Թե ինչպես հանցագործ աշխարհի «դիրեկտորը» դարձավ հոգևոր ծառայող

Ընտանիքում մենք ութ երեխա էինք: Ես ամենափոքրն էի: Ապրում էինք Ժիտոմիրչինայում: Ես երազում էի ճոխ կյանքի մասին` ծխել, լավ հագնվել… Աշխատելը համարում էի անիմաստ` առավոտյան վաղ արթնանալ, գնալ աշխատանքի և ստանալ աշխատավարձ, որը, որպես կանոն, երբեք չի բավականացնում… Սատանան իմ քայլերն ուղղեց հանցագործ ճանապարհի վրա… Առաջին խանութը թալանեցի` կոտրելով պատուհանը: Ոստիկանությունն ինձ չբռնեց: Ես առիթից օգտվեցի ու թալանեցի տասնյակ այդպիսի խանութներ: Վերջապես մի օր ինձ բռնեցին ու բանտարկեցին: Հանցագործ կյանքից ետ կանգնելու փոխարեն ես բանտում վերապատրաստվեցի ավելի փորձված գողերի կողմից: Երբ ինձ ազատ արձակեցին (այդ ժամանակ տասնինը տարեկան էի), արդեն իմ գործի լավ վարպետ էի: 1977թ. գիշերը ես փոստատան չհրկիզվող պահարանից գողացա հազար տասներկու ռուբլի: Ինձ բռնեցին և ինը տարով դատապարտեցին ազատազրկման: Հինգուկես տարի ես նստեցի բանտախցում` որպես վտանգավոր սոցիալական հանցագործ: Ես մասնագիտությամբ արդեն գողական գեներալ էի: Իմ մականունը «դիրեկտոր» էր: Ինձ ճանաչում էր ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի և Բելառուսիայի հանցագործ աշխարհը: Ղազախստանում էլ ճանաչեցին, երբ աքսորվեցի այնտեղ: Վերադառնալով Ուկրաինա` նորից սկսեցի իմ «սև գործը»: Ինձ նորից ձերբակալեցին ու դատապարտեցին յոթ տարվա ազատազրկման: Ճամբարներն ինձ համար արդեն հետաքրքիր էին դարձել: Հոգնելով ամեն ինչից` հանգիստ կյանքի էի ձգտում: Մի անգամ այսպիսի խոսակցություն լսեցի.
– Սուրբերն են եկել, գնանք` լսենք:
– Ի՞նչ սուրբեր, – հարցրեցի ես:
– Ամիսը մեկ անգամ հավատացյալները գալիս են, Աստծուց են պատմում:
– Հա՜, դրանք այն թերզարգացածնե՞րն են, – կատակեցի ես ու մտածեցի, որ եթե նրանց թողել են մեզ մոտ
գալ, ուրեմն դա պատահական չէ: Այնտեղ ես առաջին անգամ լսեցի Իվան Շուբին և Անատոլի Յանցենին: Սկսեցի ավելի շատ մտածել կյանքի մասին, առավել ևս` իմ կյանքի մասին և ափսոսացի անիմաստ ապրած տարիների համար: Ես ուզում էի հանգիստ կյանք ապրել: Այդ քարոզների միջոցով ես տեսա Հիսուսի ցույց տված ճանապարհը` դեպի ճշմարիտ ազատություն: Սկզբում ընկերներս որոշեցին կատակել հավատացյալների հետ և աղոթել օտար լեզուներով: Սովորեցինք գերմաներեն մի քանի բառեր, որպեսզի ասենք, թե մենք էլ ենք Սուրբ Հոգով մկրտված: Բայց չստացվեց: Նրանց աղոթքի ժամանակ մի ինչ-որ անտեսանելի ուժ չէր թողնում, որ նույնիսկ բերաններս բացեինք: Նայում էինք իրար ու մտածում. «Սա ի՞նչ ուժ է»: Պատասխանն սկսեցինք փնտրել Աստվածաշնչում: Աստված ինձ տարավ զղջման, Նա կպավ իմ սրտին, ու ես բարձրաձայն աղոթեցի բոլորի ներկայությամբ: Երեկոյան շտապեցի հավաքույթի: Ներս մտա դարձի եկած պահակների հետ միասին` հավասար, եղբայրների նման: Անսովոր էր: Հավաքույթին շատ տարբեր մարդիկ էին մասնակցում` գաղութի պետի օրապահը, օպեր մասի օրապահը…. Գալիս ես հավաքույթի ու նրանք սկսում են քեզ հետ հավասարի պես շփվել… Մինչ այդ ես նրանց իրենց տեղն էի ցույց տալիս: Հանցագործ հեղինակություններն էլ իրենց հերթին ինձ ասում էին. «Դու այնտեղ սրբի նման ես, ձևացրու այնպես, որ դա մեզ չկպչի, թե չէ դու դրանց հետ շփվում ես, հետո գալիս ես մեզ մոտ»: Աստված ինձ համար փորձություն ուղարկեց: Պոլտավա բերեցին այնպիսի մարդկանց, որոնց ճնշում էին, որպեսզի իմ մասին տեղեկություններ հաղորդեին իրենց: Ինձ Պոլտավայում դատեցին: Այդ ժամանակ իմ ազատազրկման հինգ տարվա ժամկետից անցել էր երկուսը: Այդտեղ ժամկետին ավելացրեցին ևս տասը տարի: «Աստվա՛ծ իմ,- աղոթեցի ես,- ևս տասը տարի չեմ դիմանա: Դու գիտես, որ ես գտել եմ ճշմարիտ ուղին և ուզում եմ ծառայել Քեզ: Երկնային Հա՛յր, օգնի՛ր ինձ, Քո Որդու անունից եմ խնդրում»: Բողոքարկեցի և մեկ ամիս անց պատասխան ստացա, որ բողոքարկման օրվանից սկսած պետք է բանտում նստեմ ոչ թե տասը, այլ հինգ տարի: Ես բոլորի ներկայությամբ գոհացա Աստծուց Նրա ողորմության համար: Ինձ վերադարձրեցին «իմ ճամբարը»` 27- րդ Կալինովյան ուղղիչ գաղութ: Ճամբարում ստեղծված եկեղեցին դարձել էր, այսպես ասած, փրկության տապան. ինչ-որ մեկը դարակից հացի կտոր կամ թեյ էր գողացել, նրա ետևից ընկած` ուզում էին սպանել, փախչում էր եկեղեցի: Կամ` ինչ-որ մեկը փող էր պարտվել ու չէր կարող վերադարձնել, նայում ես` դանակներով զինված տասը-տասնհինգ հոգի եկել են ետևից: Այս բոլոր հարցերը լուծում էր եկեղեցին: 1997թ. ազատվեցի բանտից և երկու ամիս անց ամուսնացա: Մինչ օրս ծառայում եմ Աստծուն և բանտի եկեղեցու ծառայողն եմ: Այդ բանտում կա Աստծուն ընդունած մոտ հարյուր անդամ:

Վիկտոր Կորոբկին

Սեպտեմբեր, 2009թ., N 4(4)