույթին, ջանում էր հնարավորինս շուտ կատարել տնային աշխատանքները, ժամանակ առ ժամանակ դպրոցում խնդրում էր, որ իրեն դասերից շուտ թողնեն, բայց երբեք բաց չէր թողնում կիրակնօրյա դպրոցի պարապմունքները:
– Բոլորդ վկայեք Աստծո մասին,- սովորեցնում էր նրանց կիրակնօրյա դպրոցի երիտասարդ ուսուցիչը, հրեշտակները երկնքում ուրախանում են, երբ երկրի վրա դարձի է գալիս թեկուզ մեկ մեղավոր: Երբ ձեր մանկական վկայության շնորհիվ որևէ մեկը դարձի գա, դուք աննկարագրելի ուրախություն կզգաք, և Աստված այդ մարդուն նույնպես կփրկի հավիտենական կյանքի համար: Անդրեասը համարում էր, որ ինքը դեռ չի կարողանում Բարի լուրն ավետել, բայց որոշեց, որ մրցույթից հետո անպայման կփորձի, որովհետև Հիսուսին որպես Տեր ընդունած մարդը պարտավոր է մարդկանց օգնել փրկության հարցում: Եվ ահա, եկավ մրցույթի օրը: Անդրեասի հայրն ու մայրը եկեղեցուն խնդրեցին աղոթել, որ Աստված օգնի
Անդրեասին: Գնալուց առաջ Անդրեասը ևս մեկ անգամ աղոթեց ծնողների հետ:
– Շատ ափսոս, որ պարոն Ֆրեդերիկը հավատացյալ չէ,- ասաց հայրը: Մրցույթի բոլոր մասնակիցները շատ լավ էին նվագում: Հանձնաժողովի նախագահ մաեստրո Ֆասեն գոհ ժպտում էր:

«Ի՜նչ լավ կլիներ,- մտածում էր Անդրեասը,- որ արվեստին նվիրված այդ մեծ ջութակահարը սիրեր Աստծուն իմ վկայությամբ: Հնարավոր չէ, որ այդ բարի մարդը չհասկանա, որ Աստված ուզում է փրկել նաև իրեն: Բայց նա երբևէ կհամաձայնի՞ ինձ լսել»: 

Երբ եկավ Անդրեասի ելույթի հերթը, նա ժպտաց մեծ մաեստրոյին, ջութակը կզակով սեղմեց ուսին, թեթևակի հպվեց լարերին, որպեսզի մատների դողն անցնի, բայց, չգիտես ինչու, Պագանինիի պիեսի փոխարեն հուզիչ անկեղծությամբ նվագեց քրիստոնեական երգի պարզունակ մի մեղեդի: Հանձնաժողովի անդամները զարմացած իրար նայեցին: Ինչ-որ մեկը գործընկերներին շշնջաց.
– Եվ այս միամիտ տղան այս դյուրին պիեսը նվագելուց հետո ուզում է անցնել հաջորդ փո՞ւլ:
– Խնդրում եմ հանձնաժողովին` հաշվի առնել իմ հատուկ կարծիքը,- մտածկոտ արտաբերեց Ֆրդերիկ Ֆասեն,- և արդեն իր ուրույն երաժշտական ձեռագիրն ունեցող այս տաղանդավոր տղային թույլ տալ, որ անցնի հաջորդ փուլ: Ընդմիջմանը մեծ մաեստրոն ինքը մոտեցավ Անդրեասին.
– Երիտասա՛րդ, ինչու՞ դուք չնվագեցիք այն, ինչ պատրաստել էիք: Անդրեասն իրեն կորցրեց և, կարմրելով, անկեղծ խոստովանեց.
– Ես ուզում էի Ձեզ վկայել Հիսուս Քրիստոսի մասին:
– Նույնիսկ մրցույթին չհաղթելու և թանկարժեք ջութակից զրկվելու գնո՞վ:
– Ես ուզում եմ, որ դուք ստանաք փրկություն և հավիտենական կյանք,- արցունքն աչքերին ասաց պատանին:
– Իմ մայրն այդ մասին ասում էր մահանալիս,- մեծ մաեստրոյի աչքերում նույնպես արցունքներ երևացին, նա հաճախ էր ինձ համար երգում իր սիրած երգը, այն, որը դու նվագեցիր:
– Աստված իմ աղեղի միջոցով կրկին դիմեց Ձեզ,- մտքում եղածը բարձրաձայն արտահայտեց Անդրեասը և իր գրպանի փոքրիկ Ավետարանը մեկնեց Ֆրեդերիկ Ֆասեին:
– Ես պահել եմ մորս Աստվածաշունչը, թեև ոչ մի անգամ չեմ բարեհաճել այն կարդալ,- ներում հայցող տոնով արտասանեց մաեստրոն: – Բայց նվերի համար անչափ շնորհակալ եմ: Հարմար կլինի, որ այն միշտ պահեմ ինձ մոտ: 

Երբ Անդրեասը նվագեց Պագանինիի պիեսը, բոլոր ներկաները մի քանի վայրկյան լուռ էին, ապա ծափահարությունների մեծ ալիք բարձրացրին:
– Ինչպե՞ս Դուք գուշակեցիք, որ այդ տղան տաղանդավոր է,- հարցնում էին պարոն Ֆրեդերիկին հանձնաժողովի անդամները: 

Փակ քննարկման ժամանակ հաղթանակը միաձայն տրվեց Անդրեասին: Նրան հանձնելով ճանաչված վարպետ Գվարներիի ջութակը` Ֆրեդերիկ Ֆասեն ցածրաձայն հարցրեց երջանկությունից փայլող պատանուն.
– Դուք ինձ ցույց կտա՞ք Ձեր աղոթքատան ճանապարհը: Ես ուզում եմ դարձի գալ և նոր կյանք սկսել: Լավ
է ուշ, քան` երբեք:

Հուլիս, 2009թ., N 3 ( 3 )