Տիրոջ անհուն սերն ու ողորմությունը

Անունս Էդգար Ռստակյան է, ծնունդով Ախալքալակից եմ: 1995թ-ից ապրում եմ Մոսկվայում, ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա: Առաջին անգամ Աստծո Խոսք լսել եմ Ախալքալակում, 1994թ.: Ապրել եմ անբարո կյանքով, գումար եմ վատնել ռեստորաններում` կերուխումների ու կանանց վրա, մի խոսքով թաղված եմ եղել մեղքի ճահճում: Բայց միշտ ասել եմ, որ հավատում եմ Աստծուն: 2006թ. ընտանիքով գնացել էինք Սոչի` հանգստանալու: Կինս մեր երկրորդ երեխային էր սպասում: Տուն վերադառնալիս ես ինձ շատ վատ զգացի. գլուխս ուժեղ ցավում էր, ախորժակ չունեի: Մտածեցի, որ կանցնի, բայց վիճակս գնալով ավելի էր ծանրանում: Մաշկս ամբողջովին ծածկվել էր կարմիր բծերով, և ես ինձ շատ թույլ էի զգում: 2007թ. դիմեցինք տարբեր բժիշկների, բայց ոչ մեկը կոնկրետ ախտորոշում չտվեց: Ես այս հարցում մեղադրում էի Աստծուն: Բայց մի ներքին ձայն ինձ ասում էր, որ գտնեմ հավատացյալներին, որովհետև այլևս ոչ մի հույս չունեի: 2008թ. արյունս հետազոտեցին, բժիշկն ասաց, որ ես հիվանդ եմ ՁԻԱՀ-ով (սպիդ): Հենց հիվանդանոցից դուրս գալիս ընկերներս զանգահարեցին և ասացին, որ հավատացյալների են գտել: Ինձ տարան Ռուսաստանի` ՁԻԱՀ-ի բուժման ամենալավ մասնագիտացված հիվանդանոցը, որտեղ տարբեր հետազոտություններ անցա: Ես չէի կարողանում ուտել, մաշկիս տակից արյուն էր գալիս, օրգաններս կարծես հերթով հրաժարվում էին գործելուց, աչքերս լավ չէին տեսնում, լնդերս արնահոսում էին, ոտքերս ցավում էին: Վերջին ախտորոշման պատասխանը վախեցրեց մեզ` արյանս մեջ վիրուսի քանակը կազմում էր 1.740.000 և բժիշկը չգիտեր, թե դեղամիջոցի ինչ չափաբաժին նշանակի: Ես հյուծվել էի և 20 կգ նիհարել: Սկսեցի հաճախել եկեղեցի: Եկեղեցու հովիվ Վահրամ եղբորը պատմեցի հիվանդությանս մասին. եղբայրներն ինձ համար աղոթք արեցին: Հետո վախենում էի կնոջս համար ու նրան նույնպես խնդրեցի հետազոտվել: Ես աղաչում էի Աստծուն, որ կինս հիվանդ չլիներ: Սկսեցի գիտակցել, որ այս ամենի պատճառը ոչ թե Աստված է, այլ իմ մեղքը: Երբ ինձ մոտ մեղքի զգացումն ուժեղացավ, սկսվեցին հրաշքները: Կնոջս բոլոր անալիզների պատասխանները մաքուր էին: Ես անընդհատ Աստվածաշունչ էի կարդում և եկեղեցի հաճախում: Ավտոմեքենա չէի կարողանում վարել, ինձ հավաքույթի էր տանում կինս, նա էր վարում մեքենան: Հավաքույթներից մեկի ժամանակ քարոզվեց, որ Աստվածաշունչը ոչ միայն հոգևոր, այլև մարմնավոր առողջություն է տալիս: Որոշեցի փորձել և կարդացի Հովհաննեսի ավետարանը: Երեք ամիս հետո կարողանում էի մեքենա վարել: Մի օր հավաքույթի գնացի ռուսական եկեղեցի: Հավաքույթը վարող եղբայրն ասաց, որ Աստծո առջև իրենց մեղավոր զգացող մարդիկ բեմ բարձրանան: Ես, հաղթահարելով ամոթը, բարձրացա բեմ: Ծնկի եկա, սկսեցի բարձրաձայն հեկեկալ ու գոռացի. «Տե՛ր, ների՜ր մեղավորիս». անմիջապես թեթևություն զգացի և հենց այդ աղոթքի ժամանակ մկրտվեցի Սուրբ Հոգով: Այդ ժամանակ նաև տեսիլք տեսա: Ես ընկած էի անդունդի մեջ, հանկարծ մի մեծ լույս երևաց, այդ լույսից դուրս եկավ մի ձեռք և, ինձ անդունդից հանելով, կանգնեցրեց սարի վրա ու սկսեց շոյել գլուխս…Ես նորից գնացի հետազոտվելու: Վիրուսների քանակն արյանս մեջ նվազել էր, հասել 5000-ի, մեկ ամիս անց հասավ 2000-ի, իսկ 2009թ. հունվարին դրանց քանակը հավասար էր 0-ի: Բժիշկը նայում էր այդ թվերին ու չէր հասկանում, թե ինչպես 1.740.000-ը դարձավ 0: Դա ամենակարող Հիսուս Քրիստոսի արած հրաշքն էր, որ ինձ` մեռածիս, հարություն տվեց: Հիմա մենք ընտանիքով ծառայում ենք Աստծուն: Ծնողներս նույնպես սկսել են Աստվածաշունչ կարդալ: Այս ամենի համար փառք ամենակարող Աստծուն:

Էդգար Ռստակյան ք. Մոսկվա
Դեկտեմբեր, 2009թ., N 6(6)